ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ

Ժամանակագրություն

ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ

Հունիս 1
Վարդան Օսկանյանը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունից ծանուցում է ստանում առ այն, որ հրավիրվում է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Վարդան Օսկանյանին եւ Սիվիլիթաս հիմնադրամին: Ստացված ծանուցագրից պարզ է դառնում, որ քրեական գործը հարուցվել է 25.05.2012թ.:

Հունիսի 3
Վարդան Օսկանյանը հրավիրում է փաստաբան Տիգրան Աթանեսյանին խորհրդատվության համար:

Հունիսի 4
Վարդան Օսկանյանը 18:30-ին ներկայանում է ԱԱԾ ցուցմունք տալու նպատակով: Հարցաքննությունը տեւում է երեք ժամ:

Հունիսի 11
Իրեն առընչվող քրեական գործի շրջանակներում Վարդան Օսկանյանը պաշտոնական հաղորդագրություն է տարածում եւ գրառում կատարում Facebook -ի իր էջում:

«Նոր մամուլի համար հայտարարություն եմ արել, որը ներքեւում կարող եք կարդալ: Իհարկե սա իմ քաղաքական պայքարի պատկերացրած ձեւը չէ, սակայն սրան էլ եմ պատրաստ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:

Հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

Սիվիլիթասի գործունեության առաջին օրերից՝ 2008-ից սկսած՝ հիմնադրամին ֆինանսավորել և նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների և Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ինչպես նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ և անհատներ:

Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները:

Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:

Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»:

Հայտարարության հրապարակումից հետո ԶԼՄ-ներում եւ հասարակական-քաղաքական շրջանակներում այս թեման դառնում է ամենաքննարկվողը: Բացի իշխանության վերահսկողության տակ գործող հեռուստաընկերություններից, մամուլում եւ ինտերնետային լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Վարդան Օսկանյանի հայտարարությունը:

Նույն օրը հարուցված քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ում հարցաքննվում է նաեւ «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ռոյ Հարրիսոնը:  

Հունիս 12
ԱԱԾ-ն, հարուցված քրեական գործի շրջանակներում, հաղորդագրություն է տարածում, որտեղ բացահայտում է քրեական գործի որոշ մանրամասներ: Հայտարարությունը ներկայացվում է ստորև:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել:
Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:

Նույն օրը facebook-ի իր էջում պատասխան հայտարարությամբ հանդես է գալիս Վարդան Օսկանյանը, որտեղ կրկին պնդում է, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր է:

«Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ:

Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է և ուզում եմ ասել հետևյալը՝ «փողերի լվացում – Օսկանյան -Հանթսման» բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել:

Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար»:

Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի»:

Հունիսի 12
Սիվիլիթաս հիմնադրամի գլխավոր տնօրեն Սալբի Հարութինյան Ղազարյանը ԱԱԾ-ից ծանուցագիր է ստանում հարցաքննության կանչվելու մասին:

Հունիս 13
Վարդան Օսկանյանը կրկին հրավիրվում է ԱԱԾ ցուցմունք տալու, սակայն ԱԱԾ-ում հայտարարում է, որ հրաժարվում է այլեւս ցուցմունք տալուց, քանզի ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը թույլ է տալիս ենթադրել, որ ինքը ոչ թե վկա է այլ՝ կասկածյալ: Խնդրի հետ կապված Վարդան Օսկանյանը հաղորդագրություն է թողնում facebook-ի իր էջում եւ պարզաբանումներ տալիս լրատվամիջոցներին:

Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ:

Նույն օրը՝ ի պաշտպանություն Սիվիլիթաս հիմնադրամի  եւ նրա աշխատակազմի, հայտարարությամբ հանդես է գալիս Գյումրի ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակազմը եւ կատարվածը գնահատում հստակ քաղաքական պատվեր: Հատականշական է, որ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը եւս քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումների է ենթարկվել:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմն իր մտահոգությունն է հայտնում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների կապակցությամբ: «Սիվիլիթաս» հիմնադրամն այն կազմակերպություններից է, որի գործունեությունը միտված է ՀՀ-ում բաց հասարակություն եւ հանրային բարձր գիտակցություն ձեւավորելուն: Հաշվի առնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նախադեպն ու փորձը, մենք համոզված ենք, որ քրեական գործն ուղղորդված քաղաքական պատվեր է: Մենք կարծում ենք, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների դեմ պայքարն անօգուտ, անարդյունավետ զբաղմունք է, իսկ այդ պայքարում իրավապահ մարմիններին որպես գործիք օգտագործելու մեթոդն ուղղակի վայել չէ մեր պետությանը:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը լավ ծանոթ են «հարկային ստուգումներ», «ապրանքագիտական փորձաքննություն», «հարցաքննություններ» և «այլ քննչական գործողություններ» տերմինները, եւ մենք համոզված ենք, որ ժամկետանց այս մեթոդներով ազատ,ազնիվ եւ անկաշկանդ գործունեություն ծավալող որեւէ կազմակերպության «պատին սեղմելու» ցանկացած օպերացիա դատապարտված է ձախողման: Մենք զորակցություն ենք հայտնում «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակազմին, այդ կազմակերպության յուրաքանչյուր անդամին եւ հորդորում ենք չվհատվել ու չընկրկել, քանի որ սա ոչ թե մեկի կամ մի կառույցի, այլ քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր մասնիկի, անհատի եւ խմբի պայքարն է, բոլոր այն գիտակից մարդկանց, ովքեր պայքարում են քաղաքական կեղտոտ խարդավանքներով հասարակության վրա ազդեցություն գործելու փորձերի դեմ եւ անհատական ազատությունների ձեռքբերման համար: Սա համընդհանուր շահի համար մղվող պայքար է, որի արդյունքում մեկընդմիշտ պետք է վերացվի ուժայինների միջոցով քաղաքական հաշվեհարդար տեսնելու արատավոր պրակտիկան:

Մենք հորդորում ենք նաեւ այս գործով զբաղվող եւ միաժամանակ մեր ազգի անվտանգությունն ապահովող կառույցի բոլոր ազնիվ աշխատակիցներին` հրաժարվել քաղաքական պատվեր կատարելու տհաճ, անշնորհակալ պարտականությունից: Անկախության 20 տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության ձևավորումը մեր ամենամեծ ձեռքբերումներից է, եւ մենք պատրաստ ենք հավասարապես պայքարել եւ կանգնել այդ հասարակության յուրաքանչյուր անդամի կողքին` նրա դեմ ոտնձգությունները բացառելու համար:

Հունիսի 13-ին Facebook սոցիալական ցանցում նախաձեռնվում է  iSupport ակցիան, որը կոչ է անում քաղաքացիներին աջակցել և զորակցել անկախ լրատվամիջոցին և ազատ խոսքին` ի դեմս  Սիվիլիթասի: photo

Նույն օրը Սիվիլիթաս հիմանդրամի աշխատակազմը սոցիալական ցանցում տեղադրում է  լուսանկար, որով հեգնում է ԱԱԾ-ի գործողությունները: photo

Հունիս 14
Սիվիլիթաս հիմնադրամի հանդեպ հարուցված քրեական գործի հետ կապված հայտարարությամբ է հանդես գալիս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Ստորև ներկայացնում ենք դեսպանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:  Այնուհետև, Սիվիլիթաս հիմնադրամ են այցելում Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Եվրոպական Միության երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի եւ Ռումինիայի դեսպանները:

Նույն օրը Սիվիլիթաս է այցելում նաեւ Եվրոպական Միության դեսպանը:  Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը դեսպաններին ներկայացնում է հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական արշավի մանրամասները: Դեսպաններին ներկայացվել են հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրները եւ ծախսերը, ինչպես նաեւ գործունեության հիմնական ուղղությունները:

ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս Սիվիլիթաս հիմանդրամ:

Հունիսի 15
Սիվիլիթաս հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Հարութինյան Ղազարյանը ժամը 10.00-ին ներկայանում է ԱԱԾ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա ցուցմունք տալու:

Հունիս 18
Այսօր, ի պաշտպանություն Սիվիլիթաս հիմնադրամի եւ Վարդան Օսկանյանի, հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը: Վերջինս գործընթացը գնահատել է անընդունելի: Հայտարարությանը ստորեւ:

Իշխանության համար մերթընդմերթ սրացող քաշքշուկները դառնում են մեծ պատուհաս երկրի համար: Ամեն մի սրացում պատճառ է դառնում հասարակության նոր մասնատումների, իրար են խառնում զոհին ու գիշատչին, չորն ու թացը, նորից գերիշխում է արժանապատվության ոտնահարումը, երկիրն ապրում է հերթական բարոյահոգեբանական փլզումը, ու փլատակների տակ կորչում են երկրի ամրությունն ու դիմադրողականությունը ապահովող արժեքները:

Երկիրը խրվել է ներքին չլուծված խնդիրներում, լինի դա տնտեսություն, քաղաքաշինություն, մշակույթ, թե գիտություն ու կրթություն: Ահագնացել են արտաքին մարտահրավերները, որոնց դիմակայելու համար երկրին միաբանված ներուժ է պետք:
Բայց ինչ անողորմ ու գիշատիչ են վերաբերել այս քսան տարիներին երկրի ներուժին, ինչպես են այն քամահրել, նսեմացրել ու ոտնատակ արել, լավագույն դեպքում` արտաքսել, ու միայն մի նպատակով` հանուն իշխանության, այն էլ փողի ու ունեցվածքի:

Մի՞թե այն, ինչ հիմա կատարվում է Սուրեն Զոլյանի հետ, չի վկայում այն մասին, որ երկրում իսպառ արհամարհված են մտավորականն ու նրա հնարավորությունները, բացակայում է արժանապատիվ երկիր կառուցելու ցանկությունն, ու ամեն ինչ ծառայեցված է քստմնելի իշխանատենչությանը: Ասածիս մասին է վկայում նաև այն, թե մինչև 2008 թվականը ինչ փորձությունների շարան անցավ արցախյան շարժման գործիչ Վազգեն Մանուկյանը: Փոխանակ նա հնարավորություն ստանար մեծագույնս ներգրավվելու պետության շինարարության ու արցախյան կարգավորման  գործընթացներ,  իշխանական քաշքշուկների հորձանուտը նրա հնարավորությունները փոշիացնում ու շեղում էր  երկրի հրատապ խնդիրների լուծումների փնտրտուքից:

Մեր գործունեության ռազմավարության մշակման համար մեկ անգամ չէ, որ դիմել ենք Վարդան Օսկանյանին ու ստացել նրա մասնագիտական,  հավասարակշռված ու պետականամետ խորհուրդները: «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցառումները մեզ բազմաթիվ անգամ հնարավորություն են ընձեռել միջազգային կազմակերպությունների առաջ հնչեցնելու Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների քաղաքական իրավունքների վերականգման պահանջն ու անհրաժեշտությունը: Ու հիմա մեզ համար մի անընդունելի գործընթաց է սկսվել Վարդան Օսկանյանի ու «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջը: Թվում է, թե այսպիսի մի սուր ժամանակաշրջանում, երբ մեծանում ու վտանգավոր է դառնում հարևան երկրների թշնամական պահվածքը, երբ անհանգստացնող են Արցախի շուրջ ընթացող գործընթացները, անտեսված ու չլուծված են հայ փախստականների քաղաքական իրավունքները, պետք էր առավելագույն կիրառել արտաքին քաղաքական ոլորտի մասնագետի հնարավորություններն ու փորձառությունը հանուն մեր պետության զարգացման ու խաղաղ գոյակցման: Ստեղծված իրավիճակը ավելի քան մտահոգիչ է:
Իսկ փոխարենը մեզ պետք է իրար գլխի հավաքվել ու երկիրը խարխափից հանել:  
Մարիամ Ավագյան, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամ:

Հունիսի 18-ին Սիվիլիթաս հիմնադրամ էր այցելել ԱԱԾ-ի ներկայացուցիչը՝ հարուցված քրեական գործի հետ կապված փաստաթուղթ ստանալու ակնկալիքով: Պահանջվող փաստաթուղթը ԱԱԾ-ի քննիչին հանձնել է Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

Միաժամանակ հարցաքննության ներկայանալու ծանուցագիր է հանձնվել նաև Սիվիլիթաս հիմնադրամի Ծրագրերի մշակման պատասխանատու Արտաշես Դարբինյանին:

Նույն օրը Սիվիլիթասի եւ Վարդան Օսկանյանի գործի հետ կապված «Արմենպրես» գործակալությանը հարցազրույց է տալիս ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:
Վարդան Օսկանյանը հարուցված քրեական գործի թափանցիկությունը ապահովելու նպատակով դիմում է ԱԱԾ-ին գործի հետ կապված որոշ փաստաթղթեր հրապարակելու թույլտվություն ստանալու համար:

Հունիսի 19
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքի էջում անդրադառնում է լրատվամիջոցներից մեկում հրապարակված ԱՄՆ-ում առանձնատուն ունենալու հանգամանքին եւ մանրամասներ ներկայացնում առանձնատան ձեռք բերման ֆինանսական աղբյուրների եւ ժամանակահատվածի առումով: Կից ներկայացնում ենք գրառման տեքստը:

Որոշ լրատվամիջոցներ արդեն սկսել են ինձ վարկաբեկելու գործը։ Նրանցից մեկը, տեղադրելով Կալիֆոռնիայում իմ սեփականությունը հանդիսացող տան նկարը, գրել է, թե ես այն գնել եմ 1996թ. (երբ արտաքին գործերի փոխնախարար էի), 350 հազ. դոլարով, և հարց է տվել, թե ինչ փողերով է Օսկանյանը գնել այդ տունը։
Նախ ասեմ, որ այդ տունը ես գնել եմ 1988թ., երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, և Հայաստանը դեռ անկախ պետություն չէր։ Գնել եմ ոչ թե 350 հազ. դոլարով, այլ 500 հազ-ով։ Իմ փոքր տղան՝ Արմանը, 1988թ. հենց այդ տանն է ծնվել։

Երկրորդ, ինձ չճանաչողների համար ասեմ, որ Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ։ Հիմնական գործունեությունը ծավալվել է Հալեպում, որտեղից և հետագայում ճյուղավորվել է Լիբանան, Բելգիա և Միացյալ Նահանգներ։ Պետք է ասեմ, որ բոլոր ժամանակներում էլ մեր ընտանիքը առաջատար է եղել այս ոլորտում։ Յուրաքանչյուր բանական մարդու համար երևի թե հեշտ պիտի լինի եզրակացնել, որ 150 տարի ոսկերչությամբ ու ադամանդագործությամբ զբաղվող ու այդ ոլորտներում միշտ առաջատար դիրքերում եղած ընտանիքը պիտի որ այդ տարիների ընթացքում ինչ-որ բան կուտակած լիներ՝ հատկապես հաշվի առնելով ոսկու այսօրվա աննախադեպ բարձր գները։

Բայց վերևում ասվածը էականը չէր, իմիջիայլոց էր։
Իսկ էականն այն է, որ 1991-ից ես հենց այսպիսի կյանք եմ թողել բարեկեցիկ Ամերիկայում ու ընտանիքով տեղափոխվել եմ Հայաստան, որովհետև հավատացել եմ գաղափարի, ունեցել եմ նպատակ և երազ։ Այսօր, հակառակ այս ամենին, ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել։ Ես շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է կառուցել մեր երազած երկիրը։ Ու եթե որևէ բան այս ընթացքում փոխվել է, ապա միայն ավելի է ամրապնդել այս երազանքը։

Civilnet.am կայքը ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հարցազրույցի վերաբեյալ ծավալուն հոդված է հրապարակում:

Հունիսի 20
Վարդան Օսկանյանը Սիվիլիթասի գործով դիմում է ՀՀ գլխավարո դատախազ Աղվան Հովսեփյանին: Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը պարզաբանում է, որ իրենք Գլխավոր դատախազին խնդրել են «վերացնել քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ քրեական գործով վարույթը կարճել հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»:

Միաժամանակ ՀՀ նախկին արտգործնախարարը կրկին գրառում է կատարում ֆեյսբուքի իր էջում, որտեղ անդրադառնում է լրատվամիջոցներից մեկով  ԱՄՆ-ի իր առանձնատան հետ կապված հրապարակմանը՝ այն գնահատելով ակնհայտ տգիտություն:

Որպես շարունակություն Կալիֆոռնիայում իմ տան թեմայի, մարդիկ, որոնք սխալվել են իրենց սկզբնական լրատվության մեջ, սխալ չերևալու համար այսօր ինչ-որ տեսանյութ են տարածել իմ տան մասին, որի վերջում ինչ-որ փաստաթուղթ են ցուցադրել, որտեղ իբր 96 թվականին է գնվել տունը: Սա տգիտության այն աստիճանն է, որին չարժե անդրադառնալ: Վերջին անգամ կասեմ միայն, որ ի հեճուկս բոլորի՝ տունը գնել եմ 88 թվականին, իսկ 96 թվականին ընդամենը վերաֆինանսավորել եմ, ինչն Ամերիկայում շատ ընդունված պրակտիկա է:

Հունիս 21
Վարդան Օսկանյանը երրորդ ծանուցագիրն է ստանում հունիս 22-ին, ժամը 14:30-ին ներկայանալու ԱԱԾ:
Գալան ձեռք է մեկոնւմ ցիվիլիթասին եւ սիվիլիթասի հաղորդումները հեռարձակելու է իր եթերում, իսկ Սիվիլիթասը իր հերթին Civilnet.am կայքում տեղադրելու է ԳԱԱլ-ի նյութերը

Հունիսի 22
Ստացված ծանուցագրի համաձայն այսօր ԱԱԾ-ում նախատեսված հարցաքննությանը Վարդան Օսկանյանը չի ներկայացել եւ այն տեղափոխվել է հունիս 25:

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի գործին եւ այդ գործի շրջանակներում որպես վկա անցնող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ցուցմունք չտալու որոշմանը, հայտարարել է, թե «պարտիզանի պես լռելն անընդունելի է»:

civilnet.am կայքում հրապարակվել է ԱԱԾ տնօրեն  Գորիկ Հակոբյանի երկրորդ հայտարարության վերաբերյալ պատասխան հոդված, որտեղ ԱԱԾ տնօրենի խոսքը գնահատվում է մարդու հիմնարար իրավունքներին հակասող:

Պատասխանելով Վարդան Օսկանյանի Սիվիլիթասի գործունեության հետ կապված փաստաթղթեր հրապարակելու համար ներկայացրած դիմումին՝ ԱԱԾ-ն ըստ էության մերժում է այն՝ պատճառաբանելով, որ հարցը կքննարկվի դեպքի վերաբերյալ ցուցմունքներ տալուց հետո:

Հունիսի 25
Ստացված ծանուցագրի համաձայն` Վարդան Օսկանյանն իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, Սիվիլիթասի գործով երրորդ անգամ այցելում է ԱԱԾ: Սակայն կրկին հրաժարվում է ցուցմունք տալուց, բայց որոշակի պարզաբանումներ է ներկայացնում գործի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով հրապարակվելիք փաստաթղթերի հետ կապված:
ԱԱԾ-ից դուրս գալուց հետ Վարդան Օսկանյանն ու նրա փաստաբանը պարզաբանումներ են ներկայացնում:

Հունիսի 26
ԱԱԾ -ում Սիվիլիթասի գործի հետ կապված հարցաքննվում են Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանը, խորհրդի նախկին անդամ Վահե Աղաբեկյանցը եւ ֆինանսաիրավական հարցերով պատասխանատու Արմենուհի Գառգալոյանը:

Միաժամանակ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գծով վարչության պետի տեղակալը, ուսումնասիրելով գործով վկա Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը՝ քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին ԱԱԾ քննիչի որոշուման դեմ, մերժել է:
Տիգրան Աթանեսյանը բողոք էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ վիճարկելով ԱԱԾ քննիչի գործողությունների օրինականությունը:

Հունիս 27
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ստանում է ՀՀ գլխավոր դատախազին հացեգրված ԱԱԾ կողմից հարուցված քրեական գործի հարուցման դեմ բողոքի մերժման պատասխանը: ՀՀ գլխավոր դատախազության պատասխանին կարող եք ծանոթանալ այստեղ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատախազության մերժումը գնահատեց հիմնազուրկ՝ մեկանաբանելով.
«Փաստացի դատախազությունը լուռ մնաց եւ չարձագանքեց մեր ներկայացրած փաստարկներին եւ կուրորեն մերժեց մեր բողոքը»:

Հունիսի 28
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի 4 ներկայացուցիչ ժամը 11:50-ին գալիս են Սիվիլիթաս՝ հիմնադրամի 2008-2012թթ․ գործունեությունը ստուգելու համար: Նրանց դիմավորում է Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը եւ ծանոթացնում «Պարադիգմա Արմենիա» ընկերության տնօրեն Վահե Ղավալյանի հետ: «Պարադիգմա Արմենիան» իրականացնում է Սիվիլիթասի հաշվապահությունը: Այնուհետ ՊԵԿ ներկայացուցիչները մեկնում են «Պարադիգմա Արմենիա» ընկերություն՝ փաստաթղթերի ստուգումն այնտեղ իրականացնելու համար:

29 Հունիսի
«Պարադիգմա Արմենիա» ընկերությունում Պետեկամուտների տեսչության ներկայացուցիչները շարունակել են ստուգումների ենթարկել Սիվիլիթաս հիմնադրամի 2008-2012թթ. գործունեությունը: Հիմնադրամը ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցվեց Սիվիլիթասի գործունեության հետ կապված:

Հուլիսի 2
Սիվիլիթասի գործի հետ կապված «Պարադիգմա Արմենաիա» ընկերությունում ՊԵԿ տեսուչները շարունակել են հիմնադրամի հաշվապահական փաստաթղթերի ստուգումները:

Հուլիսի 9
Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Սիվիլիթասի գործի հետ կապված դիմում է դատարան:

Հուլիսի 10
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքում Վարդան Օսկանյանը վիճարկում է քրեական գործ հարուցելու՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության որոշումը եւ խնդրում է այն վերացնել։

ՀՀ գլխավոր դատախազությունը չի բավարարում Սիվիլիթաս հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանի ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված 26.06.2012թ. բողոքը՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող թիվ 58204212 քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին 25.05.2012թ. որոշման դեմ:

29.06.2012թ. թվագրված ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների վարչության պետի տեղակալ Հ. Սարգսյանի կողմից ստորագրված այսօր ստացված որոշման մեջ մասնավորապես նշված է. «Քննելով Արթուր Գրիգորյանի ներկայացրած բողոքը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը եւ լսելով քննիչի բացատրությունները՝ գտնում եմ, որ բողոքն անհիմն է եւ ենթակա է մերժման»:

Մերժման հիմնավորումների հենց սկզբում նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 33-րդ կետի համաձայն, դիմող է համարվում յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմին՝ քրեական դատավարության կարգով խախտված իրավունքների պաշտպանության համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները եւ որոշումները կարող են բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից, որոնց շրջանակում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 31-րդ եւ 32-րդ կետերի համաձայն, դիմողը չի թվարկվում, հետեւաբար ինչպես դիմողը, այնպես էլ նրա ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանը, չունեն քրեադատավարական լիազորություն՝ բողոքարկելու քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին 25.05.2012թ. որոշումը:

Դատախազությունը  նաեւ նշում է, որ Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը գործում ներգրավված է որպես վկա եւ օրենքով նախատեսված չէ, որ վկան կարող է բողոքարկել քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Հուլիսի 12
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ մամուլի ասուլիս է հրավիրում եւ պատասխանում գործի ընթացքին առնչվող մի շարք հարցերի: Միաժամանակ հայտարարվում է, որ Սիվիլիթասը դիմելու է դատարան՝ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու որոշումը բողոքարկելու նպատակով:

Հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին:

Հուլիս 18
Շարունակվում է Սիվիլիթաս հիմնադրամի և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող` ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ստուգումները Հիմնադրամում երկարաձգվում են «10 անընդմեջ աշխատանքային օրով»:

Սիվիլիթաս հիմնադրամում Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են անցկացնում ս/թ հունիսի 28-ից, և այդ ստուգումների՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Օրենքով նախատեսված կարգով՝ Պետական  եկամուտների կոմիտեն իրավունք ունի ևս 10 օրով երկարաձգել ստուգումների ժամկետը:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանից:

Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Վարդան Օսկանյանի՝ իրեն առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու դիմումը՝ նշելով, որ «դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ դեպքի վերաբերյալ մանրամասն ցուցմունքներ տալու դեպքում»:

Սեպտեմբեր 5
ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, այսօր կայացրած վճռով մերժել է Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտորն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշման:
Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգարն Աթանեսյանը դատարանում վիճարկում է ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կեղմից փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու որոշումը:

Վերաքննիչ դատարանը բողոքի մերժումը հիմնավորել է բողոքի անհիմն լինելու հանգամանքով: Սակայն Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգարն Աթանեսյանի հավաստմաբ ՀՀ վերաքննիչ դատարանը չի պատասխանել իրենց ներկայացրած փաստարկներին: Հետեւաբար նույն բաովանդակությամբ բողոք ներկայացվելու է նաեւ ՀՀ վճռաբեկ դատարան:

Հոկտեմբեր 1
Հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում կքննվի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագիրը, որով դատախազը պահանջում է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավել: ԱԺ բոլոր պատգամավորներին ներկայացվել է փաստաթղթերի փաթեթ, որը առնչվում է ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից՝ «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին: Փաթեթում ներկայացված են Վարդան Օսկանյանի և Սիվիլիթաս հիմնադրամի ֆինանսական տեղաշարժերը, որոնք առնչվում են քրեական գործին: Ներկայացված փաստաթղթերը բացահայտում են, որ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն անհիմն է, իսկ այդ գործի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը քաղաքական ենթատեքստ ունի: Կից ներկայացնում ենք փաստաթղթերի փաթեթը:

Հոկտեմբերի 2
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ՝ ձայների 64 կողմ 6 դեմ հարաբերակցությամբ, բավարարում են ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Քվերակությունը բոյկոտում են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն և ՀԱԿ խմբակցությունները:

Հոկտեմբերի 3
ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրում ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի նույնքան գումարի եկամուտներն օրինականացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վարդան Օսկանյանն ԱԱԾ-ում հրաժարվում է ցուցմունք տալ:

Հոկտեմբերի 8
ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրում ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի նույնքան գումարի եկամուտներն օրինականացնելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Վարդան Օսկանյանն ԱԱԾ-ում հրաժարվում է ցուցմունք տալ:


Հոկտեմբերի 10
ԱԱԾ քննիչներն ներկայանում են  Սիվիլիթաս հիմնադրամ՝ առգրավելու Վարդան Օսկանյանին և Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը»:
Այս կապացությամբ Սիվիլիթաս հիմնադրամը հայտարարություն է տարածում, որտեղ ասված է.
«Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է ընդունել Սիվիլիթաս հիմնադրամից առգրավել փաստաթղթերը: ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ. Համբարձումյանի առգրավում կատարելու մասին որոշման մեջ, որի օրինակը տրամադրվել է Սիվիլիթաս հիմնադրամին, նշված է.

«Առգրավել «Սիվիլիթաս» հիմնադրամում առկա՝ ԱՄՆ-ում գրանցված «Հանթսման Ինտերնեյշնլ» և «Պոլիմեր Մատերալս Ինք.» կորպորացիաների կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության միջոցով՝ 577 897 ԱՄՆ դոլար և 11 494 000 դրամ, իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանի միջոցով՝ 1 427 000 ԱՄՆ դոլար հիմնադրամին հատկացնելու, այդ գումարները հիմնադրամի կողմից տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու վերաբերյալ փաստաթղերը, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդի որոշումները, նշված խորհրդի նիստերի արձանագրությունները, գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ հանձնագրերը կամ հայտարարությունները, ինչպես նաև բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են կապ ունենալ վերը նշված երկու գործարքների հետ (բացառությամբ վարչակառավարչական ծախսերը հիմնավորող հաշվապահական փաստաթղթերի)»:

Վարդան Օսկանյանի «գործի» հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանատան տարածած «Օսկանյանի գործը և օրենքի գերակայությունը Հայաստանում» հայտարարության մեջ ասված է.
«Երեկ պ-ն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:

Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից:

Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:

Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»:

Հոկտեմբերի 11
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերիհայտարարությունը Վարդան Օսկանյանի «գործի» մասին, որը ներկայացնում ենք ստորև:
«Ստրասբուրգ, 11.10.2012 – Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի համար զեկուցող Աքսել Ֆիշերը (Գերմանիա EPP/CD), այսօր իր մտահոգությունն է հայտնել Ազգային ժողովի կողմից նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդեպ վիճահարույց քրեական մեղադրանքով խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու փաստի կապակցությամբ:
«Սա հատկապես մտահոգիչ է` հաշվի առնելով այն համառ հայտարարությունները, որ քաղաքական դրդապատճառներն են դեր խաղացել նրա դեմ մեղադրանքներ առաջադրելու գործում»,- ընդգծել է պարոն Ֆիշերը:
«Եթե հիմնավորվեն այդ պնդումները, դա կնշանակի հետընթաց քայլ քաղաքական խնդիրների կարգավորման հարցում անցած մեկ ու կես տարիների ընթացքում արձանագրված դրական միտումից: Ուստի ես գրել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահին` խնդրելով հստակեցնել մեղադրանքը, ինչպես նաև այն հիմքերը, որի հիման վրա խորհրդարանը համաձայնել է զրկել պարոն Օսկանյանին անձեռնմխելիությունից»,- եզրափակել է զեկուցողը:

Հոկտեմբերի 12
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներկայացել են Սիվիլիթաս հիմնադրամի հաշվապահությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերություն և պահանջում են ս.թ. մայիսի 25-ին Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործին վերաբերող փաստաթղթերը («գումարները կոնկրետ ծրագրերին ուղղելու, ֆիզիկական անձանց մոտ թողնելու կամ նրանց տրամադրելու վերաբերյալ»)՝ 2012թ. հոկտեմբերի 10-ի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Մ.Համբարձումյանի՝ առգրավում կատարելու

Հոկտեմբերի 16
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով կրկին 30 աշխատանքային օրով կասեցվեց «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները:

Պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները «Սիվիլիթաս» հիմնադրամում:
Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումները կարող են կասեցվել առավելագույնը 90 աշխատանքային օր ժամկետով:

Հոկտեմբերի 17
Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ, ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն այսօր ժամը 14:10 ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն՝  Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակում հարցաքննության: Հարցաքննությունը տևել է մոտ 4 ժամ և ավարտվել է ժամը 18:00-ին:

Հոկտեմբեր 19
Ժամը 12:30 Սիվիլիթաս հիմնադրամի աշխատակիցները Սիվիլիթասի գրասենյակից երթով հասել են գլխավոր դատախազություն եւ հանձնել են պահանջագիր-նամակ ու Սիվիլիթասի և Վարդան Օսկանյանի հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնել պահանջող ստորագրահավաքի արդյունքները:

Հոկտեմբերի 7-ից 17-ը Սիվիլիթասի աշխատակիցների նախաձեռնած ստորագրահավաքին են միացել ավելի քան 13,000 մարդ 65 երկրից, Հայաստանի տասնյակ գյուղերից ու քաղաքներից:

Հոկտեմբեր 23
Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում հարցաքննվել է Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանը: Հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ ու կես՝ 15:40 մինչեւ 19:00:

Նոյեմբերի 2

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անունից հայտարարություն է տարածվում առ այն, որ իշխանությունները շարունակում են Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործի հետ կապված կատարյալ ապատեղեկատվության տարածմամբ, որի համար որպես միջոց օգտագործում են Հանրային հեռուստաընկերությունը: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տարօրինակ զուգադիպությամբ հետապնդման են ենթարկվում նաեւ հիմնադրամի շարքային աշխատակիցները:
Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նոյեմբերի 9
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունից Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը ծանուցագիր է ստանում առ այն, որ սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 14:00-ին հարցաքննության է կանչվում հիմնադրամի նախկին աշխատակից Հայկ Պետրոսյանը:
Հայկ Պետրոսյանը տևական ժամանակ է, որ բնակվում է ԱՄՆ-ում:

Նոյեմբերի 9
Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ, այս անգամ տեղեկացվելու, որ հիմնադրամի կողմից դեռևս 2009թ. իրականացրած ծրագրերից մեկի մասով փորձաքաննություն է նշանակվել :

14-ը հունվարի, 2013թ.
ՊԵԿ նախագահի հանձնարարականով՝ Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգուման կասեցման ժամկետը երկարաձգվում է 30 աշխատանքային օրով:

22-29 հունվարի, 2013թ.
ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրվում Սիվիլիթաս հիմնադրամի չորս աշխատակիցների, այդ թվում՝ երկու վարորդների:

24-ը հունվարի, 2013թ.
ԱԱԾ-ն դիմում է Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանին՝ խնդրելով տրամադրել Սյունիքի մարզում Հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերից մեկի շրջանակում այնտեղ գործուղված Հիմնադրամի աշխատակիցների անունները և գործուղման մեկնելու օրերը: Նույն օրը ԱԱԾ-ն Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանից գրավոր փորձում է ճշտել Հիմնադրամի կարիքների համար ծախսված վառելանյութի և մեքենաների լվացման որոշ մանրամասներ:

28-ը փետրվարի, 2013թ.
ՊԵԿ նախագահի հանձնարարականով Սիվիլիթաս հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման կասեցման ժամկետը կրկին երկարաձգվում է 30 աշխատանքային օրով:

11-ը մարտի, 2013թ.
ԱԱԾ-ն Սիվիլիթաս հիմնադրամի հաշվապահությունը իրականացնող «Պարադիգմա Արմենիա» ընկերությունից խնդրում է տրամադրել 2009-2011 թթ. հիմնադրամի ստացած 41 նվիրաբերության յուրաքանչյուր գործարքի (նվիրաբերության) նախահաշվի, պայմանագրի, գումարների ծախսի, նվիրաբերողներին ներկայացված վերջնական հաշվետվությունների և աուդիտ ստուգումների վերաբերյալ առկա փաստաթղթերի լուսապատճենները:

 

 

 

 

ԱԱԾ պաշտոնական հայտարարությունը

ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ

ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:

Բացի այդ, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել:

Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՈՒՆԸ

ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ
1. Հայտնի ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանը 1988-ի երկրաշարժից ի վեր օգնել է Հայաստանին, մասնավորապես Գյումրիում կառուցելով դպրոց և բնակելի թաղամաս, ինչպես նաև ներդրումներ կատարելով Հայաստանի տնտեսության մեջ։ Ըստ ՀՀ կառավարության տվյալների՝ Հանթսմանի ընդհանուր ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար։

2. 2010 թվականին Հանթսմանը որոշել է լիկվիդացնել աշխարհի տարբեր մասերում գտնվող իրեն պատկանող որոշ ձեռնարկություններ, այդ թվում նաև Հայաստանում 1991-ից գործող «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերությունը (ՀԲՓ)։ Հանթսմանի ցանկությամբ ՀԲՓ-ի վաճառքից ստացված հասույթը պիտի տրամադրվեր Սիվիլիթաս հիմնադրամին վերջինիս հիմնադիր Վարդան Օսկանյանի միջոցով։

3. Գործարքն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել Հանթսմանի ներկայացուցիչը։

4. Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի միջնորդությամբ, գնորդ է գտնվել՝ «Շեն Կոնցեռն”-ի սեփականատեր Սամվել Բեգլարյանը։

5. Վերջինս, գնումը ձևակերպելուց առաջ, ուսումնասիրել է ՀՓԲ-ի ֆինանսական վիճակը, ակտիվների և պարտավորությունների կազմը, այդ ընթացքում իրականացվել է նաև հարկային ստուգումներ` պարզելու, թե արդյոք կան հին հարկային պարտավորություններ։ Նա նաև դիմել է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Հանձնաժողովին՝ վաճառքի-գնման գործարքի թույլտվություն ստանալու համար։

6. Հաշվի առնելով, որ նման գործարքները տևում են ամիսներ, իսկ Հանթսմանի ներկայացուցիչը չէր կարող երկար մնալ Հայաստանում, նա 1000 ՀՀ դրամ խորհրդանշական գումարով ՀԲՓ-ի բաժնեմասերի ամբողջ փաթեթը փոխանցել է Տիգրան Կարապետյանին, որպես վստահելի միջնորդի և վստահված անձի, որն իր հերթին, սպասվող եզրակացությունները ստանալուց հետո, համաձայն Հանթսմանի ներկայացուցչի հետ ստորագրած պայմանագրի, պիտի բաժնեմասերը վաճառեր գնորդին և հասույթը փոխանցեր Վարդան Օսկանյանին։

7. Եզրակացությունները ստացվելուց հետո տեղի է ունեցել վաճառքի-գնման գործարքը, իսկ Սիվիլիթաս հիմնադրամի համար նախատեսվող ամբողջական գումարը կազմել է մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար և բաղկացած է եղել երկու մասից.

- ՀԲՓ-ն Սիվիլիթաս հիմնադրամի բանկային հաշվին փոխանցել է 577 898 ԱՄՆ դոլար և 11 494 հազար ՀՀ դրամ, որ միասին կազմել են ՀԲՓ-ի պարտքը իր մայր ընկերություններին՝ «Հանթսման ինթերնեշնլ»-ին և «Պոլիմեր մատերիալզ»-ին, այդպիսով ամերիկյան ընկերություններն իրենց դուստր ընկերությանը ժամանակին տրամադրված փոխառությունները տրամադրել են հիմնադրամին,

- գումարի երկրորդ մասը՝ որն արտարժույթով արտահայտված կազմել է 1 427 հազար ԱՄՆ դոլար, և որը գոյացել է ՀԲՓ-ի բաժնեմասերի վաճառքից, Հանթսմանի ներկայացուցչի հետ պայմանագրի համաձայն, Տիգրան Կարապետյանը փոխանցել է Վարդան Օսկանյանի բանկային հաշվին։

8. Ըստ գործարքին հետևող իրավաբանների ու հարկային մասնագետների՝ քանի որ չի եղել “գույքի հավելաճ” (այսինքն` ակտիվների ձեռքբերման և վաճառքի գների միջև չկա դրական տարբերություն), չի եղել նաև շահույթ, ուստի վաճառքի արդյունքում չի առաջացել շահութահարկ վճարելու պարտավորություն։

9. Վարդան Օսկանյանը, գումարը ստանալու պահից առ այսօր Սիվիլիթաս հիմնադրամի կարիքների համար փոխանցել է 548 հազար ԱՄՆ դոլար։ Այդ ժամանակահատվածում Վարդան Օսակյանի տիրապետման ներքո եղած գումարը կուտակել է 120 հազար դոլար։ Այս պահին մնացորդը կուտակված տոկոսների հետ միասին կազմում է 985 հազար ԱՄՆ դոլար և գտնվում է Վարդան Օսկանյանի բանկային հաշվին։
 

Քաղաքական հանգամանքները և Վարդան Օսկանյանը

ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ

Անկախ Հայաստանի քսան տարվա պատմության ընթացքում խորհրդարանական ընտրությունները երբեք այդքան լուրջ մարտահրավեր չեն եղել իշխող ուժին, որքան 2012 թվականի մայիսի ընտրությունները: Հիմնական մարտահրավերը նետել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին փետրվարին անդամակցել էր Վարդան Օսկանյանը:

Միանալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը 2007-ից ի վեր հաջորդաբար մաս է կազմել կոալիցիոն կառավարություններին, Վարդան Օսկանյանը հավելյալ քաղաքական կշիռ և օրինականություն հաղորդեց այդ կուսակցությանը:

Հիմնականում Վարդան Օսկանյանի հայտարարությունների շնորհիվ էր, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական բանավեճը նոր հարթություն տեղափոխվեց՝ կենտրոնանալով ոչ թե անձերի, այլ կոնկրետ խնդիրների և իրողությունների վրա:

Օսկանյանը հանդես էր գալիս քաղաքական հակակշիռներ ստեղծելու օգտին, որը վերջ կդներ քաղաքական մենաշնորհին և հիմք կապահովեր երկրի առողջ և կայուն զարգացման համար:

Ընտրություններին անմիջապես նախորդող և հաջորդող օրերին Վարդան Օսկանյանը շարունակում էր պնդել, որ քվեարկության ընթացակարգերը պետք է փոխել՝ թափանցիկ ընտրություններ երաշխավորելու համար:

Երբ հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է գրանցել նոր խորհրդարանում, Վարդան Օսկանյանը հրապարակավ հայտարարեց, որ այդ պարագայում կոալիցիոն կառավարություն կազմելը կլինի ձևական և որ ինքն իրեն նման կոալիցիայի պատասխանատվության տակ չի դնի: Նա պնդում էր, որ խորհրդարանում յուրատեսակ հավասարակշռության հնարավոր կլինի հասնել անգամ մեծամասնություն չկազմող կուսակցություններով՝ պահպանելով նրանց անկախությունը: Ընտրություններից երկու շաբաթ անց «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ չի միանալու նոր կոալիցիային:

Ընտրություններին հաջորդող շաբաթների ընթացքում բոլոր առաջատար լրատվական կայքերը, նույնիսկ նրանք, որոնք հայտնի էին Օսկանյանի նկատմամբ բացասական դիրքորոշմամբ, սկսեցին կարծիքներ և վերլուծություններ հրապարակել, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում Օսկանյանը կարող է դիտվել որպես ընդդիմադիր ուժերի միասնական թեկնածու:

Վարդան Օսկանյանը ծնվել և մեծացել է Սիրիայում, կրթություն ստացել Հայաստանում և Միացյալ Նահանգներում: 1992 թվականին վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել նորաստեղծ արտաքին գործերի նախարարությունում: 1998-2008 թվականներին եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

Նախարարի պաշտոնը թողնելուց հետո, 2008 թ. նա հիմնադրեց Սիվիլիթաս հիմնադրամը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի քաղաքացիական հասարակության ուժեղացմանը: Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահն էր մինչև 2012 թվականի փետրվարը: Քաղաքականություն մտնելով՝ նա հրաժարվեց այդ պաշտոնից, որպեսզի իր քաղաքական գործունեությամբ որևէ կերպ չկաշկանդի Հիմնադրամի և հատկապես նրա մեդիա ծրագրերի անաչառ գործունեությունը:

 

Քաղաքական պատկերը

ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ

Քաղաքական պատկերը

Սիվիլիթաս հիմնադրամը հիմնադրվել է 2008 թ. ՀՀ օրենսդրության, մասնավորապես` «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն: Հիմնադրամը շահույթ չհետապնդող կառույց է, որը կոչված է ամրապնդել քաղաքացիական հասարակությունը` վերջինիս ներգրավելով քաղաքացիական հասարակության զարգացման, տնտեսական զարգացման, կրթության, մեդիայի և այլ հանրային գոծունեության մեջ:  

Սիվիլիթաս հիմնադրամին ֆինանսական աջակցություն են տրամադրել Գերմանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների կառավարությունները, ԵԱՀԿ-ն, ինչպես նաև մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամը, Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Քաունթերփարթ Ինթերնեշնլը: Հիմնադրամին աջակցություն են ցուցաբերել նաև մի շարք անհատ ձեռներեցներ տարբեր երկրներից:

Սիվիլիթասը մի քանի խոշոր ծրագրեր ունի, այդ թվում՝
- Միջազային հարաբերությունների խորհուրդը,
- Ժողովրդավարության զարգացման ծրագիրը,
- Մեդիա ծրագրերը,
- Կրթական ծրագրերը,
- Գյուղական համայնքների զարգացման ծրագիրը:

Սիվիլիթասի գործունեությունը տարբերվում է ավանդական հասարակական կազմակերպությունների գործունեությունից. Հիմնադրամն իր բոլոր ծրագրերն իրականացնում է թափանցիկ, անմիջականորեն հանրության և շահառուների հետ:


2011-2012 թթ. Սիվիլիթասի գործունեությունը հիմնականում ուղղված է եղել մեդիա ծրագրերին: 2011 թ. սեպտեմբերին Հիմնադրամն ազդարարեց իր երկու նոր ծրագրերի՝ «Օրակարգ» տնտեսական օրաթերթի և CivilNet.am (ՍիվիլՆեթ) երկլեզու առցանց լրատվա-վերլուծական հեռուստաալիքի մեկնարկի մասին: «Օրակարգ» թերթը անդրադառնում և վերլուծում է հիմնականում տնտեսական և քաղաքական իրադարձությունները, իսկ ՍիվիլՆեթը լուսաբանում է Հայաստանի հանրությանն առնչվող և նրան հուզող բոլոր իրադարձությունները, հատուկ ուշադրություն է հատկացնում բնապահպանական, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանք հնարավորինս մատչելի և ոչ ավանդական եղանակով մատուցելով իր լսարանին:

Հայաստանում հեռարձակվող լրատվամիջոցները իշխանությունների խիստ վերահսկողության տակ են, իսկ հայաստանյան թերթերը հաճախ խոսքի ազատությունը չեն տարբերում դեղին լրագրությունից: Որպես արդյունք՝ լրտավամիջոցների նկատմամբ վստահության պակաս կա: Էլեկտրոնային լրատվամիջոցները բովանդակությամբ ավելի ազատ են, սակայն  նվազ վստահելի՝ աղբյուրների և վերլուծությունների տեսանկյունից: Ավելին, դրանք նաև քաղաքականացված են և ծառայում են իրենց քաղաքական հովանավորներին:

Այս համատեքստում ՍիվիլՆեթը նոր հարթակ է, որի խմբագրական բովանդակությունը կաղապարված չէ քաղաքական կամ այլ սահմանափակումներով: Վարդան Օսկանյանը, լինելով ՍիվիլՆեթի հիմնադիրը և Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահը, երբևէ չի մասնակցել խմբագրական որոշումներին և քաղաքականությանը: Սիվիլիթասի լրատվամիջոցների կողմից Օսկանյանի քաղաքական գործունեության լուսաբանումը կատարվել է ըստ խմբագրության հայեցողության, այնպես, ինչպես այլ լրատվամիջոցների պարագայում:

2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՍիվիլՆեթը, ընտրությունների վերաբերյալ վեց շաբաթվա ընթացքում շուրջ 400 տեսանյութ պատրաստելով, ապացուցեց, որ տեղեկատվության նոր աղբյուր է:

ՍիվիլՆեթի ժողովրդականության ցուցիչը YouTube-ում և ընդհանրապես ինտերնետում կայքի այցելուների մեծ թիվն է: Այդ ժողովրդականությունը գալիս է նրանից, որ ՍիվիլՆեթը ձայն է տալիս ձայնազուրկներին՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, և հավասարապես անդրադառնում է քաղաքական բոլոր ուժերին (այդ թվում՝ Վարդան Օսկանյանին), հարգում է ավանդական լրատվամիջոցներից իրեն տարանջատած երիտասարդների նոր սերնդին և փորձում է նորությունները հետաքրքիր ու նորովի մատուցել նրան:

Գործունեության մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում ՍիվիլՆեթն արդեն իսկ տեղեկատվության կարևոր աղբյուր է Հայաստանի էլեկտրոնային լրատվության միջավայրում:


ՍիվիլՆեթի մեկնարկային գումարը եկել է Հանթսման հիմնադրամից:

 
ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ
Մտորելու փաստեր

Հայաստանում թատրոնների ներկայացումների քանակը (1) և հաճախումներ թատրոններ (2)

(1) (2)
2008 2,364 409,500
2009 2,443 367,800
2010 2,331 394,800
2011 2,707 458,900

Կարծիքներ, աղբյուրներ

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում