Դեռ անկախության տարեդարձից առաջ, սեպտեմբերի սկզբին, Սիվիլիթասը հասարակական հարցումների իր առաջին շարքն էր իրականացրել: Հարցերից մեկն էր` արդյո՞ք անկախության տարեդարձն իսկական տոն է Ձեզ համար: Հարցվողների 89 տոկոսը դրական էին պատասխանել: Այսպիսով տասը հայերից մոտավորապես ինը կարծում է, որ անկախության օրն իսկական տոն է՝ չնայած այսօրվա բոլոր խնդիրների, հիասթափությունների ու աննկարագրելի ճնշումների:
ամբողջությամբ
Արդեն երկու շաբաթ է` հեռարձակվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի « ՍիվիլՆեթ» ինտերնետային լուրերի թողարկումը, և տպագրվում է « Օրակարգ» տնտեսական օրաթերթը: Ամեն առավոտ «ՍիվիլՆեթ»-ը լուրեր է հաղորդում Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի անցուդարձերի մասին, լուսաբանում հայաստանյան տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած ուշագրավ տեսակետներն ու վերլուծությունները և ներկայացնում թարմ մոտեցումներ հին ու նոր խնդիրների վերաբերյալ: «ՍիվիլՆեթ»-ը շաբաթվա ընթացքում եթեր է հեռարձակում սեփական հեղինակային հաղորդումներ, որոնք անդրադառնում են առանցքային և առօրյա կարևորության տարբեր թեմաների` բնապահպանությունից (« Կանաչ լուրեր») ու համայնքային զարգացումից (« Թիմը գնում է գյուղ») մինչև երգիծանք (« NewsՀաբ»), մարդու իրավունք (« ԱԶԱՏԱմարդ») և բարդ տնտեսական վերլուծություններ (« Հոգսփօփ») թեթև անիմացիոն ֆիլմերի միջոցով:
ամբողջությամբ
Սեպտեմբերի 21-ին կմեկնարկի Սիվիլիթասի «ՍիվիլՆեթ» ինտերնետային հեռուստաալիքը: Չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ից կարող եք դիտել նոր տեսակի հաղորդումներ մեր երկրի, տարածաշրջանի և աշխարհի վերաբերյալ: Սիվիլիթասի թիմը կօգտագործի ինտերնետի պարգևած առավելությունները մեր շուրջը ծավալվող զարգացումները նոր ձևով ներկայացնելու համար:
Հաջորդ երեքշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը և Հայաստանում Գերմանիայի ներկա դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը կքննարկեն Հայաստանի անկախության 20 տարիների հաջողություններն ու խնդիրները տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո:
Սեպտեմբերի 29-ին Ջոն Էվանսը կլինի Սիվիլիթասի «100 հարց և պատասխան» շարքի հյուրը, որը վարում է Արամ Աբրահամյանը:
Հետաքրքիր քննարկումներին ներկա լինելու համար զանքահարեք Սիվիլիթասի գրասենյակ:
Այս սեպտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամը երեք նոր նախաձեռնություններ է սկսում՝ լուրերի հեռարձակում համացանցով, օրաթերթի հրատարակություն, ինչպես նաև հանրային հարցումների անցկացում: Նախաձեռնությունները Սիվիլիթասի` քաղաքացիական հասարակությունը հզորացնելու առաքելության բնական շարունակությունն են և փորձելու են լրացնել Հայաստանում բաց, մատչելի և միևնույն ժամանակ իմաստալի տեղեկատվական դաշտ ունենալու կարիքը: Հայերեն ու անգլերեն լեզուներով հեռարձակվող ՍիվիլՆեթը լուսաբանելու է Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև միջազգային իրադարձությունները: Օտարերկրյա և տեղական փորձագետների մասնակցությամբ լուրերի թողարկումները կարելի է դիտել համացանցով՝ ուղիղ հեռարձակմամբ կամ՝ երբ ցանկանաք։ Օրաթերթը անդրադառնալու է Հայաստանի տնտեսական և քաղաքական խնդիրներին, օրվա լուրերին, ինչպես նաև կարևոր տեղ է հատկացնելու հանրային կարծիքին ու վերլուծությանը: Օրաթերթում տեղ կգտնեն տեղացի և օտարերկրյա լրագրողների հրապարակումները: Ավելի շատ անդրադարձ է լինելու տնտեսությանն ու գործարարությանը և քաղաքականությանը, բայց չեն անտեսվելու սոցիալական հարցերը, մշակույթն ու սպորտը, երգիծանքը: Այս ամենի հետ մեկտեղ, Սիվիլիթաս հիմնադրամը սկսել է հանրային հարցումներ անցկացնել՝ նպատակ ունենալով մանրամասնորեն նախագծված հարցադրումների միջոցով վերհանել Հայաստանի քաղաքացիների իրական կարծիքներն ու դիրքորոշումները` ըստ ներկայացուցչական ընտրանքի: Նախաձեռնությունը, որը իրականացվելու է զուտ գիտական հիմունքներով, կարտացոլի Հայաստանի քաղաքացու կարծիքը օրվա թեմաների վերաբերյալ` ծառայելով որպես վերլուծությունների և մեկնաբանությունների օրինական հիմք: Ամռան ընթացքում Սիվիլիթասը, Քաունթերփարթ ինթերնեշնլ և Կանաչաստան հասարակական կազմակերպությունների հետ միասին, հյուրընկալեց հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանգյանին, որը որպես քաղաքացիական ակտիվիստ հանդիպեց հայաստանցի քաղաքացիական ակտիվիստների հետ հասարակական քննարկման շրջանակներում: Թանգյանը պատմեց, թե ինչպիսի քաղաքացիական և սոցիալական նախաձեռնություններ է ունեցել, ինչպես է կամովին ռիսկի գնում և իր անունն օգտագործում հանուն լավ գաղափարների: Նա մասնակիցներին կոչ արեց վստահել սեփական ուժերին, լինել հաստատակամ և ավելի գիտակից մասնակցություն ունենալ քաղաքացիական նախաձեռնություններում: Այս սեպտեմբերի խորհուրդը միանշանակ չէ` քսան տարիների անկախությունը կվերաիմաստավորվի նոր մոտեցումներով:
Այս ամառ միայն զբոսաշրջիկները չեն, որ այցելում եմ Հայաստան: Աշխարհի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները ևս՝ օգտագործելով հնարավորությունը, փորձում են իրենց աչքերով տեսնել, թե ինչպես է զարգանում երկիրը, ինչ վիճակում է ժողովրդավարությունը: Այս տարի մենք արդեն հյուրընկալել ենք Բոստոնի Հյուսիսային համալսարանի քաղաքագիտության բաժնի ուսանողների խմբի, որը ղեկավարում էր Գրեգ Ավթանդիլյանը: Մեկ այլ խումբ՝ Յուտայի պետական համալսարանի միջազգային գործարարության բաժնից, եկան Սիվիլիթաս՝ լսելու և խոսելու Հայաստանի քաղաքական ու տնտեսական մարտահրավերների մասին: Այս խումբը ներկայացնում էր Յուտայի համալսարանի Հանդսմանի բիզնես դպրոցը: Սիվիլիթասն ու Վարդան Օսկանյանը բարերար Ջոն Հանդսմանի հետ ունեն երկար տարիների ջերմ հարաբերություններ: Սիվիլիթասը օժանդակում է, որպեսզի հայ ուսանողները Հանդսմանի կրթաթոշակով չորս տարի ուսանեն Յուտայի պետական համալսարանում: Պարոն Հանդսմանը առատաձեռն է Սիվիլիթասին ու նրա ծրագրերը աջակցելու գործում:
ամբողջությամբ
«100 հարց, 100 պատասխան» առաջիկա հանրային քննարկման հյուրը կլինի Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Միջոցառումը կկայանա երեքշաբթի, հունիսի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի «Անի» հյուրանոցի «Անի» սրահում: Ինչպես միշտ, քննարկումը կվարի «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Ձեր հարցերը կարող եք նախօրոք ուղարկել Սիվիլիթասի կայքի միջոցով և ուղիղ հեռարձակմամբ հետևել միջոցառմանը կամ հետո դիտել խմբագրված տարբերակը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մայիսի 24-ի «100 հարց, 100 պատասխան» հանրային քննարկմանը հավաստիացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում պատրաստ է այնքան առաջ գնալ, «որքան թույլ է տալիս օրենքը, … որքան հայ գիտակից հասարակությունը պատրաստ կլինի օգնել ինձ»։
Մայիսին Սիվիլիթասը միջոցառումներ էր կազմակերպել Հայաստանի մարզերում: Մայիսի 31-ի Կապանի միջոցառմանը Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը պատմեց Սյունիքի մի շարք համայնքներում Սիվիլիթասի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող գյուղական ծրագրերի մասին, որին հաջորդեց քննարկում «Հանքարդյունաբերություն և բնապահպանություն» թեմայով: Քննարկման մասնակիցներն էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի փոխքաղաքապետ Գագիկ Ղարամանյանը և Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը:
Մայիսի 30-ի Գորիսի քննարկման թեման «Ներքին և արտասահմանյան զբոսաշրջության այսօրն ու հեռանկարներն» էր, որին մասնակցում էին «Տաթևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը, Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Իրինա Յոլյանը, նկարիչ, Գորիսի ստեղծագործողների միության ղեկավար Ժիրայր Մարտիրոսյանը:
ամբողջությամբ
Սիվիլիթաս հիմնադրամի հաջորդ հանրային քննարկումն ունի հետաքրքրաշարժ խորագիր՝ «ԷԲՐՈՒ-ից մինչև թոռներ. նոր հայեցակարգեր Թուրքիայում»: Այլ խոսքով, կարևորվում է հասարակության բազմազանության գիտակցումը անհատի խառն ինքնության ճանաչման հետ մեկտեղ: ԷԲՐՈԻ-ն արվեստի տեսակ է, որն օգտագործվում է գրքերի առաջին էջերը տարբեր գույներով և երանգներով ձևավորելու նպատակով: Այն բնորոշում է Թուրքիայի հասարակությունը: Այսօր Թուրքիայում հայտնվում է մի նոր սերունդ, «թոռները», ովքեր վերագտնում են իրենց հայկական ինքնությունը: Լուսանկարիչ Աթիլլա Դուրակը յոթ տարի շրջել է այսօրվա Թուրքիայի տարբեր շրջաններում, լուսանկարել ու ժամանակագրել թուրքական բազմազան մշակույթը կրող տարբեր ներկայացուցիչների կյանքը, կենցաղը, սովորությունները: Յոթ տարիների ճամփորդությունների ու հանդիպումների արդյունքը 350 էջանոց գիրքն է և տարբեր լուսանկարների ցուցահանդեսը, որը ցուցադրվելու է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Սրա հետ մեկտեղ, Սիվիլիթաս հիմնադրամը ՆՓԱԿ-ում կկազմակերպի հանրային քննարկում, որին կմասնակցեն Աթիլլա Դուրակը, ինչպես նաև մի քանի գրողներ ու խմբագիրներ, ովքեր իրենց մասնակցությունն են բերել «ԷԲՐՈՒ. Թուրքիայի մշակութային բազմազանության արտացոլումներ» գրքի ստեղծման աշխատանքներին: Հանրային քննարկումը կկայանա մայիսի 5-ին ժամը 14.00-ին՝ ցուցահանդեսի բացումից անմիջապես առաջ:
Քննարկմանը մասնակցում են Ֆեթիյե Չեթինը՝ «Իմ մեծ մայրը» հուշագրության հեղինակը, գիրք, որը փարոս դարձավ Թուրքիայի այն սերնդի համար, ովքեր վերագտան իրենց հայկական ինքնությունը: Տիկին Չեթինը փաստաբան է՝ Հրանտ Դինքի սրտացավ պաշտպանը, ինչպես նրա կենդանության տարիներին, այնպես էլ հայազգի խմբագրի սպանությունից հետո:
ամբողջությամբ
Ապրիլի 6-ին ժամը 16.00-ին, Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Ռոսսինի» սրահում տեղի կունենա Սիվիլիթասի «Հարյուր հարց, հարյուր պատասխան» շարքի երկրորդ քննարկումը: Հյուրը Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն է: Քննարկումը կվարի «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Եթե չեք կարող ներկա լինել միջոցառմանը, ապա կարող եք Ձեր հարցն ուղարկել Սիվիլիթասի կայքի միջոցով և պատասխանը կարդալ քննարկումից հետո: Կայքից կարող եք նաև դիտել քննարկումը ուղիղ հեռարձակմամբ։ Քննարկման տեսագրված տարբերակը կտեղադրվի YouTube-ում:
ամբողջությամբ
«Սիվիլիթասի» հանրային քննարկումները շարունակվում են և շարունակում են գրավել հասարակության նորանոր խմբերի, որ գալիս են բարձրացնելու այս օրերի ամենահուզիչ հարցերը: Վերջերս կայացած քննարկումը, որը վերաբերում էր քաղաքացիական ակտիվությանը, նոր, երիտասարդ ակտիվիստների հետ մեկտեղ նույն հարկի տակ հյուրընկալել էր ոչ-կառավարական կազմակերպությունների առաջնորդների, որ հանրության շահերի բարձրաձայնողն են եղել վերջին երկու տասնամյակների ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ, մենք շարունակում ենք աշխատել հայաստանյան ՀԿ-ների civil.am շտեմարանի վրա, որը մի կողմից հնարավորություն է տալիս տեղական կազմակերպություններին ներկայացնել կատարված և կատարվող աշխատանքները, մյուս կողմից՝ օժանդակում Սփյուռքի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղական գործընկերներ գտնելու հարցում: Լինելով այն համոզմանը, որ քաղաքացիներն իրավունք ունեն խոսել իրենց առաջնորդների հետ, և առաջնորդներն էլ պարտավոր են պատասխանել քաղաքացիների հարցերին, «Սիվիլիթաս» հիմնադրամը ձեռնարկեց «100 հարց ու պատասխան» քննարկումների շարքը: Ամեն ինչ շատ պարզ է. մեկ անհատ բեմին, ով պատրաստ է պատասխանել լսարանի հարցերին, և ոչ մի ելույթ, նախապես հստակեցված ոչ մի նյութ կամ բնագավառ, միայն ազատ երկխոսություն: Առաջին հյուրը Վարդան Օսկանյանն էր: Քննարկումը վարում էր լրագրող Արամ Աբրահամյանը, ով լսարանի հետ մեկտեղ քսանից ավել հարցեր ուղղեց պրն. Օսկանյանին: Բոլոր այդ հարցերը և հնչած պատասխանները կարող եք գտնել՝ հետևելով այս հղմանը, իսկ հավելյալ հարցերը, որ տրվել էին առցանց, իրենց պատասխանների հետ միասին կարող եք կարդալ այստեղ: «100 հարց ու պատասխան» շարքի հաջորդ քննարկումը հայտարարելուց անմիջապես հետո կարող եք ուղղել Ձեր հարցերն առցանց: «Սիվիլիթասի» հանրային գրեթե բոլոր քննարկումները ուղիղ հեռարձակվում են առցանց: Իսկ երբ ուղիղ հեռարձակումն անհնար է, կարող եք վստահ լինել, որ այն հնարավորինս արագ կտեղադրվի Ինտերնետում: Այսպես, այստեղ կարող եք գտնել Ստեփանակերտում կազմակերպված քննարկման տեսագրության սեղմ տարբերակը, որտեղ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ներկայացնում է «Սիվիլիթասի» «Հայաստան 2010. անորոշության տարի» տարեկան զեկույցը: Հյուրերը ներկայացնում էին հասարակության բոլոր հատվածները: Միջոցառումը կազմակերպվել էր Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդի հետ մեկտեղ, որի ընթացքում անդրադարձ կատարվեց հարցերի և մեկնաբանությունների՝ հնչած քաղաքացիական հասարակության բոլոր հատվածների կողմից: Այնուհետև, պրն. Հակոբյանը դասախոսություն կարդաց «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի անդամների համար՝ արցախյան հակամարտության կարգավորման և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմաներով: Երևանյան հաջորդ հանրային քննարկումը, որը ծրագրված է մարտի 17-ին Անի հյուրանոցում, կվերաբերի հայաստանյան ընտանիքներում հույժ կարևոր խնդրի՝ գնաճին: Մանրամասները կներկայացվեն շուտով: Հուսով ենք նաև, որ հետևում եք մեր բլոգին:
Մինչ ամբողջ աշխարհում հեռուտատեսային ոլորտի թվայնացումը առիթ է այն ընդլայնելու համար, Հայաստանում թվայնացման որոշման արդյունքում հեռուստաընեկրությունների թիվը սահմանափակվեց` առաջին հերթին հարվածելով ազատ խոսքին: ՀՌԱՀ որոշմամբ 2012 թվականից թվային հեռարձակման լիցենզիա ստացավ 18 հեռուստաընկերություն: Մի քանիսը զրկվեցին հաճախականությունից: Այս որոշումները առիթ են անդրադառնալու Հայաստանում լրատվամիջոցների ազատության և ստեղծված պայմաններում գործունեության հնարավորությունների խնդիրին: Որո՞ նք են Հայաստանում որակյալ լրատվամիջոցների կայացման խնդիրները: Արդյո՞ ք քաղաքական անկախության բացակայության միակ պատճառը ֆինանսական անկախության պակասն է: Ի՞ նչ են շահում իշխանությունները հեռարձակվող լրատվամիջոցների ազատությանը խոչընդոտելով: Ի՞ նչ մակարդակի վրա է լրագրությունը և արդյոք կան հնարավորություններ ստեղծված պայմաններում ավելի որակյալ լրատվություն մատուցելու: Այս խնդիրները կքքնարկենք լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ընթերցողների և հեռուստադիտողների մասնակցությամբ առաջիկա չորեքշաբթի օրը, Սիվիլիթասի հերթական հանրային քննարկմանը: Հունվարի վերջի մամուլի հրապարակումներից Ձեր ուշադրությանը ներկայացնենք մեկը` Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի “ Անիմաստ հոխորտանք” հոդվածը` նախագահի Կիպրոսում ունեցած ելույթի վերաբերյալ: Հիշեցնենք նաև, որ Սիվիլիթաս հիմնադրամը շարունակում է համագործակցության, տեղեկատվության փոխանակման տարբեր հնարավորություններ առաջարկել հասարակական կազմակերպություններին www.civil.am կայքի միջոցով: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսուհետ կարող են Civil.am կայքում օգտվել “ռեսուրսներ” էջից: Այստեղ կտրամադրվի մշտապես թարմացվող տեղեկատվություն հասարակական կազմակերպությունների համար հնարավոր հետաքրքրություն ներկայացնող օրենքների, դոնոր կազմակերպությունների, գրանտային հնարավորությունների, կրթաթոշակների, ունակությունների զարգացման, հասարակական կազմակերպությունների ղեկավարման, մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև միջոցների հայթայթման վերաբերյալ: Հասարակական կազմակերպություններին հրավիրում ենք գրանցվել civil.am կայքում:
|
|