Migration

Արտագաղթող գյուղերի սպասումը

Migration
«Պապան Մասկվայա գնացել», թոթովում է Ազատեկ գյուղի բնակիչ փոքրիկ Վահեն: Նա չի կարողանում հիշել, թե երբ է վերջին անգամ տեսել հայրիկին:
Ազատեկը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկն է: Թեպետ մարզն ամենափոքրն է համայնքների և բնակչության թվով, իսկ աղքատության մակարդակի ցուցանիշով ամենացածրն է հանրապետությունում (20.7%՝ ըստ Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2013» զեկույցի), սակայն արտագաղթի առումով Վայոց Ձորը շատ ընդհանրություններ ունի մյուս մարզերի հետ: Տղամարդկանց արտագնա աշխատանքը համատարած երևույթ է մարզի գյուղական և քաղաքային համայնքներում, ինչը բնակավայրերը թողնում է կանանց, տարեցների և երեխաների հոգածության ներքո:

Ազատեկում կարող ես ցանկացած դուռ թակել ու լսել արտագնա աշխատողների մասին: Մոտենում եմ գյուղի չգործող մանկապարտեզի հին շենքին, որտեղ այժմ ընտանիքներ են բնակվում: Առաջին իսկ պատահած բնակարանում կանայք ու երեխաներ են: Երեք դուստրերի մայր, 28-ամյա Սոնան պատմում է, որ ամուսինը 2004 թվականից ամեն տարի գնում է Ռուսաստան, որտեղ վարորդ է աշխատում: «Ոչ մի առաջընթաց չկա, նույնն է մնում, ոչ  մի բան չի փոխվում մեր կյանքում: Ամեն տարի ամուսինս գալիս է, ու ասում ենք վերջ, էլ չես գնալու… Եթե առնվազն 150,000 դրամ աշխատավարձ ստանա այստեղ, կարող ենք ապրել: Գյուղից դուրս՝ քաղաք, գնալ չենք ուզում»: Սոնան ասում է, որ երեխաները հայրիկի կարիքը շատ են զգում, կարոտում են, փորձում են մշտապես կապի մեջ լինել:

Ազատեկցի Լորան էլ պատմում է, որ ամուսինն արդեն 11 տարի աշխատում է Սանկտ Պետերբուրգում, որպեսզի հոգա երեք երեխաների կարիքները, որոնք բարձրագույն կրթություն են ստանում Երևանում: «Երբևէ չենք մտածել հեռանալ գյուղից: Երեխաներս քաղաքը չեն սիրում, չեն ուզում քաղաքում մնալ, սիրում են գյուղը, գյուղի նիստուկացը, ամեն ինչը: Բայց եթե ավարտեն ու աշխատանք չգտնեն՝ միգուցե մտածենք բոլորս միասին Պետերբուրգ տեղափոխվելու մասին»:

Զրույցին է միանում Լորայի ընկերուհին. «Եղբայրս 24 տարեկան է, արդեն մի ամիս գնացել է Մոսկվա: Առաջին անգամ է գնացել՝ մեր գյուղից մի ծանոթի օգնությամբ: Ջահել տղա էր, նեղվում էր ամեն անգամ ծնողներից ծխախոտի գումար վերցնել, որոշեց ինքն էլ գնա Ռուսաստան աշխատելու: Շինարարություն են անում: Ուրախ ենք, որ Ռուսաստանը մեր ապրուստն ապահովում է, բայց տխուր ենք, որ մեր ընտանիքները բաժանված է պահում»:

Մարզի մեկ այլ գյուղում՝ Գլաձորում, նույն պատկերն է: Գյուղապետ Անդրանիկ Մարկոսյանն ասում է, որ վերջին քսան տարվա ընթացքում համայնքից արտագաղթողների թիվը շարունակաբար ավելանում է: «Եթե նախկինում 50-60 տղամարդ էր մեկնում, հիմա 400-500-ն են: Մոտ երեսուն ընտանիք ընդհանրապես մեկնել և չի վերադարձել: Կան նաև մայրաքաղաքում  աշխատողներ. համայնքից մոտ հարյուր հոգի աշխատում է Երևանում, գնում-գալիս են, նրանց ընտանիքներն այստեղ են մնում»: Գյուղապետը աշխատանքի խնդիր չի տեսնում, ասում է, որ արտագաղթի պատճառը մարդկանց ծուլությունն է՝ ձգտում են ավելի հեշտ աշխատանքի, քան կարող են անել իրենց հայրենի գյուղում:

ամբողջությամբ

 

Վերադարձող միգրանտներ. Անահիտի պատմությունը

Migration
Մեր շարքի հաջորդ հերոսը՝ Անահիտը, ծնունդով Բաքվից է: 1990-ական թվականների սկզբին՝ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ, Անահիտն իր դստեր հետ ապաստան է գտնում Հայաստանում: Սակայն տեղափոխվելուց երկու տասնամյակ անց էլ, արդեն ՀՀ քաղաքացու կարգավիճակով, Անահիտի ընտանիքը շարունակում է պայքարել սեփական տանիք ունենալու համար: Անահիտը բնակվում է հանրակացարանում և հույսով սպասում, որ մի օր սեփական բնակարան կունենա:

2010 թվականին Անահիտը որոշում է մեկնել Թուրքիա՝ տան համար գումար վաստակելու: Մեկնում է Ստամբուլ, որտեղ քրոջ դուստրերը, նույնպես ապրուստ վաստակելու համար, արդեն մի քանի տարի աշխատում են որպես տնայնագործներ և խնամակալներ:

«Ինձ տարան «օֆիս», որտեղ մնացի այնքան ժամանակ մինչև ինձանից հարցազրույց վերցրին, հարցրին որտեղից եմ եկել, քանի տարեկան եմ, ինչ կարող եմ անել… Իմ առավելությունն այն էր, որ տիրապետում էի ադրբեջաներենին և, հարմարեցնելով այն թուրքերենին, կարողանում էի հաղորդակցվել թուրքերի հետ: Ինձ աշխատանքի ընդունեցին մի տանը, որտեղ պետք է տնային գործեր անեի՝ մաքրություն, արդուկ, խոհանոց…

Ինձ մուտքի թույլտվություն էին տվել միայն երեք ամսով, բայց ես ժամկետից երկար մնացի: Իհարկե, լավ գիտակցում էի, որ օրենքը խախտում եմ, բայց մնացի, որպեսզի կարողանամ մի փոքր գումար վաստակել թոռներիս օգնելու և ինձ համար մի անկյուն ձեռք բերելու համար»:

Շուրջ երկու տարի աշխատելուց հետո, Անահիտը որոշում է վերադառնալ Հայաստան: Ասում է, որ հիմնական պատճառը կարոտն էր:

«Շատ էի կարոտել, էլ չդիմացա: Գիտեի, որ դեպորտ են անելու, բայց կարոտից աչքիս բան չէր գալիս, մտածում էի կգնամ, էլի հետ կգամ: Բայց հիմա փոշմանել եմ, պետք է դիմանայի: Ցանկանում եմ նորից վերադառնալ Թուրքիա, սակայն չեմ կարող: Պետք է հինգ տարի սպասեմ, մինչև օրենքը թույլ տա նորից մուտք գործել Թուրքիա: Կցանկանայի փորձել Եվրոպա գնալ, բայց դե լեզու չգիտեմ: Ինձ ավելի հարմար է Թուրքիա գնամ, քանի որ լեզվին որոշ չափով տիրապետում եմ:

Ես խնդիրներ չեմ ունեցել Ստամբուլում, հայերի հետ շատ լավ էին վերաբերվում, կոնկրետ այն թուրքերի տանը, որտեղ ես էի աշխատում, շատ լավ էին ինձ վերաբերվում:  Ճիշտ է, ամեն տեղ էլ խտրականություն կա, օրինակ, հայերիս ավելի քիչ են վճարում, քան թուրք աշխատողներին: Ասենք, եթե ես ստանում էի 300 դոլար ամսական աշխատավարձ, թուրք աշխատողը ստանում էր 400:

Ստամբուլում աշխատող հայաստանցիները հիմնականում կանայք են: Տղամարդիկ ավելի քիչ են և աշխատում են որպես որպես կոշկակար, այգեպան, գործարաններում բանվոր: Կանանց համար գործ շատ կա, հիմնականում տնայնագործություն և հիվանդների խնամք: Թուրքերը նախընտրում են աշխատանքի ընդունել հատկապես հայ կանանց, այլ ոչ թե ռուսների, վրացիների, կամ հենց թուրքերի, քանի որ համարում են, որ հայերն ազնիվ են աշխատում, մաքրասեր են և շնորհքով»:

Նյութը պատրաստվել է Սիվիլիթաս հիմնադրամի միգրացիոն հետազոտության շրջանակում, որն իրականացնում է «Բաց հասարակության հիմնադրամների» Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագիրը:
 

Վերադարձող միգրանտներ. Թամարայի պատմությունը

Migration
Շուրջ ութ տարի Թամարան ապրել և աշխատել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Երկու տարի առաջ վերադարձել է հայրենի Գյումրի: Սիրով է պատմում խորհրդային շրջանում ունեցած իր ձեռքբերումների մասին՝ բարձրագույն կրթություն, լավ աշխատանք, ճամփորդություններ, հարգանք շրջապատի կողմից: Սակայն երկրաշարժից և անկախացումից հետո Գյումրիում ամեն ինչ քաոսային է դառնում: Թամարայի տունը փլվում է, նա դառնում է գործազուրկ, ուսերին՝ անկողնուն գամված մորը խնամելու հոգսը: Չնայած դժվարություններին՝ Թամարան չի լքում Գյումրին: Միայն ծնողի կորուստն է ստիպում նրան վերանայել իր կյանքն ու աշխատանք փնտրել արտերկրում:

2005 թվականին Թամարան մեկնել է Սալոնիկ, որտեղ միայն մի ընկերուհի ուներ: Հենց նա էլ Թամարային օգնել է աշխատանք գտնել:

«Շատ դժվար կյանք եմ անցկացրել այնտեղ: Նախկինում ես շատ եմ եղել արտասահմանում, բայց այն ժամանակ ուրիշ կարգավիճակով էի գնում: Գնում էի որպես պատվիրակության անդամ, հարգով-պատվով գնում, իմ գործերն ավարտում ու գալիս էի: Բայց հիմա լրիվ ուրիշ կարգավիճակ էր. ոնց որ ստրուկ լինեի: Ես շատ հարմարվող եմ, բայց եղել են պահեր, երբ ամբողջ գիշեր լաց եմ եղել: Մտածում էի՝ արդյո՞ք այս մարդիկ արժեն, որ եկել եմ՝ նրանց ձեռքի տակ աշխատում եմ: Իրենց տգետ հալով, քեզ էնպես վերից էին նայում...»:

Թամարան Հունաստան էր մեկնել տուրիստական վիզայով, սակայն աշխատանքը շարունակելու համար ստիպված է եղել խախտել մուտքի թույլտվության ժամկետը: Կացության թույլտվություն և գրանցում չունենալու պատճառով Թամարան հիմնականում դուրս չի եկել տանից: Այդպես՝ ութ տարի:

«Չեք պատկերացնի՝ մեր հայերը, ովքեր փաստաթուղթ ու գրանցում չունեն, ինչ վատ կարգավիճակում են այնտեղ: Ճիշտ է, մարդիկ երկու-երեք կոպեկ ավել են վաստակում, բայց իրենց կորցնում են, գիտեն թե դա վերջն է, ու իրենք էլ հետ չպիտի գան: Բացարձակապես հպարտություն գոյություն չունի: Ազգի անունի մասին մտածող չկա: Այն մարդկանց, ովքեր մեզ նման վերադարձողների հետ են աշխատում, խորհուրդ կտայի, որ խնդրին հոգեբանորեն նայեն, որովհետև մարդիկ արտերկրից այնքան ճզմված են գալիս, այնքան արժանապատվությունը կորցրած...

Միակ դրականն այն էր, որ աշխատավարձս ստանում էի ու ուղարկում Հայաստան: Այնքան լավ էի ինձ զգում, ամենայն անկեղծությամբ: Երբ ընտանիքս իմ կարիքն ուներ ու ես գումար էի ուղարկում, շատ լավ էի զգում... Այ, հիմա վատ եմ զգում, որ չեմ կարող օգնել»:

Ութ տարի աշխատելուց հետո Թամարան հիվանդացել ու վիրահատվել է, որից հետո որոշել է վերադառնալ Հայաստան: Հունաստանի սահմանակետում նրան առաջարկել են վճարել 300 եվրո, որպեսզի արտաքսման կնիք չդնեն նրա անձնագրում` «դեպորտ չխփեն», սակայն Թամարան հրաժարվել է:

«Ասացին, որ գնաք, էլի կարող եք հետ դառնալ: Ասացի չէ, շատ շնորհակալ եմ, ես հետ դարձողը չեմ: Խփեք:

Արդեն երկու տարի է վերադարձել եմ: Երբ եկա, մարդիկ շատ «դեֆորմացված» էին թվում: Գյումրիի մասին է խոսքը: Դե, Երևանը կենտրոն է, մարդիկ ապրում են, իսկ այստեղ ոնց որ մահացած քաղաք լինի: Ճիշտ է, եկել եմ, բայց կյանքը այն չէ, ոնց որ սպասես, թե օրերը երբ են անցնելու: Ոչ մի հետաքրքիր բան, ոչ մի աշխատանք, գոնե որ աշխատելու տեղ լինի՝ մարդիկ կյանքով կլցվեն:

Նորից գնալու մասին դեռ չեմ մտածել, բայց եթե աշխատանք չունենամ … Գիտեք ինչ՝ եթե ամեն օր հաց պիտի խնդրես, ավելի լավ է չուտես...»:


Նյութը պատրաստվել է Սիվիլիթաս հիմնադրամի միգրացիոն հետազոտության շրջանակում, որն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամների» Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագրի շրջանակում:




 

Միգրացիոն հետազոտությունները՝ մեր կիզակետում

Migration

2013թ. դեկտեմբերին Սիվիլիթաս հիմնադրամին հաջողվեց համագործակցություն հաստատել Բաց հասարակության հիմնադրամների (OSF) Think Tank Fund-ի հետ, որի շրջանակներում Սիվիլիթասում հետազոտական կրթաթոշակի շնորհիվ ուսումնասիրություններ են տարվում մի խնդրի շուրջ, որը ոչ միայն կարևոր է Սիվիլիթասի համար, այլ ընդհանրապես՝ հայաստանյան քաղաքականության համատեքստում:

Հայաստանը անցնում է միգրացիոն ուժեղ հոսքերի, հիմնականում՝ արտագաղթի միջով, որը ստանում է հանրային ինչպես ուշադրության, այնպես էլ՝ մտահոգության առյուծի բաժինը: Արդյունքում՝ ներգաղթի և վերադարձի միգրացիայի դյուրացման ուղղությամբ տարվող քաղաքականությունը, ծրագրերը և հանրային ներգավվածությունը պակաս ուշադրության են արժանանում՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հիմնականում Սիրիայից և Իրաքից փախստականներ (մեծամասամբ՝ ծագումով հայ) և այլ երկրներից վերադարձող միգրանտներ ընդունող երկիր է:

Սիվիլիթասի նոր հետազոտող Իրենա Գրիգորյանի աշխատանքի կիզակետն են՝ ներգաղթին վերաբերող օրենսդրությունը, քաղաքականությունը ու Հայաստանում իրականացվող ծրագրերը, դրանցում առկա բացերի հայտնաբերումը, ինչպես նաև՝ Հայաստանում ներգաղթի և վերադարձի առկա պրակտիկան և խթան հանդիսացող հանգամանքները, դրանց վերաբերող միջազգային փորձը:

Իրենան, ով ավարտել է չորս եվրոպական երկրներում դասավանդվող՝ Միգրացիա և միջմշակութային հարաբերություններ եվրոպական մագիստրոսական ծրագրը (www.emmir.org), Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագրի հաղթող է ճանաչվել երկփուլ մրցույթի արդյունքում: «Վերադարձը միգրացիոն շրջափուլում ո՛չ երկրորդական փուլ կարող է համարվել, ո՛չ էլ դեպի հայրենիք վերադառնալու բնական գործողություն: Դա միգրացիոն գործընթացի կարեւոր բաղկացուցիչ փուլ է, սակայն պակաս ուշադրության է արժանանում ինչպես հետազոտական, այնպես էլ՝ քաղաքական մակարդակներում: Այդ իսկ պատճառով, հավասարակշռված պատկերացում ստանալու համար կարեւոր է ուսումնասիրել, քննարկել և հաղորդել ներգաղթի հոսքերի հետ կապված տեղեկատվությունը»: Այսպես է Իրենան բացատրում հետազոտությունն անցկացնելու իր հետաքրքրությունը և շարժառիթները, որի արդյունքը կլինի քաղաքականության համառոտագիր (policy paper) և դրա շուրջ հանրային քննարկում, և մենք հույս ունենք, որ համառոտագրում արտացոլված առաջարկները կդառնան Հայաստանում միգրացիոն քաղաքականության օրակարգի մի մաս:

Նմանատիպ կրթաթոշակներն իրենց նպաստն են բերում նաև ՍիվիլՆեթ օնլայն հեռուստաալիքի ծրագրերին և հաղորդումներին: Օրինակ, այս ՍիվիլՄուլտի ստեղծմանը նպաստել է նաև Երիտասարդ մասնագետների զարգացման ծրագիրը: ՍիվիլՄուլտն աշխատանքային միգրանտների կողմից Հայաստան ուղարկված փոխանցումների և դրանց համաշխարհային համեմատականների մասին է:

Այս կրթաթոշակի շնորհիվ Իրենան կստանա հավելյալ գիտելիքներ և պրակտիկա միգրացիայի ոլորտում, իսկ Սիվիլիթասն իր հետազոտական պրպտումներն ավելի տեսանելի և ակտուալ կդարձնի:

 
ՍԻՎԻԼԻԹԱՍԻ ՆԵՐՍՈՒՄ
Մտորելու փաստեր

Հայաստանում թատրոնների ներկայացումների քանակը (1) և հաճախումներ թատրոններ (2)

(1) (2)
2008 2,364 409,500
2009 2,443 367,800
2010 2,331 394,800
2011 2,707 458,900

Կարծիքներ, աղբյուրներ

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը

Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:
Հասարակական կազմակերպությունների շտեմարանի ստեղծում
Ծրագրի նպատակն է աջակցել հասարակական կազմակերպություններին իրենց գործունեությունն ավելի տեսանելի դարձնելու և աղբյուրների համախմբման և արդյունավետ օգտագործման հարցում` ստեղծելով, զարգացնելով և պահպանելով հանրության համար մատչելի շտեմարան, որտեղ գրանցված կլինեն Հայաստանի բոլոր ակտիվ հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ասոցիացիաները և միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում:

 

Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում