Բանակ և հասարակություն

Իրադարձություն
Դիտել
photo-3Բանակում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերի շուրջ թերևս աննախադեպ ակտիվ քննարկումները առիթ են խոսելու ոչ միայն այդ դեպքերի, այլև բանակի համակարգային խնդիրների մասին: Որո՞նք են դրանք և որո՞նք են լուծումները: Ինչպե՞ս հասարակությանը մասնակից դարձնել բանակի խնդիրների քննարկմանը և լուծմանը և որքանո՞վ է բանակը պատրաստ բաց քննարկման: Ի՞նչ բարեփոխումներ են տեղի ունեցել բանակում վերջին տարիներին և որո՞նք են արդյունքները: Բանակի խնդիրների ո՞ր մասն է հատուկ միայն բանակին և ո՞ր մասն է արտացոլում հասարակության խորքային խնդիրները:

Նոյեմբերի 15-ի Սիվիլիթասի հերթական հանրային քննարկման թեման էր` «Բանակ և հասարակություն»: Բանախոսներն էին` ՀՀ ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության իրավաբանական բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իմպուլս» ռադիոկայանի ծրագրերի տնօրեն, 2010-ին զորացրված նախկին զինվոր Գարեգին Խումարյանը: Քննարկումը վարում էր Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը: Քննարկմանը մասնակցեցին նաև ՊՆ այլ ներկայացուցիչներ, նախկին զինվորներ, ծնողներ և քաղաքացիներ, ովքեր մտահոգված են բանակի ներկայով և ապագայով:

Բացելով քննարկումը` Թաթուլ Հակոբյանը հարց ուղղեց ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Ավետիսյանին. արդյո՞ք այն հանգամանքը, որ վերջին շրջանում հաճախակիացել են բանակում տեղի ունեցող միջադեպերի հրապարակայնացման դեպքերը, վկայում է այն մասին, որ Պաշտպանության նախարարությունը ծրագրված և մտածված է դրանք հրապարակայնացնում` փորձելով աշխատել ավելի թափանցիկ: Ալեքսանդր Ավետիսյանը պարզաբանեց, որ նման հատուկ քաղաքականություն մշակված չէ, և Պաշտպանության նախարարությունը պարզապես հրապարակում է այն դեպքերի մասին տեղեկությունները, որոնք տեղի են ունենում բանակում, արձագանքում է դրանց` ըստ միջադեպի:

"Ժամանակաշրջանը ստիպում է նույնիսկ փակ համակարգերին` աշխատել հնարավորինս թափանցիկ: Տեխնոլոգիական հնարավորությունների այս ժամանակաշրջանում հասարակությունից որևէ բան թաքցնելն իմաստ չունի և Պաշտպանության նախարարությունը արձագանքում է բոլոր այն դեպքերին, որ տեղի են ունենում բանակում":

Հակադարձելով նախարարության պաշտոնյային` իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսեց այն մասին, որ անցնող տարվա ընթացքում բանակում գրանցվել է 34 մահվան դեպք, և միայն 10 ի դեպքում է տեղեկատվության սկզբնաղբյուրը եղել Պաշտպանության նախարարությունը: Սա, ըստ Սաքունցի, վկայությունն է այն բանի, որ բանակը շարունակում է փակ կառույց մնալ, իսկ քանի դեռ համակարգը փակ է, միշտ կասկածներ են լինում, որ դեպքերն ու միջադեպերը, որոնք թաքցվում են հանրությունից, իրականում ավելի շատ են:

"Պաշտպանության նախարարությունը պետք է հստակեցնի "գաղտնիության" սահմանները: Այսօր Պաշտպանության նախարարությունում ամեն ինչն է փակ և գաղտնի", ասաց իրավապաշտպանը: Ավելի ուշ Արթուր Սաքունցը նաև որոշ օրինակներ բերեց, պնդելով, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, ինչպես նաև այլ հասարակական կազմակերպությունների կողմից ՊՆ ուղարկված բազմաթիվ հարցումներ մնում են անպատասխան: Սկսած տնտեսական հարցերից` ո՞ր կազմակերպություններն են մատակարարում բանակը, և ո՞րքան գումար է բյուջեից ծախսվում այդ նպատակով, վերջացրած այն խնդրով, թե ովքեր են բանակից գործուղվում արտասահմանում սովորելու, այդ սպաների ո՞ր մասն է վերադառնում և շարունակում ծառայությունը Հայաստանի զինված ուժերում:

Շարունակելով կրթության թեման, Թաթուլ Հակոբյանը հարց ուղղեց նախկին զինվոր Գարեգին Խումարյանին: Արդյոք բանակը, որտեղ հայ երիտասարդները անց են կացնում կյանքի երկու տարին, տալիս է նաև կրթական հնարավորություններ, ինչպես զարգացած շատ երկրների բանակներ: Գարեգինը վստահեցրեց, որ իրենց զորամասում կային երիտասարդներ, ովքեր գրել և կարդալ սովորել են բանակում: Այդ առումով բանակը, գոնե այդ մինիմալ գրագիտությունն ապահովում է այն երիտասարդների համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով դպրոց չեն հաճախել:

"Չէի ասի, որ բանակում կա կրթական հատուկ ծրագիր: Լավ կլիներ, եթե լիներ, այդ դեպքում երիտասարդները բանակ կգնային նաև լրացնելու կրթության բացերը: Հատկապես, որ նման հնարավորություն կա, քանի որ "ազատ ժամանակը" բանակում բավական շատ է", ասում է նախկին զինվորը:

Քննարկման ընթացքում հաճախ էին հնչում համեմատություններ 10-15 տարի առաջ և այսօր առկա խնդիրների շուրջ: Արթուր Սաքունցը, խոսելով այն մասին, որ թվում էր, թե այսօրվա բանակը հետպատերազմական քաոտիկ բանակից պետք է շահեկանորեն տարբերվեր, համոզմունք հայտնեց, որ այսօր բանակի կայացմանը խանգարող հանգամանքները նույնիսկ ավելի շատ են: Կուռուպցիան, հովանավորչությունը, հանցագործությունները, Սաքունցի համոզմամբ վկայում են այն մասին, որ Զինված ուժերում, ինչպես նաև այլ ուժային կառույցներում, օրինակ` ոստիկանությունում այս տարիների ընթացքում էական որևէ բարեփոխում չի իրականացվել:
Ալեքսանդր Ավետիսյանը սակայն վստահեցրեց, որ վերջին 10 տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներն այնքան շատ են, որ ժամանակ չի լինի դրանք թվարկելու համար:

"Զինված ուժերի հանդեպ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ներդրումը այդ բարեփոխումների միայն մեկ տարրն է": Մայոր Ավետիսյանի հավաստմամբ վերջին 10 տարվա ընթացքում փոփոխությունները ակնհայտ են` զինծառայողների կենցաղային պայմանների բարելավումից, մինչև հասարակական վերահսկողության մեխանիզմների կիրառում:
Ավետիսյանը խոսեց նաև Պաշտպանության նախարարությունում հասարակական խորհրդի ստեղծման մասին, հիշատակեց զորակոչային հարցերով զբաղվող հանձնաժողովը և վստահեցրեց, որ բարեփոխումներ զինված ուժերում իրականացվում են, պարզապես դա էվոլյուցիոն գործընթաց է և պետք է ցանկություն ունենալ տեսնել դրա զարգացումը:
"Պաշտպանության նախարարությունը պատրաստ է համագործակցել քաղաքացիական հասարակության հետ, լսել առաջարկությունները և ընդունել ցանկացած կառուցողական առաջարկ հասարակական կազմակերպությունների կողմից", վստահեցրեց Ալեքսանդր Ավետիսյանը:

Արթուր Սաքունցը վերադարձավ տեղեկատվության մատչելիության խնդրին և խոսեց այն մասին, որ կառուցողական առաջարկներ ակնկալելու համար, պետք է մատչելի դարձնել տեղեկատվությունը:
"Հասարակության հետ երկխոսության հիմքը հանդիսանում է բարդ խնդիրների շուրջ երկխոսությունը", ասաց իրավապաշտպանը, շարունակելով թվարկել խնդիրները:
"Խնդիրը ոչ միայն բանակում տեղի ունեցող դեպքերն են, այլ դրանց բացահայտման խնդիրը, համարժեք պատժի բացակայությունը", ասաց իրավապաշտպանը: Նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ Պաշտպանության նախարարությունը հրապարակայնորեն նույնիսկ չի ցավակցում զոհվածների հարազատներին:

Անպատժելիության խնդրին անդրադարձավ նաև քննարկմանը ներկա մեկ այլ իրավապաշտպան` Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
"Մենք շփվում ենք խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ: Պետք է ասել, որ սկզբնական շրջանում նրանց մոտ մեծ է հավատը նախաքննության մարմնի հանդեպ: Նույնիսկ երբ հասարակական կազմակերպությունները առաջարկում են աղմուկ բարձրացնել, ծնողները հրաժարվում են, որովհետև հավատում են նախաքննությանը: Աստիճանաբար, մի քանի ամսից այդ հավատը նվազում է և ի վերջո մի քանի տարի անց զոհված զինծառայողների ծնողների մեծ մասը ապրում է այն համոզմամբ, որ իրական մեղավորները մնացել են անպատիժ":
Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաև այն խնդրին, որ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին տեղեկությունները իրարամերժ են, ինչը ևս վկայում է թափանցիկության պակասի մասին: Մասնավորապես` 2005 թվականին Արտաքին գործերի նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, Զինվորական դատախազությունը և այն օրերին դեռևս Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը 4 տարբեր թիվ ներկայացրեցին այդ տարի խաղաղ պայմաններում մահվան դեպքերի վերաբերյալ` 12-ից մինչև 80 զոհ:

Պաշտպանության նախարարության հասարակական խորհրդի ղեկավար, Պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը վստահեցրեց, որ խորհուրդը ստեղծվել է նախարարության և հասարակության միջև կապը պահպանելու նպատակով և այն պատրաստ է համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ և նախարարությանը հասցնել բոլոր մտահոգություններն ու խնդիրները:
"Ինչ վերաբերում է բարեփոխումներին, հարգելով այստեղ հնչեցրած բոլոր մտահոգությունները և այս խնդիրներով զբաղվող բոլորին, պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում որոշ ուղղություններով` մասնավորապես իրավական պաշտպանվածության, կյանքի ապահովության խնդիրներով փոփոխություններն ակնհայտ են", ասաց պարոն Հարությունյանը, հիշատակելով Թաթուլ Հակոբյանի հնչեցրած վիճակագրությունն առ այն, որ 90-ականներից մինչ օրս բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը մի քանի անգամ նվազել են: Մահացության ամենաշատ դեպքերը 96 թվականին են գրանցվել, քանի որ բանակը միանգամից համալրվեց մարտի դաշտից վերադարձած հազարավոր սպաներով և զինվորներով, իսկ այն կառույցը, որտեղ հազարավոր մարդիկ ամեն օր զենքի հետ են շփվում, պարոն Հարությունյանի համոզմամբ չի կարող զերծ լինել միջադեպերից: Ու թեև այսօր մահացության դեպքերն անհամեմատ պակաս են, պարոն Հարությունյանը ընդունեց, որ վերջին իրադարձությունների դեպքում, ի տարբերություն 90- ականների, շատ են նման միջադեպերում սպաների ներգրավվածության դեպքերը: Դա, պաշտպանության նախկին փոխնախարարի համոզմամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ 90 ականներին, կրտսեր սպայակազմը բաղկացած էր կռված տղաներից, որոնք, ի տարբերություն այսօրվա լեյտենանտների, հեղինակության ձեռքբերման և ինքնահաստատման խնդիր չունեին: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ այս խնդիրները պարբերաբար և շատ լրջորեն քննարկվում են նախարարության կոլեգիայի նիստերում:

Հարցեր և առաջարկություններ հնչեցին նաև դահլիճից ու թեև մոտ 2 ժամ տևած քննարկման արդյունքում շատ հարցեր մնացին անպատասխան:
“Չնայած քննարկումը չտվեց շատ հարցերի պատասխաններ, այդուհանդերձ նույնիսկ մեկ այսպիսի քննարկումը, մեր համոզմամբ քննարման բացակայությունից գերադասելի է: Որքան շատ և հաճախակի լինեն նման քննարկումները, որքան շատ լինեն մասնակիցները` թե Պաշտպանության նախարարությունից, թե քաղաքացիական հասարակությունից, այդքան ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն խնդիրների լուծման համար,” վստահ է Սիվիլիթասի հանրային կապերի պատասխանատու Աննա Սաղաբալյանը:

Սիվիլիթասի տնօրեն Սալբի Ղազարյանը ընդգծում է` “Նման քննարկումը հնարավոր դարձավ նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների պատրաստակամության շնորհիվ: Սա կարող է լինել մեր բանակի և հասարակության բազմաթիվ խնդիրների շուրջ համատեղ քննարկմանն ու հանրային բանավեճին ուղղված առաջին քայլերից մեկը: Խնդիրները շատ են` սկսած թե զինվորների մոտ, թե նրանց ծառայելու ուղարկող ընտանիքներում գաղափարական հավատի բացակայությունից, վերջացրած` տնտեսական, կրթական, առողջական խնդիրներով և իհարկե համակարգային բարեփոխումների անհրաժեշտությամբ: Այնպես որ, սա միայն սկիզբն է”:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման բարեկարգման ծրագիր
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Ծրագրի ընդհանուր նպատակը Մեղրիի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակչության ջրամատակարարման բարելավումն է: Ծրագրի հատուկ նպատակն է Ալվանք և Շվանիձոր համայնքներում ստորգետնյա ջրամատակարարման համակարգերի` քահրիզների վերանորոգումն ու վերակառուցումը, ինչպես նաև դրանց հետագա պահպանման համար մասնագետների պատրաստումն ու համայնքների ներգրավումը այդ գործում:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում