«Ժխտվող իմ ողջ գոյությունը»

Հարցազրույց
salpiGM1915-ին իր ընտանիքը կորցրած աղջնակի՝ Թուրքիայից Հալեպ ձգվող ճամփորդությունը մի ճիչ է, որը լսվում է «ցեղասպանություն» եզրույթի շուրջ ձևավորված դիվանագիտության մյուս կողմից: Այդ փոքրիկ աղջկա պատմությունը պատմեց նրա թոռնուհին` Սալբի Ղազարյանը, ով մի ժամանակ զբաղվում էր Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններով…

«Անձամբ ես ներողություն չեմ ակնկալում: Պահանջում եմ հանցանքի ընդունում: Ինձ համար կարևորը երեք հազարամյա գոյությանս ընդունումն է: Այդ ժառանգության, գոյության, արժեքների շարունակությունը»։
Ահա այսպես է պատասխանում Սալբի Ղազարյանը «Արդյո՞ք սպասում եք ներողություն Թուրքիայից» հարցին:
Սալբի Ղազարյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած, Երևանում գործող Սիվիլիթաս հիմնադրամի տնօրենն է: Ժամանակին եղել է Օսկանյանի խորհրդականը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում:

«Հրանտ Դինք» և «Հենրիխ Բյոլլ» հիմնադրամների համագործակցությամբ կազմակերպված «Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակում այցելել էինք Երևան, որտեղ էլ հանդիպեցինք Սալբի Ղազարյանին:
Մինչև Հալեպ ձգվող պատմություն…

Երկար տարիներ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններով զբաղվող Սալբի Ղազարյանը մեզ հետ հանդիպման ժամանակ չէր գործածում դիվանագիտական նուրբ և կշռադատված նախադասություններ: Ղազարյանը, ում արմատները հասնում են Մուշ, Կեսարիա և Գյուրուն, պատմում էր իր կյանքում առանձնահատուկ տեղ գրավող, իր տատի մասին: Սալբիի տատն իր ընտանիքը կորցրել էր 1915-ին, իսկ երբ 12 տարեկան էր, մի հայ վաճառական նրան գնում է իրեն ապաստան տված թուրք ընտանիքից: «Տատս, հավանաբար այդ նույն վիճակում հայտնված շատերի պես, կարող էր մնալ 12 տարեկանում իր հետ ամուսնացած հայ վաճառականի հետ», շարունակում է Ղազարյանը։ «Սակայն նա ամեն ինչ թողեց և փախավ Հալեպ: Գնալուց առաջ մայրս արդեն ծնվել էր, և մանկահասակ տատս ու մայրս ապաստան են գտնում Հալեպի որբանոցներից մեկում»:

Սալբի Ղազարյանն էլ մանկությունն անց է կացրել Հալեպում: Պատմում է, որ գաղթում են Միացյալ Նահանգներ 1964-ին, երբ 10 տարեկան էր…

«Տատս արաբերեն, քրդերեն և հայերեն էր խոսում, սակայն կարդալ-գրել չգիտեր։ Ես էի նրան կարդալ-գրել սովորեցնում: Երբ մեզանից մեկի ծննունդն էր լինում, ասում էր. «Ծննդյանս տարեթիվը չգիտեմ»: Երբ գրպան չունեցող զգեստ էինք հագնում, հարցնում էր. «Ճանապարհին մի բան գտնես, որտե՞ղ ես դնելու»: Նա ամբողջովին անապատի մարդ էր: Ես միայն մանկական հուշեր ունեմ, իսկ տատս ապրել է այդ ամենը: Նրա հուշերն իմ կյանքում մեծ ազդեցություն են թողել»:
Շփման եզրեր եմ փնտրում:

Պատմություն ուսումնասիրած Սալբի Ղազարյանը զրույցներ է ունեցել 1915-ը վերապրածների հետ: Ասում է, որ իր համար բեկումնային է եղել 1988 թվականը, երբ հանդիպել է Թաներ Աքչամի հետ։

«Երբ ծանոթացա Թաների հետ, տատիս նոր էի կորցրել: Թաները հայերին շատ լավ գիտեր, շատ ուշադիր էր իր մտքերն արտահայտելիս: Նրա հետ զրուցելիս՝ հասկացա, որ երկու հասարակությունները կարող են հասկանալ միմյանց, կարող են խոսել միմյանց հետ: Մտահոգություններս պատմեցի նրան: Դրանից հետո «շփման եզրեր» գտնելը դարձավ իմ կյանքի հիմնական նպատակներից մեկը»:

Հարցնում եմ Ղազարյանին. «Ներողությունը անձնական տեսանկյունից ի՞նչ է նշանակում Ձեզ համար»: Այդ հարցին պատասխան տալու համար Ղազարյանը պատմեց իր աղջկա մասին։

«1980-ականներին զրույցներ էի անցկացնում ցեղասպանությունը վերապրածների հետ։ Երբ նրանց հարցնում էի. «Եթե ամեն ինչ փոխվի, ետ կվերադառնա՞ք», միշտ նույն պատասխանն էի ստանում. «Իսկ ո՞ւր կարող եմ գնալ»: Մի օր աղջկաս հետ Հալեպ ու Լիբանան եմ գնալու: Ես էլ ուզում եմ տեսնել տատիս անցած ողջ ճանապարհը, ուզում եմ տեսնել, թե ինչպես է հասել  որբանոց: Ինձ համար կարևոր է, որ աղջիկս իմանա, թե որտեղից է՝ մշեցի՞ է, թե՞ վանեցի: Անձամբ ես ներողություն չեմ ակնկալում, չեմ պահանջում: Սպասում եմ, որ հանցանքը ճանաչվի: Մյուս կողմից կարևորն այն է, որ իմ երեք հազարամյա գոյությունն ընդունվի: Շարունակվեն այդ ժառանգությունը, գոյությունը, արժեքները: Միայն ցեղասպանությունը չէ, որ հերքվում է, այլև` մեր պատմական անցյալն ու գոյությունը»:
Ֆիլմ, որի վերջը գիտենք:

«Յուրաքանչյուր դիվանագիտական գործընթացի վերջում պետք է լինի հաշտեցում և ճանաչում», ընդգծում է Սալբի Ղազարյանը` անդրադառնալով արձանագրություններին։ «Իրականում դա մի ֆիլմ է, որի վերջը գիտենք: Սակայն դերասանները, այսինքն` դիվանագետները, ձևացնում են, թե դրա մասին չգիտեն: Այդ պատճառով էլ ստեղծեցին մի փաստաթուղթ, որը չէր աշխատելու»:

Այս խոսքերից հետո «բայց» ասելով` Ղազարյանը շարունակում է. «Ինչպես ասում են ամերիկացիները, սենյակում մի մեծ փիղ կա և ոչ ոք դրա մասին չի խոսում: Այդ փղին չեն տեսնում կամ էլ չեն ուզում տեսնել»:
Իսկ թե ֆիլմի վերջում ինչ պետք է լինի, նրա համար շատ պարզ է։

«Ես սպասում եմ, որ Թուրքիան մերժելու է Օսմանյան իշխանության հանցանքը ճիշտ այնպես, ինչպես հայերն ու մյուս պետությունները տեղի ունեցածն ընդունում են որպես ցեղասպանություն, որպես հանցանք և ճանաչում ու դատապարտում են այն: Իսկ մի՞թե Թուրքիայում, որտեղ լեզվից սկսած մերժվում է օսմանյան ժառանգության մեծ մասը, հնարավոր չէ ճանաչել և քննադատել այդ հանցանքը»:

Պատմություններ, որոնք մեկ նախադասության մեջ չեն տեղավորվում
Ի պատասխան այն հարցին, թե ապրիլից ի վեր «սառեցված» արձանագրությունների ընդունումը երկու երկրների հարաբերություններում առաջընթաց ապահովելու համար օգտակար կլինի, թե` ոչ, Ղազարայանն ասում է.
«Ընդհանրապես բոլոր արձանագրությունները կարող են ստորագրվել ավանդական ձևով: Ավանդական արձանագրությունները հիմնվում են դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի և սկզբունքների վրա, որոնք են կողմերի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և ներքին գործերին չմիջամտելը: Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ստորագրվեին այդ սկզբունքների և բնականաբար սահմանների բաց լինելու վրա հիմնված արձանագրություններ: Միայն արձանագրությունների ստորագրումից և ընդունումից հետո է հնարավոր երկու ժողովուրդների միջև որևէ այլ հարցի քննարկումը, ներառյալ ցեղասպանության ճանաչումը»:

Ղազարայանն իր խոսքը եզրափակում է տատին հիշելով.
«Բայց եթե երկու էջանոց արձանագրությամբ փորձ է արվում տատիս և  միլիոնավոր մարդկանց պատմությունը, մեկ նախադասության մեջ սեղմելով, մի կողմ թողնել, դա անըդունելի է և առաջընթաց չի կարող ապահովել»:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Զբոսաշրջության համար նախատեսված գումարը պետական բյուջեի ծախսերից, Հայաստան

մլն դրամ % ընդհանուրից
2008 250 0.030
2009 263 0.028
2010 50 0.005
2011 50 0.005
2012 50 0.005

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Կաթնարտադրության խթանման ծրագիր
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Ծրագրի նպատակն է աջակցել կաթնարտադրության կայացած ճյուղին, տրամադրելով ֆերմերներին կթի ավտոմատացված մեքենաներ, որոնք կնպաստեն ֆերմաների արտադրողականության բարձրացմանը և եկամուտների ավելացմանը:
Կիզակետ

 
Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում