Վարդան Օսկանյանի հարցազրույցը Armenia Today ինտերնետային պարբերականին

Հարցազրույց
VOՊարոն Օսկանյան, ձեր գնահատականով արդյո՞ք հայ-թուրքական գործընթացը կարելի է սառեցված համարել, այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունները դեռևս Հայաստանի խորհրդարանի մեծ օրակարգում են: Եվ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով միջազգային հանրության շահագրգռությունը սահմանների բացման հարցում, արդյոք Հայաստանը սկսված հայ-թուրքական գործընթացից հետ կանգնելու հնարավորություն ունի՞:

-Հայ-թուրքական ներկա գործընթացը կարելի է սառեցված համարել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան դադարի շահարկել այդ թեման, ինչպես նաև դադարի ակտիվ միջամտել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:  Երկու ուղղություններով էլ առայժմ հակառակ միտումն է երևում: Թուրքիան շարունակում է շահարկել գործընթացը ցեղասպանության ճանաչման խնդրի առումով, ինչպես նաև այսօր` առավել քան երբևէ, ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այսպիսով, չնայած նախագահի գործողություններին, դժվար է համարել, որ գործընթացը կանգ է առել կամ սառեցվել է:
Հակառակը` այս փուլում միջազգային հանրությունը համարում է, որ և Թուրքիան, և Հայաստանը ժամանակավոր դադարեցրել են արձանագրությունների վավերացումը` գործընթացի շարունակման համար ավելի բարենպաստ պայմանների սպասելով: Ընդ որում, օրինաչափ է, որ մյուսները բարենպաստ պայմաններ ասելով հասկանում են ղարաբաղյան կարգավորումը: Թուրքիան ստացավ այն, ինչին ձգտում էր գործընթացի առաջին օրվանից: Այսօր Թուրքիան ազատ է արձանագրությունների վավերացման միջազգային ճնշումից և հանգիստ գործում է ղարաբաղյան կարգավորման դաշտում:

Դուք ասացիք, որ հայ-թուրքական  գործընթացը սառեցված չեք համարում: Այդուհանդերձ, այդ ուղղությամբ առաջընթաց չի արձանագրվում: Ձեր կարծիքով ե՞րբ գործընթացը կմտնի ակտիվ փուլ:

Քանի դեռ չկան ղարաբաղյան կարգավորման հարցում գործնական քայլեր և քանի դեռ Ադրբեջանը չի տվել իր համաձայնությունը, չեմ կարծում, որ Թուրքիան կգնա սահմանի բացմանը: Այսպիսով, գործընթացը շարունակում է կախման մեջ մնալ ղարաբաղյան կարգավորումից, ինչն ակնհայտ էր առաջին իսկ օրվանից:

Խոսելով կարգավորման գործընթացի մասին, ձեր կարծիքով որքանո՞վ է իրական և անվտանգ ազատագրված տարածնքերի հանձնման հեռանկարը` հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական հռետորությունը և ինչպե՞ս եք դուք գնահատում տարածքների փուլային վերադարձի հեռանկարը, ըստ ռուսական` 2+3+2 բանաձևի, ինչի մասին խոսվում էր մամուլում:

Նախ ես վստահ չեմ նման տեղեկատվության ճշմարտացիության մեջ: Այդուհանդերձ, կարծում եմ, որ եթե երբևէ Հայաստանի առաջ որևէ տարածքի հանձման խնդիր դրվի` առանց ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորման (իսկ համապարփակ կարգավորումը 1998-ից ի վեր հայկական կողմի հստակ դիրքորոշումն է) Հայաստանի իշխանությունները դժվար թե նույնիսկ քննարկեն դա:

Այժմ շատ է խոսվում ռուս-թուրքական մերձեցման մասին: Թուրքիան ու Ռուսաստանը սկսել են համագործակցություն տնտեսոության ռազմավարական ոլորտներում: Կարծո՞ւմ եք արդյոք, որ նման համագործակցությունը որոշակի փուլում կարող է վերածվել քաղաքական դաշինքի և ինչպես կարող է նման զարգացումը անդրադառնալ Հայաստանի վրա:

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, Ռուսաստանն էլ այդ երկրի հետ որոշակի խնդիրներ ուներ և հիմա տեղի է ունենում մերձեցում: Բայց դա կարող է և չնշանակել, որ ռուս-թուրքական մերձեցումը անպայման տեղի է ունենում Հայաստանի հաշվին: Թեև, միաժամանակ  այդ խնդիրը պետք է դիտարկել հայ-թուրքական գործընթացի և այդ գործընթացի արդյունքում առաջ եկած հետևանքների ենթատեքստում:

Ի վերջո, Թուրքիան որոշակի պարտավորություն է ստանձնել միջազգային հանրության առաջ` սահմանի բացման առումով և Թուրքիան շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այդպիսով, առևտրի մեջ մտնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և հակամարտության վրա ազդեցություն ունեցող այլ երկրների հետ, Անկարան անպայման բարձրացնելու է Ղարաբաղի խնդիրը` պահանջելով այդ ուղղությամբ ջանքերի ակտիվացում և կարգավորման գործընթացի արագացում: Նման արագացումը չի բխում Հայաստանի շահերից: Մենք ականատես եղանք, թե ինչ բացասական հետևանքների կարող է բերել գործընթացներում արհեստական արագացումը:

Ակնհայտորեն Դուք գոհ չեք այսօր վարվող արտաքին քաղաքականությունից: Ձեր կարծիքով ո՞րն է հիմնական թերացումը արտաքին քաղաքականության մեջ:

Արտաքին քաղաքականությունը միջոց է: Այն պետք է միջոց լինի խնդիրների լուծման`անվտանգության ամրապնդման, երկրի զարգացմանն ու առաջխաղացմանն աջակցելու համար: Այսինքն, արտաքին քաղաքական նախաձեռնությունը քայլ է կոնկրետ արդյունքների հասնելու համար: Այսօր, սակայն, արտաքին քաղաքականությունը Հայաստանում դադարել է միջոց լինելուց և վերածվել է նպատակի: Միջազգային ասպարեզում որևէ քայլ իշխանությունները ներկայացնում են որպես ձեռքբերում, անկախ այն բանից թե ինչի կհանգեցնի այդ քայլը: Քայլն ինքնին ներկայացվում է որպես արդյունք: Նման մոտեցման պարագայում մենք կորցնում ենք այդ քայլով պայմանավորված գործընթացների հետագա զարգացման վրա վերահսկողությունը: Հայ-թուրքական գործընթացը դասական օրինակ է:

Ձեր ելույթներում Դուք որոշակիորեն անդրադարձել եք գործող նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնություններին: Ինչպե՞ս եք գնահատում նախագահի ներքաղաքական քայլերը: Հնարավո՞ր է արդյոք խոսել որոշակի առաջընթացի մասին կամ համեմատել նախորդ նախագահների կառավարման տարիների հետ:

Ներքաղաքական իրավիճակը ես գնահատում եմ բոլորովին այլ տեսանկյունից: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք լուրջ առաջընթացի հասնել ներքաղաքական ասպարեզում, եթե կարողանանք բարեփոխել քաղաքական համակարգը և ստեղծել լուրջ հակակշիռներ ներքին դաշտում: Այդ առումով մենք հետքայլ ենք արձանագրում: Այսօր կարելի է պնդել, որ երկրում գործում է միակուսակցական համակարգ: Կուսակցությունները շատ են, բայց իշխանության բոլոր ճյուղերը մեկ կուսակցության հսկողության տակ են: Բացի այն, որ իշխող կուսակցությանը իրական հակակշիռ չկա, չի գործում նաև “ինքնահակակշռման” մեխանիզմը, քանի որ իշխանությունը վստահ է, որ իր հաղթանակը ապահովված է նաև հաջորդ ընտրություններում, դրանց հաջորդող ընտրություներում և այդպես շարունակ:  

Խոսելով հակակշիռների ստեղծման անհրաժեշտության մասին, դուք նկատի ունեք նաև օլիգարխների դեմ պայքա՞րը:

Ենթատեքստն այլ էր: Խոսելով հակակշիռների մասին ես նկատի ունեի լուրջ քաղաքական հակակշիռները: Այսօր գոյություն ունի մեկ կուսակցություն, որը տնօրինում է իշխանական բոլոր լծակները: Անհրաժեշտ է այնպիսի բևեռի ստեղծում, որը կհակակշռի իշխանական կուսակցությանը: Իհարկե հարց է ծագում, թե ո՞վ դա թույլ կտա, չէ որ նման փորձ արվել է: Բայց ես կարծում եմ, որ գործնականում նման փորձ չի արվել: Ընդդիմադիր ուժերը ձգտել են գնալ հեղափոխության կամ իշխանության գլուխ կանգնած անձերի փոփոխության ճանապարհով: Ոչ ոք չի առաջարկել երկրի կառավարման, Հայաստանի համար, սկզբունքորեն նոր մոտեցում: Ոչ ոք չի ձգտել հակակշիռ ձևավորել իշխանության ներսում: Այդ պատճառով էլ մենք առաջընթաց չենք արձանագրել: Հակակշիռների մեխանիզմը ավելի ընդունելի է հասարակության համար, քանի որ այն չի ենթադրում անշրջելի ցնցումներ և հենված չէ հավատ չներշնչող պնդման վրա, թե իշխանության լծակներին լիովին տիրանալու մղումով առաջնորդվող ուժը հաջողության դեպքում գործողից ավելի լավը կլինի:

Այսօրվա քաղաքական դաշտում տեսնո՞ւմ եք արդյոք նման գործիչ, որը կարող էր նման ուժ ստեղծել:


Շեշտադրումները պետք է ոչ թե անձերի, այլ քաղաքական ուժերի և գործընթացների վրա արվեն: Վստահ եմ, որ չնայած քաղաքական համակարգի անկատարությանը, Հայաստանի քաղաքական դաշտում կան առողջ և դրական տարրեր: Ճիշտ մոտեցման դեպքում` այնպիսի մոտեցման, որը կբխի պետության և ոչ թե քաղաքական խմբերի ու անհատ գործիչների շահերից, կարծում եմ, որ քաղաքական դաշտում գործող դրական տարրերը կարող են առավել ինքնուրույն և համարձակ գործել` միաժամանակ անհրաժեշտության դեպքում միասնական քայլեր ձեռնարկել, նպատակ ունենալով հակակշռի ստեղծումը: Հակակշիռը պետք է ձևավորվի մինչ մոտակա ընտրությունները, ընտրությունների նորմալ ընթացք ապահովելու և խորհրդարանում և պետական կառավարման համակարգում այդ հակակշիռը արտացոլելու համար: Մենք երկու տարի ունենք և եթե չկարողանանք այդ ընթացքում նման փոփոխություններ իրականացնել, գործող համակարգի բացասական հետևանքները կարող են այնքան խորանալ, որ դրանց վերացումը նույնիսկ հաջորդ սերունդների համար դժվար կլինի:
Այսօր դարձյալ արդիական է արտագաղթի խնդիրը: Վերջերս ՄԱԿ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն միայն Եվրոպայում հայերի ներկայությունը վերջին երկու տարվա ընթացքում ավելացել է 40 տոկոսով: Հայաստանը լքելու վերաբերյալ խոսակցությունները նոր թափ են հավաքել: Ընդ որում, նույնիսկ երիտասարդների շրջանում, որոնք աշխատանք ունեն: Այսինքն այսօր երիտասարդներից շատերը մտածում են Հայաստանը լքելու մասին ոչ թե ֆինանասական, այլ այն պատճառով, որ մեր երկրում հեռանկար չեն տեսնում: Նման իրավիճակը չափազանց վտանգավոր է, քանի որ հասարակության հենց այդ հատվածն է, որ երկրի զարգացման շարժիչ ուժը պետք է լինի: Այդ պատճառով, մենք քիչ ժամանակ ունենք: Անհրաժեշտ է գիտակցել քաղաքական համակարգի փոփոխման կարևորությունը, ինչը պետք է դառնա երկրի ճիշտ զարգացման հիմքը:

Հայաստանում ավանդույթ է դարձել, որ նախագահի հեռանալուց հետո միանգամից սկսում են խոսել նրա հնարավոր վերադարձի մասին: Ինչպե՞ս եք դուք գնահատում մեծ քաղաքականություն Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորությունը և ինչպե՞ս եք գնահատում նրա հաջողության հնարավորությունը:


Ցանկացած անձ ինքը պետք է որոշում կայացնի: Երկիրը, հասարակությունը պետք է առաջ նայի: Պետք է կարողանանք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և շարժվել առաջ: Թե ինչ արդյունքների կբերի այդ ընթացքը` պետք է կախված լինի արդեն ժողովրդի որոշումից: Ժամանակ վատնել անվերջ քննարկումների վրա, թե ով կվերադառնա, իսկ ով ոչ` անարդյունք զբաղմունք է: Մեր առօրյա խնդիրներն այնքան շատ են և այնքան վառ արտահայտված, իսկ դրանց բացասական հետևանքներն այնքան զգալի են, որ մենք պետք է մտածենք թե ինչպես առաջ շարժվել և ինչպես լուծել այդ խնդիրները: Եթե հնարավոր լինի ձևավորել հակակշիռներ իշխանության ներսում, մենք կարող ենք վստահ լինել, որ ժողովրդի կամքը կհարգվի իշխանության ձևավորման գործընթացում և նման խոսակցությունները կդադարեն, որովհետև թե ով կվերադառնա իսկ ով կգնա, կորոշի հասարակությունը: Դրան կարելի է հասնել միայն գործուն հակակշիռների մեխանիզմի միջոցով:

Սերժ Սարգսյանի իշխանության գալու առաջին իսկ օրվանից նա որոշ քայլեր ձեռնարկեց, որոնք չէին կարող դուր գալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ձեր գնահատականով, հնարավո՞ր է արդյոք, որ դա դառնա նրանց միջև լուրջ տարաձայնությունների պատճառ: Եվ ինչպե՞ս եք դուք ընդհանրապես մեկնաբանում հրապարակումները և խոսակցությունները Սարգսյանի և Քոչարյանի միջև տարաձայնությունների վերաբերյալ:

Այդ հարցերը իրենց պետք է ուղղեք: Ես կարծում եմ, որ իշխանությունների քայլերը պետք չէ գնահատել որևէ մեկին դուր գալու կամ չգալու տեսանկյունից: Դրանք պետք է գնահատվեն ըստ արդյունքների: Ես քննադատաբար եմ վերաբերվում գործող իշխանությունների արտաքին և ներքին քաղաքական որոշ քայլերին, քանի որ կարծում եմ, որ այսօր ակնհայտ է խոսքի և գործի միջև տարբերությունը: Այն խոստումները, որոնք տրվել են որոշակի քաղաքական փուլում և այն իրականությունը, որ ունենք այսօր` զգալիորեն տարբեր են: Մենք պետք է փորձենք գնահատել իշխանությունների քայլերը` ժողովրդի շահերի տեսանկյունից:
 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում