Հարց ու պատասխան՝ Տնտեսական ճգնաժամի պատճառները Հայաստանում
| Երկխոսություն |
Մեր նախորդ հարցն էր` ինչն է առավել ազդում Հայաստանի տնտեսական ճգնաժամի վրա: Մենք իհարկե գիտակցում ենք, որ և համաշխարհային ճգնաժամը, և կառավարության տնտեսական քաղաքականությունը մեծ դեր են խաղացել այս գործընթացում: Հարցմանը մասնակցածների մոտավորապես կեսը համաձայնել են, որ երկուսն էլ հավասարաչափ են ազդել տնտեսական խնդիրների խորացման վրա: Այդուհանդերձ հարցվողների մեկ երրորդը ավելի մեծ պատասխանատվություն է դրել կառավարության, քան համաշխարհային ճգնաժամի վրա:
Ակնհայտ է, որ կառավարության տնտեսական զարգացման ծրագիրը և դրա իրականացման եղանակը խնդրահարույց է:
Այս խորն ու լայնածավալ հետընթացից դուրս գալու միակ ելքը վստահության վերականգնումն է: Վստահության հիմքում ի վերջո հավատն է: Հավատը մեր կառավարության, գործարարների, մեր տնտեսության հիմքերի և տնտեսական ապագայի հանդեպ:
Այժմ այդ հավատը զգալիորեն խարխլվել է: Կառավարությունը փորձում է արձագանքել իրավիճակին մի շարք գործողություններով: Դեռևս սակայն բացակայում են խնդրի խորության վերաբերյալ հստակ ուղերձներն ու հստակ պատկերացումը և պատրաստակամությունը մեր տնտեսական համակարգի կարծրացած խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:
Եթե ճգնաժամի ժամանակ կառավարությունն ու ժողովուրդը հասկանում են, որ լուծումը պետք է ունենա իր գինը և այն պետք է հավասարաչափ և արդարացիորեն վճարեն բոլոր կողմերը, այդ դեպքում հնարավոր է իրականացնել բարեփոխումներ, նորարարություններ, որ այլ պարագայում հնարավոր չէր լինի նախաձեռնել:
Իհարկե ճիշտ է, որ ճգնաժամին նպաստել է համաշխարհային ծանր իրավիճակը: Բայց սա չի մեղմացնում իշխանությունների պատասխանատվությունը, որոնք պետք է պատկերացում և ծրագիր ունենան տնտեսական ճգնաժամի ազդեցությունը նվազագույնի հասցնելու, նոր դռներ բացելու հնարավորությունը օգտագործելու, նոր հարթություն ստեղծելու և հին խոչընդոտները վերացնելու ու երկրի տնտեսական զարգացումը նոր մակարդակի հասցնելու համար:
Ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ կառավարության սկզբնական անգործությունը ավելի խորացրեց իրավիճակը և Հայաստանի տնտեսությանը թերևս շատ ավելի ժամանակ կպահանջվի անսպասելի հարվածից հետո ոտքի կանգնելու համար: Սակայն դեռ բավական ժամանակ կա, այլ երկրների և կառավարությունների նման, ավելի իրատեսական մոտեցումներ ցուցաբերելու և հնարավորությունը լավագույնս օգտագործելու համար:
Թերևս այս փուլում դեռ ուշ չէ ամբողջովին չկորսված սահմանափակ ռեսուրսները վերադարձնելու և փրկելու համար: Սխալներն ընդունելը հայկական սովորույթ չէ: Բայց սխալները չընդունելու, և դրանք ուղղելու համար հստակ քայլերի չդիմելու դեպքում, մենք երկրի փխրուն տնտեսությունը թողնելու ենք բախտի քմահաճույքին:






