Ի՞նչն ավելի դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա
| Երկխոսություն |
Մեր նախորդ հարցումն էր` ինչն ավելի դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա հայ-թուրքական սահմանի բացումը, թե ներքին տնտեսական և քաղաքական բարեփոխումները: Մինչ արդյունքների քննարկմանն անցնելը, մի փոքր` հարցադրման մասին: Ընթերցեղներից մեկը հարց ուղղեց մեզ, թե արդյոք մեկը հակասում է մյուսին, կամ միթե հնարավոր չէ իրականացնել երկուսը միաժամանակ:
Իհարկե, տեսականորեն հնարավոր և նույնիսկ ցանկալի է: Հարցադրումը սակայն վերաբերում է հետևյալին, արդյոք այս միջոցառումներից որն ավելի շոշափելի, տեսանելի և երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա:
Այլ կերպ ասած ինչն է առաջնայինը տնտեսական խնդիրները լուծելու համար` ամեն գնով սահմանի բացմանը հասնելը, թե ջանքերը ներքին համակարգային խնդիրների լուծմանն ուղղելը: Մեր հարցման մասնակիցների մեծ մասը` 87.7 տոկոսը կարծում է, որ ներքին բարեփոխումներն ավելի մեծ ազդեցություն կունենան տնտեսության վրա: 12 տոկոսը կարծում է, որ բաց սահմանը ավելի առաջնային է: Բոլորովին չվիճարկելով բաց սահմանի անհրաժեշտությունը, մենք նույնպես, ինչպես և մեր հարցման մասնակիցների մեծ մասը, կարծում ենք, որ սահմանի բացումը չի կարող տնտեսական “հրաշագործ” ազդեցություն ունենալ, քանի դեռ և առավել ևս երբ լուծված չեն երկրի ներքին տնտեսական և քաղաքական համակարգային խնդիրները: Խոսքը թե տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակի, թե մենաշնորհների առկայության, տնտեսական մրցութնակության և բազմաթիվ այլ համակարգային խնդիրների մասին է: Ի վերջո մենք այսօր ունենք երկու բաց սահման, բայց երկրի տնտեսական խնդիրները միայն սահմանների քանակի ավելացմամբ չեն լուծվում:
Ի դեպ հատկանշական է, որ այսօր, նույնիսկ փակ սահմանների առկայության պայմաններում, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ անցյալ տարի կազմել է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 4.7 տոկոսը, ինչն ավելի շատ է քան բաց սահմանով Վրաստանի և Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը, համապատասխանաբար` 2.4 և 4.3 տոկոս: Ավելորդ է ասել, որ Թուրքիայի հետ մեր առևտրաշրջանառության բալանսը բացասական է, բայց ավելորդ չէ նշել, թե ինչ հարաբերակցությամբ` 98.5% – 1.5 %: Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք, որ բաց սահմանը կկրկնապատկի կամ կեռապատկի մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը, ակնհայտ է, որ դրանից արտահանման ծավալները նույնիսկ եռապատկվելու դեպքում մնալու են շատ ցածր: Կասկած չկա, որ բաց սահմանը նաև որոշակի տրանզիտային պոտենցիալ ունի որոշ ապրանքատեսակների համար: Այն անկասկած երկարաժամկետ կտրվածցքում տնտեսական որոշ հնարավորություններ կստեղծի, բայց տնտեսական հրաշքները, երկարաժամկետ լուծումները պետք է փնտրել այլ տեղ` սահմաններից այս կողմ, մեր տանը:






