Ժողովրդավարությունը Հայաստանում
| Երկխոսություն |
Նախորդ անգամ մենք հարցրել էինք “արդյո՞ք Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշումը Հայաստանին տրամադրվող օժանդակությունը սառեցնելու մասին խորհրդանշում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը խորը ճգնաժամի մեջ է”:
Հարցմանը մասնակցածների մեծ մասը` ավելի քան 62 տոկոսը, կարծում է, որ այդ որոշումն իրոք խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամը: Հարցվածների 34 տոկոսը կարծում է, որ ոչ: Մոտ 2 տոկոսն այս մասին կարծիք չունի: Այն մասը, որ կարծում է, որ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշումը չի առնչվում Հայաստանում ժողովրդավարության խնդրին, թերևս այն տեսակետի կողմնակիցն է, որ սա քաղաքական որոշում էր և Հայաստանում ժողովրդավարության գործընթացի օբյեկտիվ գնահատականը չէր:
Մեծամասնությունը սակայն, դատելով հարցման արդյունքներից, այն կարծիքին է, որ որքան էլ հեշտ լինի ամեն ինչ բացատրել քաղաքական շահերով, հայաստանյան զարգացումները բոլոր հիմքերը տալիս են պնդելու, որ Հայաստանը չի կատարում ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու իր պարտավորությունը, որը ստանձնել է կորպորացիայի հետ պայմանագիրը ստորագրելիս:
Ոմանք այս խնդրին նայում են միայն ֆինանսական տեսնակյունից, թե` չեն ուզում փողը տալ, այլ ֆինանսավորման աղբյուրներ կգտնենք:
Մյուս կողմից, կարևոր է գիտակցել, որ կորպորացիայի կողմից առաջ քաշված նախապայմանները ենթադրում են ժողովրդավարական ինստիտուտների նվազագույն պաշտպանվածություն և այդ չափանիշներին համապատասխանելը առաջին հերթին հենց մեզ պետք է ձեռնտու լինի, իսկ դրանց չհամապատասխանելու գնահատականը առաջին հերթին մեզ պետք է մտահոգի ու բոլորովին ոչ միայն ֆինանասական օգնությունից զրկվելու պատճառով:






