Ավագանու ընտրություններ
| Երկխոսություն |
Նախորդ հարցմանը մենք խնդրել էինք պատասխանել «վստահո՞ւմ եք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին» հարցին:
Հարցման մասնակիցների մեծամասնությունը` 93%-ը կամ 109 մարդ, պատասխանել է, որ չի վստահում արդյունքներին: Հարցման մասնակիցներից միայն 8-ն է պատրաստ վստահել դրանց: Բազմիցս ասել ենք, որ մեր հարցումը սոցիոլոգիական հետազոտության հավակնություն չունի, այդուհանդերձ թերևս սոցիոլոգիական հետազոտության կարիք չկա ապացուցելու համար, որ Հայաստանում խորն անվստահություն է արմատավորվել ընտրական ինստիտուտի նկատմամբ:
Առանց քննարկելու, թե որ ընտրություններում էին ընտրակեղծիքներն ավելի շատ ու ավելի աղաղակող, հարկ է փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները, որոնք թերևս հնարավորություն էին ընձեռում փորձ անելու վերականգնել հավատն ու հասարակական վստահությունը ընտրությունների հանդեպ, ավելի խորացրեցին հիասթափությունը, մասամբ գուցե այն պատճառով, որ Երևանի ընտրություններից սպասելիքներն ի սզբանե ավելի շատ էին: Սպասելիքները չարդարացան, արդյունքում` ավելի խորացան հասարակական անտարբերությունը, հիսաթափությունն ու հուսահատությունը: Ինչպե՞ս կարելի է և կարելի՞ է արդյոք շտկել իրավիճակը հարցը միանշանակ պատասխան չունի: Սիվիլիթաս հիմնադրամը փորձել է և ապագայում էլ փորձելու է այս ու մի շարք այլ խնդիրների քննարկման և դրանց հնարավոր լուծումների որոնման նպատակով բաց քննարկումներ կազմակերպել:
Մեզ համար միանշանակ է մի բան: Կան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել միայնակ: Հնարավոր չէ ընտրությունից-ընտրություն բողոքել ընտրակեղծիքներից, բայց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, մերժել այն հնարավոր քայլերը, միասնական քննարկումները, միասնական նախաձեռնությունները, միասնական ջանքերը, որոնք գուցե կմեծացնեն ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Ի վերջո ընտրությունները վակուումի մեջ չեն անցկացվում: Դրանք արտացոլում են այն համակարգային խորը խնդիրները, որոնք կան երկրում: Վատ ընտրություններն ավելի են խորացնում այդ խնդիրները` իշխանության և ուժի սերտաճումը, ազատ մամուլի բացակայությունը, բռնության միջոցով խնդիրների կարգավորման ավանդույթը, անկախ դատական համակարգի բացակայությունը, սեփականության անձեռնմխելիության սկզբունքի խախտումը և այլն: Այս ամենի հետևանքով է, որ հասարակությունը կորցնում է հավատը ժողովրդավարության հիմնասյունի`ընտրությունների հանդեպ, և սա պետք է մտահոգի բոլորին` քաղաքական ուժերին, կազմակերպված քաղաքացիական հասարակությանը և առաջին հերթին` իշխանություններին: Ժամանակն է ընտրություն կատարելու. կամ ղեկավարել պառակտված, հուսալքված, հիասթափված, լուրջ զարգացման հնարավորություն չունեցող երկիր, կամ ապրել ազատ, ժողովրդավարական, եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ դառնալու հավակնող երկրում, թեկուզ շարքային քաղաքացու կարգավիճակով:






