Հարց ու պատասխան՝ Արժեզրկման կարևորությունը
| Երկխոսություն |
Մեր հարցմանը մասնակցածների մեծամասնությունը (92) այն կարծիքն են արտահայտել, որ դրամի արժեզրկումը ընդահուր առմամբ դրական է Հայաստանի տնտեսության համար:
Հարցման մասնակիցներից 31-ը հակառակ կածիքն ունեին: Կարելի է ենթադրել, որ “ոչ”-ի մի մասը վերաբերում է ոչ թե դրամի արժեզրկմանն ընդհանրապես, այլ այն եղանակին, որով դա իրականացվեց:

Իսկապես, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից անսպասելի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը համաձայնել է անցնել ավելի ճկուն փոխարժեքի քաղաքականության, այն դեպքում, երբ շաբաթներ շարունակ հերքվում էր, որ նման քայլի անհրաժեշտություն կա, իրարանցում առաջացրեց հասարակության մեջ, որն արդեն իսկ զգում էր տնտեսական ճգնաժամի դժվարությունները:
Սրա արդյունքում զգալի հարված հասցվեց հասարակական վստահությանը, այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը թե’ վստահության, թե’ դրամի իրական շուկայական փոխարժեքի կարիքն ուներ:
Այդ իսկ պատճառով, թեև այն ճանապարհը, որն ընտրվեց դրամի փոխարժեքը փոխելու համար լավագույնը չէր, այդուհանդերձ համաձայն ենք, որ այսօր դրամի արժեզրկումը ավելի շատ դրական քան բացասական ազդեցություն կունենա:
Բացասական կողմը կտրուկ արժեզրկման հասցրած վնասն էր բանկային համակարգին: Դրամի արժեզրկումը անխուսափելիորեն հանգեցնում է գնաճի: Հայաստանը ներկրող երկիր է, բացի այդ տեղական արտադրության հումքի մի մասը նույնպես ներկրվում է, և դրա արդյունքում գոյացող գնաճը չի կարող չհարվածել դրամական եկամուտ ունեցող հատկապես անապահով խավի գրպանին:
Մյուս կողմից հաշվի առնելով տնտեսական անկումը և պահանջարկի նվազումը, ինչպես նաև միջազգային շուկայում ապրանքների գների անկումը, դրամի արժեզրկման դրական հետևանքներն ավելի տեսանելի կլինեն, քան բացասականը:
Կենտրոնական բանկը, որ տարբեր հաշվարկներով մի քանի հարյուր միլիոն դոլար էր ծախսել դրամի փոխարժեքը շուկայում կայուն պահելու համար, այժմ կդադարի վատնել իր պահուստները:
Թեև դրամի արժեզրկումը բարձրացնում է ներկրվող ապրանքի գինը, արտահանվող ապրանքն էժանանում է, ինչը կարող է նպաստել տեղական արտադրության զարգացմանը: Էժան դրամը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, և վերջապես դրսից եկող բոլոր միջոցները` մասնավոր տրանսֆերտներից մինչև ներդրումներ և օտարերկրյա վարկեր, ավելի մեծ արդյունք կունենան տնտեսության համար:
Իհարկե շատ բան կախված է նրանից, թե որքան կայուն կլինի այս փոխարժեքը: Դա իր հերթին կախված է այն բանից, թե կառավարությունն ինչ քայլեր կձեռնարկի բյուջեն որքան հնարավոր է շուտ իրատեսական դարձնելու ուղղությամբ: Ճիշտ քայլերի դեպքում հնարավոր կլինի խուսափել կտրուկ վայրիվերումներից և հետագա ցնցումներից:






