Հայաստան և հարևաններ. 20 տարիները թվերով
Փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հարավային Կովկասում Խորհրդային Միության փլուզումից հետո, հսկայական են: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն անցել են անհամաչափ, հաճախ անբարենպաստ և երբեմն ոգևորող զարգացումների միջով:Այս երեք երկրների տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավիճակները շատ տարբեր են եղել, և երեքում էլ շոշափելի փոփոխություններ են արձանագրվել թե՛ տնտեսության, թե՛ հասարակության մեջ: Այդուհանդերձ, այդ փոփոխություններն ավելի պակաս դրամատիկ են թվում, երբ համեմատում ենք Կովկասին հարակից տարածաշրջանի մեծ պետությունների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ:
Սիվիլիթաս հիմնադրամը հրատարակել է մի գրքույկ, որը վերնագրված է «Հայաստան և հարևաններ. 20 տարիները թվերով»։ Այնտեղ տեղ են գտել վերջին քսանամյակի վիճակագրական տվյալները, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել այդ երկրների ժողովրդագրության, սոցիալական և տնտեսական ոլորտների միտումների և այլ զարգացումների մասին: Հնարավորության սահմաններում ներկայացվել են բոլոր վեց երկրների թվերը՝ մարդկային, տնտեսական և համակարգային առաջընթացի վերաբերյալ համապարփակ պատկերացում տալու համար:
Տարիներ են պահանջվել, որպեսզի այդ երկրներից յուրաքանչյուրում հուսալի վիճակագրություն հավաքվի: Կովկասում այդ թվերը հաճախ հաշվարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից, ազգային ինստիտուտների փոխարեն:
«Այժմ վիճակն այլ է»,- նշում է Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Յուրաքանչյուր երկիր հիմա կարող է խոսել իր իրականության մասին թվերով: Ավելին, կարիք կա որ այդ երկրները հիմա փորձեն իրենց դիտարկել որպես տարածաշրջանի մաս: Այս գրքույկն, այդ առումով, փորձում է քանակական պատկեր տալ մեր տարածաշրջանին»,- եզրակացնում է Ս. Ղազարյանը:






