Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության վերջի սկիզբը

Տեսակետ / Ռուսաստան

Իրադարձություն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մոսկովյան վերջին գագաթաժողովի ընթացքում, Հայաստանի ընթացիկ նախագահության ներքո ընդունվեց ՀԱՊԿ արագ արձագանքման ուժեր ստեղծելու մասին որոշումը: Այդ ուժերը տեղաբաշխվելու են մի շարք նպատակներով, այդ թվում նաև կազմակերպության անդամների դեմ ուղղված ռազմական վտանգներին հակադարձելու համար: Որոշումը համընկավ Ոուսաստանի կողմից ՀԱՊԿ անդամների համար կայունացման հիմնադրամի ստեղծման որոշման հետ: Հատկանշական է, որ այդ օրերին հայտարարվեց երկու վարկերի մասին՝ մեկը Հայաստանի, իսկ մյուսը Ղրղզստանի համար: Մի քանի օր անց, Միջազգային անվտանգության հարցերի շուրջ Մյունխենի 45-րդ խորհրդաժողովի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ելույթ ունեցավ ընդհանուր առմամբ ամերիկյան արտաքին քաղաքականության նոր շրջանակի և, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: Մինչ այդ Անվտանգության հարցերի շուրջ Մյունխենի միջազգային խորհրդաժողովը դարձել է այն վայրն, ուր բացահայտվում են տարվելիք աշխատանքների նոր ուղղությունները և մտադրությունները, հատկապես, ԱՄՆ- Ռուսաստան հարաբերություններում: Երկու տարի առաջ այն ժամանակ դեռ նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործեց այդ համաժողովը ռուս- ամերիկյան վատթարացող հարաբերությունների համատեքստում խիստ և հեգնախառը մեղադրական ելույթով հանդես գալու համար: Այս տարի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենըփորձեց շրջել այդ բացասական միտումը և, «”վերսկսել” կոճակը սեղմելու» մասին խոսելով, ցուցաբերեց այդ կարևորագույն հարաբերությունների համար նոր չափանիշներ որդեգրելու պատրաստակամություն: Միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, նա ակնհայտորեն հասկացրեց, որ Կովկասում Ռուսաստանի գերիշխանությունը հանդուրժելու հստակ սահմաններ գոյություն ունեն:

Զարմանալի չէ, որ Մյունխենի այս իրադարձությունից ընդամենը մի քանի օր առաջ ռուսները ճարպկորեն ամրապնդեցին իրենց դիրքը: Ռուսաստանի գերիշխանության ներքո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որը նաև նախատեսում է ընդհանուր հրամանատարական կառույցի գոյություն, ընդունեց իր անդրանիկ որոշումն ընդհանուր ուժեր ստեղծելու և դրանք արագ տեղաբաշխման համար նախապատրաստելու անհրաժեշտության մասին:

Վերլուծություն Պուտինի իշխանության գալուց ի վեր և, հատկապես, կրտսեր Բուշի տարիներին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վատթարացան՝ չնայած բարի մտադրությունների մասին ճարտասանությանն ու լուսանկարվելու առիթ ծառայած բազմաթիվ հանդիպումներին: Բնական է, որ ռուսներն, ինչպես և ամբողջ աշխարհը, ակնկալում են Օբամայի վարչակազմի կողմից քաղաքականության մեջ իրականացվելիք փոփոխություններ: Այդ նոր մոտեցումներին սպասելիս՝ ռուսները ցանկացան էլ ավելի ամրապնդել իրենց բանակցային դիրքը:

Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Դրանցից առաջինն է ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու և, դրան ի պատասխան, Կալինինգրադում հրթիռներ տեղակայելու Ռուսաստանի ծրագրերը: Երկրորդը՝ ՆԱՏՕ-ի ընդարձակման դեռևս վիճելի խնդիրն է: Երրորդը՝ շարունակական հակասություններն են էթնիկ հակամարտությունների և ինքնորոշման շարժումների ու անջատված տարածքների, մասնավորապես Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի, հեռանկարների և դրանց հանդեպ կիրառվող քաղաքականության հարցում: Վերջապես, նաև առկա է ազդեցության գոտիների համար տարվող, զուտ իրապաշտական քաղաքակունությամբ դրդված և արդեն ամրապնդված մրցակցություն: Այդ մրցավազքն, ինչպես նաև էթնիկ հակամարտությունների շուրջ ցուցադրական դիրքորոշումներն, անխուսափելի ու լրջագույն հետևանքներ են ունենալու տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար: Բարեբախտաբար, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ռուսաստանն ու ԱՄՆ հավասարապես ներգրավված են Մինսկի խմբում և հանդես են գալիս զարմանալիորեն միահամուռ դիրքերից՝ չնայած այլ աշխարհաքաղաքական հանգույցների շուրջ իրենց ունեցած հակասություններին:

Այնուամենայնիվ, ազդեցության գոտու համար այդ մարտը կշարունակվի՝ չնայած այն հերքող բոլոր պաշտոնական հայտարարությունների: Կովկասում այդ մրցակցությունն էլ ավելի կբարդանա Թուրքիայի լրացուցիչ գործոնի պատճառով, որը ևս խանդավառորեն ձգտելու է հատուկ դերակատարություն ունենալ այդ գործում: Բացի դրանից, ԱՄՆ-ի դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալով՝ Թուրքիան, փաստորեն, ոչ պաշտոնապես հանդես է գալու ամերիկյան դիրքերն ամրապնդողի դերում: Ուստի և Ռուսաստանը, Թուրքիայի նախաձեռնողականության հետ ծածուկ համաձայնության գալով, սպասելու է, որպեսզի տեսնի, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Կովկասի երկրներից Վրաստանն, անկասկած, կլինի առաջինը, որն ամենայն խորությամբ կամրապնդի ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններն, ինչպես որ ցույց է տալիս վերջերս ստորագրված ԱՄՆ- Վրաստան խարտիան: Մյուս կողմից, վերջինիս համար Ռուսաստանի հետ հարաբերությունները դժվար են լինելու, քանի դեռ Վրաստանի նախագահն է Սաակաշվիլին: Դա նաև լրջորեն խոչընդոտելու է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը:

Թերևս պարզ չէ Ադրբեջանի տեղն այդ նոր ձևավորվող դաշինքներում: Ե՛վ ամերիկացիները, և՛ ռուսները ձգտելու են մեծացնել իրենց ազդեցությունը նավթ ու գազ մատակարարող այդ երկրում: Ուստի և Ադրբեջանը ստանում է խաղի ազատ դաշտ՝ գործարքներ նախաձեռնելու համար:

Հայաստանի մանևրելու համար արդեն իսկ սահմանափակված դաշտն է՛լ ավելի փոքրանում է: Ռուսաստանից 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկը վերցնելով և ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մեջ ներգրավվելով՝ Հայաստանն արդեն ընկալվում է խորապես ռուսական ճամբարն ընկղմված երկիր: Սակայն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԱՄՆ, և ո՛չ էլ, հատկապես, Հայաստանը չպետք է համարեն, որ Հայաստանի տեղը Ռուսաստանի ազդեցության ոլորտում արդեն կայացված գործարք է: Ընդհակառակը, ճիշտ ժամանակն է «կոմպլեմենտա-րություն» («փոխլրացում») եզրը վերահաստատելու, այլ ոչ թե դրանից խուսափելու համար: Իսկական ժամանակն է Վաշինգտոն բարձր մակարդակի այց կատարելու համար: Հայաստանը երկու ճամբարների համար էլ պարզապես կկորցնի իր կարևորությունն ու տեղը, եթե ընկալվի դրանցից մեկում վերջնականապես խարսխված:  

Հեռանկար Պարզ չէ, թե ինչպիսի արդյունքներ կարձանագրվեն Ռուսաստան-ԱՄՆ օրակարգի չորս-հինգ հիմնական խնդիրների շուրջ: Ամենակարևորը, պարզ չէ, թե ինչպես կզարգանան Ռուսաստան-Վրաստան և ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները: Միայն այդ երկուսը բավական են Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելու համար: Հայաստանը չունի որևէ այլընտրանք «կոմպլեմենտարության» («փոխլրացման») քաղաքականությանը, որն էական նշանակություն ունի երկրի անվտանգության և հավասարակշռված զարգացման համար: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը չի կարող ընտրել ֆինանսական և անվտանգության առումներով թվացյալ հեշտ ուղին: Սպասվելիք բարդ ու կոշտ առևտրի այս նախապատրաստական փուլում Ռուսաստանի դերը, իհարկե, Կովկասում թվում է անվիճելի: Հայաստանը պետք է վերահաստատի իր սեփական հստակ տեղն ու դերը երկու կողմերի միջև ձևավորվող նոր փոխդասավորության մեջ, որն այժմ կերտում են Ռուսաստանն ու Արևմուտքը:

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերի հանրային գրադարաններին, որպեսզի նրանք դառնան համայնքային կյանքի կենտրոններ և բնակչությանը մի շարք ծառայություններ մատուցեն:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում