Վարդան Օսկանյանի ելույթը Բեյրութում ապրիլի 24ին

Վերլուծություն / Թուրքիա

Սիրելի բարեկամներ,
Այս տարի ապրիլի 24-ին ես եկել եմ Հայաստանից, որտեղ ապրում եմ և որի քաղաքացին եմ, Սիրիայի ճանապարհով, որտեղ ծնվել եմ, Լիբանան, որտեղ ես ինձ տանն եմ զգում, որպեսզի ասեմ հետևյալը:
Մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում և այդ պայմաններում պիտի գործենք: Բոլոր երկրներն ապրում են ընդհանուր համայնքում, և մենք պետք է պահպանենք դա:

Բոլոր հարևանները պետք է կարողանան հատել սահմանը համագործակցության և փոխըմբռնման հասնելու համար, և ոչ թե փակեն այն և թշնամանք ու վախ սերմանեն:
Սա է այսօրվա աշխարհը, այն աշխարհը, որտեղ ես ուզում եմ ապրել: Իմ նախարարության տասը տարիները եկան վերահաստատելու իմ այն համոզմունքը, որ մենք հայերս ապրելով մի երկրում, որն իր պատմության ընթացքում ամենաշատ ոտնակոխ եղած տարածքն է, պետք է լինենք տարածաշրջանային համագործակցության նախաձեռնողը և մեր գործունեությամբ պետք է նպաստենք մեր բոլոր հարևանների հետ մերձեցմանը և անցյալի բարդ խնդիրների հաղթահարմանը:
Ես սա գիտեմ, որպես պատմության ուսանող, որպես դիվանագետ, որպես մարդ, որը հավատում է, որ քաղաքականությունը հնարավորության արվեստ է:

Այս տարի ցեղասպանության զոհերի հիշատակի 94-րդ տարելիցը մենք հույս ունեինք նշել մի փոքր այլ մթնոլորտում, մի փոքր ավելի հուսադրող և պակաս դառը հանգամանքներում, մեր ցավի մեջ պակաս միայնակ, մեր հարևանների հանդեպ պակաս անվստահության պայմաններում, մեր հնարավորությունների հանդեպ մի փորք նվազ վերապահումով, արդարության մեր փնտրտուքում միայնակ չլինելու զգացումով: Այս տարի մենք ուզում էինք մեր հարևանների աչքերում պատմության բեռն ընդունելու պատրաստակամության սկիզբը տեսնել: Բայց դա տեղի չունեցավ: Հակառակը` այսօր ինձ մոտ ավելի մեծ է կասկածն ու տարակուսանքը, քան մեր անկախության բոլոր նախորդ տարիների ընթացքում:

Սիրելի բարեկամներ,

Ես բնույթով լավատես եմ: Բոլոր այն տարիներին, երբ ես ելույթ եմ ունեցել ապրիլի 24-ին, ես միշտ նրբանկատ եմ եղել, ասելով, որ մենք չենք նույնացնում այսօրվա Թուրքիայի կառավարությունը և ժողովրդին ցեղասպանություն գործած Օսմանյան կայսրության հետ:

Անկախացումից ի վեր մենք խոսել ենք Թուրքիայի հետ նորմալ երկկողմ հարաբերություններ հաստատելու մասին, առանց նախապայմանների և փոխզիջման ոգով: Անցյալը միասին հաղթահարելու մեր ցանկությանը Թուրքիան տարիներ շարունակ արձագանքել է ձգձգմամբ, տարատեսակ խոչընդոտներով և երկակի խոսակցությամբ, իսկ վերջերս էլ` ժեստերով:

Սիրելի բարեկամներ,

Անզիջող հարևանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը զիջում է: Իրենց նախնիների գործած ցեղասպանության մերժումը հովանավորող կառավարությանը համագործակցության ձեռք մեկնելը փոխզիջում է` լուրջ, մեծ, անվտանգության տեսանկյունից հնարավոր հետևանքներ ունեցող փոխզիջում:

Մենք ակնկալում ենք, որ աշխարհը հասկանա չճանաչված, չդատապարտված ցեղասպանության թողած իրական հետևանքները: Մենք ակնկալում ենք, որ կառավարությունները հասկանան, որ պատմական իր մեղքը չընդունող, պատմական և քաղաքական ճշմարտությունը շարունակ հերքող հզոր հարևանի հետ ապրելը անվտանգության հետ կապված մտահոգությունների առիթ է:
Եկեք մի պահ վերհիշենք անկախությունից ի վեր և այսօր դեռևս առկա մեր առաջ դրված նրանց պահանջները:

Առաջինը ցեղասպանության ճանաչման խնդրից Հայաստանի և հայերի հրաժարվելն է: Վերջերս այս պահանջը ձևակերպվել է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու առաջարկի տեսքով: Դրա նպատակն ակնհայտորեն ցեսապանության փաստը կասկածի տակ դնելն է և գործընթացը անվերջ քննարկումների վերածելը: Ինչ պատմական հանձնաժողովի մասին է խոսքը: Ակնհայտ է` Թուրքիայից դուրս սա բոլորովին պատմական հարց չէ: Միայն Թուրքիայում է, որ պատմությունը կասկածի տակ է դրվում: Եթե դեռևս կան երկրներ, որոնք պատրաստ չեն ճանաչելու հայոց ցեղասպանությունը, դրա պատճառները քաղաքական և տնտեսական հետևանքների մասին մտահոգությունն է, այլ ոչ թե այն, որ նրանք կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը:

Ես խնդիր չեմ տեսնում միջկառավարական հանձնաժողով ստեղծելու մեջ, որը կաշխատի բաց սահմանները հատելով, նորմալ պայմաններում հանդիպելով և տարբեր, այդ թվում և պատմական խնդիրնեը քննարկելով: Բայց ոչ թե ցեղասպանության փաստը և պատմությունը կասկածի տակ դնելու, այլ պատմական խնդիրները միասին հաղթահարելու ուղիներ փնտրելու համար: Բայց այնպիսի հանձնաժողովի կամ ենթահանձնաժողովի ստեղծումը, որը պետք է հետազոտի ցեղասպանության խնդիրը, որպեսզի եզրակացնի, արդյոք տեղի ունեցածն իրոք ցեղասպանություն էր, թե՝ ոչ, պարզապես անընդունելի է:

Նրանց երկրորդ պահանջն է, որ Հայաստանն ու հայերը հրաժարվեն Թուրքիայից որևէ տարածքային պահանջից: Սա ի վերջո կարող է դրսևորվել սահմանների փոխադարձ ճանաչման ձևով, դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյունքում: Այս հանգամանքը ճշգրիտ գնահատելու համար, մենք պետք է տարանջատենք պատմական և քաղաքական իրողությունները: Աշխարհն ընդունում է մեզ` Թուրքիային և Հայաստանին մեր այսօրվա սահմաններով, և դա քաղաքական իրողություն է: Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար մենք պետք է ճանաչենք Թուրքիայի ներկայիս սահմանները: Բայց այս քաղաքական իրողությունը չպետք է ստվերի պատմական իրողությունները քննարկելու մեր իրավունքը կամ հերքի մի օր արդարության հասնելու մեր հույսերը:

Պետք չէ մոռանալ այն պատմական իրողությունը, որ հայերը ապրել են այդ տարածքներում հազարավոր տարիներ, և Հայաստանի սահմանները հազարամյակի ընթացքում հսկայական փոփոխությունների են ենթարկվել: Ոչ ոք չպետք է զարմանա, որ Արարատը պատկերված է մեր երկրի զինանշանի վրա: Հայկական թագավորությունը ժամանակին ձգվում էր ծովից ծով: Մեր սահմանների վերջին փոփոխությունը տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին: Սևրի պայմանագրի դրույթների համաձայն Հայաստանի տարածքն այսօրվա Հայաստանից 10 անգամ ավելի մեծ պետք է լիներ: Թուրքիան մերժեց պայմանագիրը, որ ստորագրվել էր իր իսկ կառավարության կողմից, և ուժի կիրառմամբ ստեղծեց նոր դե ֆակտո իրավիճակ, որը հանգեցրեց Լոզանի պայմանագրի ստորագրմանը, որը սահմանեց մեր երկրի այսօրվա սահմանները: Դարձյալ ուզում եմ կրկնել, ես խնդիր չեմ տեսնում սահմանների ճանաչման մեջ, առանց հրաժարվելու մեր պատմությունից կամ ապագայի հանդեպ մեր հույսերից:

Վերջապես, Թուրքիան ակնկալում է ղարաբաղյան հարցի կարգավորում: Խնդիրն այն է, որ նրանց կողմից ակնկալվող լուծումը լիովին տարբեր է մեր ակնկալիքներից: Այս հարցում համընկնող շահեր չկան: Ավելին, քանի որ Թուրքիան հասկանում է, որ ղարաբաղյան հարցում համապարփակ լուծումը մոտ ապագայի խնդիր չէ, նրանք պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձվեն Ադրբեջանին: Եթե նախորդ երկու նախապայմանների դեպքում որոշ դիվանագիտական ձևակերպումներով փոխհամաձայնության հասնելու հնարավորություն կա, ապա այս դեպքում դա բոլորովին անհնար է:

Թուրքիան ուզում է, որ մենք սահմանի բացման դիմաց հրաժարվենք հենց այն տարածքներից, որ մեզ պաշտպանում են 2015-ին 1915-ի հնարավոր կրկնությունից:

Սիրելի բարեկամներ,

Ցեղասպանության հետևանքով մեր կորուստները հսկայական են և անհամար` տարածքային, մարդկային, մշակութային, հոգեբանական: Դրանք անդառնալի կորուստներ են:
Այս դեռևս չսպիացած արհավիրքը Թուրքիան ավելի է խորացնում՝ ժխտելով ցեղասպանության փաստը: Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակություն է: Թուրքիան պնդում է, որ 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն որակելը վիրավորանք է ուղղված թուրք ժողովրդին: Ես կարծում եմ, որ հասուն հասարակության համար, որն ընդունում է խոսքի ազատությունը, վիրավորանքի պատրվակը պարզունակ և անհեթեթ պատճառաբանություն է: Բայց, եթե նույնիսկ ընդունենք, որ դա այդպես է, հեշտությամբ կարելի է ասել, որ թուրքական պետությունն ինքն է ստեղծել սեփական իմիջը, սեփական ինքնությունը, իրականությունը չարտացոլող սեփական նորագույն պատմությունը: Այժմ էլ, ստեղծելով տեղեկատվական ու կրթական այդ անջրպետը, Թուրքիան մտահոգված է, որ իր սեփական ժողովուրդը կվիրավորվի ճշմարտությունից: Բարեբախտաբար սակայն, թուրք հասարակության մեջ գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ փորձում են հաշտվել իրենց սեփական և մեր ընդհանուր պատմության հետ: Պետք է ընդունել, որ նրանք փոքրաթիվ են, բայց նրանք խոհեմ, անկեղծ և համարձակ մարդիկ են: Ոգեշնչվելով Հրանտ Դինքի նվիրումից և առաջնորդվելով սեփական բարոյականությամբ, նրանք աշխատում են նվազեցնել մեր միջև եղած անջրպետը: Ոչ ոք չի ակնկալում, որ սա արագ և հեշտ գործընթաց կլինի: Բայց մենք միշտ գիտեինք, որ այդ գործընթացի հաջողության համար կարևոր է, որ այն նախաձեռնվեր թուրք հասարակության ներսից:

Նրանց համար ամենամեծ խոչընդոտն իրենց սեփական կառավարությունն է: Պարզապես անհեթեթ է, որ 94 տարի անց Թուրքիան դեռևս շարունակում է պնդել, որ հայերի կողմից ցեղասպանության վերաբերյալ պնդումները երբևէ պատմական ու իրավական հիմք չեն ունեցել:

Ի լրումն սեփական պատմությունը և պատասխանատվությունը հերքելուն, Թուրքիան հիմա էլ չարաշահում է Հայաստանի կառավարության բարի կամքի դրսևորումը: Ես չեմ ուզում, որ մենք կասկածենք, որ Հայատանի կառավարությունը անկեղծ էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մեջ: Բայց այդ կամքի դրսևորումից մինչ օրս իրավիճակն այնքան է փոխվել, այնքան շատ նախապայմաններ են առաջ քաշվել, որ ամբողջ գործընթացը անորոշության մեջ է: Սրա ամենաթարմ դրսևորումը ցեղասպանության տարելիցից ընդամենը երկու օր առաջ երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարությունն էր:

Եթե ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարությունը պարզապես պատահականություն է, ապա սա վկայում է, որ մեր իշխանություններն անտարբեր են մեր համընդհանուր զգացմունքների հանդեպ: Սա անհասկանալի է: Բայց եթե սա արվել է միտումնավոր, ինչ որ մեկի առաջարկով կամ գուցե պնդմամբ, դրա փոխարեն ինչ որ բանի ակնկալիքով, դա նշանակում է, որ մենք ցեղասպանության ճանաչման խնդիրն առևտրի առարկա ենք դարձրել: Սա արդեն ոչ թե անհասկանալի է, այլ անընդունելի:

Անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր կառավարություններին հաջողվել է դիմագրավել Հայաստանից զիջումներ պոկելու Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին: Ես հույս ունեմ, որ այսօրվա հայրենի իշխանությունները նույնպես բավականաչափ խոհեմություն, համարձակություն ու հաստատակամություն կունենան անելու նույնը:

Սիրելի բարեկամներ,

Միայն 20-րդ դարում 15 ցեղասպանություն է տեղի ունեցել: Այդ ցեղասպանությունների զոհերն ունեն իրենց հիշողության վայրերը: Այն ինչ ֆրանսիացիները կոչում են “les lieux infames de mémoire” (հուշերի տխրահռչակ վայրեր) ամենուր են: Դրանք` մարդկանց որևէ հատվածի, դասի, ազգային խմբի, ցեղի կամ կրոնի պատկանելու համար, նրանց կրած սարսափի, ջարդերի, կոտորածների ու անխնա սպանությունների վայրերն են: Կամբոջացիների համար դրանք սպանդի դաշտերն են, 21-րդ դարի երեխաների համար` Դարֆուրը: Հայերիս համար` Տեր Զորի անապատն է: Ես այս շաբաթվա սկզբին Տեր Զորում էի և ես հասկացա, որ մեր պապերի և տատերի կյանքի և մահվան միջև կանգնել է միայն բախտը և անապատի ավազը: Ես մտածեցի, թե ինչպես է հնարավոր, որ 94 տարի անց էլ մենք դեռ ճանաչման կոչ ենք անում, որպեսզի գոնե 2015 թ. մենք հավաքվենք միայն հիշատակման համար: Որոնք են մարդկային արժեքները, եթե մենք՝ զոհերս, դեռ ստիպված ենք աշխարհին և ցեղասպանություն իրականացնողների հետնորդներին բացատրել, որ մեր միակ ցանկությունն է անցյալի սխալների ընդունումը և ապագայում ճիշտն անելու պատրաստակամությունը:

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Առողջ քաղաքական բանավեճ
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Ծրագրի նպատակն է աջակցել հայ հասարակության ներսում քաղաքացիական դիրքորոշումների դրսևորմանը` խրախուսելով առողջ քաղաքական բանավեճ երկրի կարևորագույն զարգացումների շուրջ, քննարկումների շարքերի միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում