Կովկասի պահը

Վերլուծություն / Կովկաս

 

Թեև մոտալուտ վտանգը տեսանելի էր, վրաց-ռուսական վերջին առճակատումը հիրավի ցնցեց բոլորիս: Չնայած ռազմատենչ կոչերի սաստկացմանը և զինված ուժերի հզորացմանը, ոչ ոք չէր պատկերացնում, որ ուղերձների շփոթը և խրթին օրակարգերը նման վերջաբան կունենան` պատճառ դառնալով այդչափ ավերածության, զոհերի և աշխարհաքաղաքական քաոսի:

Հարավային Օսեթիայի հակամարտությունը պետք չէ դիտարկել բացառապես վրաց-ռուսական հարաբերությունների ընդլայնված շրջանակի մեջ: Այն, ի վերջո, էթնիկ հակամարտություն է, և նման հակամարտությունները Կովկասում մի քանիսն են: Ուստի, այն պետք է հնչի` որպես միջազգային հանրությանն ուղղված զգոնության կոչ: 

Եթե այսօր մտահոգություն է պատճառում խողովակաշարերի անվտանգությունը, ապա պատկերացրեք այն իրական վտանգները, որոնք գլուխ կբարձրացնեն Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ ադրբեջանա-հայկական հակամարտության պարագայում: Հետևապես, այս տարածաշրջանում առկա` էլ ավելի բարդ հակամարտությունների կարգավորման գործընթացում լուրջ հաջողության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է արագորեն լուծել անվտանգության և կայունության` համեմատաբար ավելի դիւրին խնդիրները:

Եթե կնքվի ուժի օգտագործումը բացառող` պարտադրելի, կուռ և անխախտելի անվտանգության դաշնագիր, տարածաշրջանում առկա հակամարտությունները կդիտարկվեն լիովին այլ` ավելի մեծ վստահության և հանդուրժողականության համատեքստում: Քանի դեռ չկա անվտանգության դաշնագիր, հակամարտությունները ոչ միայն սառեցված չեն, այլև` ուղեկցվում են սպառազինությունների կուտակմամբ` երևույթ, որն ինքնին ապակայունացնող է, աղճատում է պետությունների բյուջեները և սասանում քաղաքացիական հասարակության բնականոն զարգացումը:

Մեր պետությունների և ժողովուրդների` Կովկասում մեկ հովանու ներքո ապրելու պատմությունը շատ ավելի երկարատև է և հարուստ, քան բաժանման շրջանը: Այսօր բոլորս փայփայում ենք եվրոպական ինտեգրման միևնույն տեսլականը: Հետևաբար, մեզ միավորող տեսլականը շատ ավելի հզոր է և տոկուն, քան մեզ բաժանողը: Հենց եվրոինտեգրման ընդլայնված շրջանակում է, որ պետք է լուծվեն մեր հիմնախնդիրները:

Թեև եվրոինտեգրման թեման վիճելի չէ, ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղիք է տալիս որոշակի տարակարծությունների: Կոնկրետ թշնամու պարտության մատնելու նպատակով ձևավորված մեծ դաշինքների պատմությունից հայտնի չեն դեպքեր, երբ դաշինքը գոյատևած լինի իր առջև դրված խնդիրը լուծելուց հետո. դա վերաբերում է թե նապոլեոնյան պատերազմներին, թե Առաջին և թէ Երկրորդ աշխարհամարտերին:

Սառը պատերազմում Արևմուտքի հաղթանակից հետո տեղի ունեցավ երկու բան: ՆԱՏՕ-ն փորձեց վերաիմաստավորել իր գոյությունը` ուշադրություն և միջոցներ կենտրոնացնելով այլ տարածաշրջաններում, և լուծելով այլ հրատապ խնդիրներ: Ռուսաստանին “զսպելը” հռչակված նպատակների շարքում չկար: ՆԱՏՕ-ն նաև ստեղծեց Եվրո-ատլանտյան գործընկերության խորհուրդ, որին մասնակցելու հրավեր ստացան արևելյան դաշինքի և նախկին Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները: Դա հեռատես մոտեցում էր` մնայուն դառնալու բոլոր նախադրյալներով: Չէ որ հենց այդպես էին իրենց գործունեության արդյունավետությունը բարձրացրել ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը` իրենց կազմի մեջ ներառելով ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած պետությունները: Իրենց ներգրավվածությունը և կենսունակությունն ապահովելուց զատ, նշված կազմակերպությունները վիթխարի օգուտ բերեցին մեր պետությունների աճին և զարգացմանը:

ՆԱՏՕ-ն, սակայն, վաղուց հասած լինելով իր հռչակած նպատակին, ծրագրում էր շարունակել գործել նույն ոգով և նույնիսկ ընդլայնել իր ներկայությունը: Հաշվի առնելով անվտանգության միջավայրի փոփոխությունները, ինչպես նաև անվտանգության ոլորտում Ռուսաստանի դյուրազգացությունը, այդ քայլը, ըստ երևույթին, ռազմավարական սխալ էր: ՆԱՏՕ-ին անդամակցելու` Վրաստանի բուռն ցանկությունը հասկանալի է: ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում Վրաստանին սպասող անվտանգության օգուտները, սակայն, կչեզոքացվեն Կովկասում բաժանարար գծի անցկացմամբ, որը հղի կլինի անվտանգության մարտահրավերներով:

Թերևս, եկել է Կովկասի պահը` պատմական հնարավորություն տարածաշրջանի անվտանգության նոր դաշնագրի համատեքստում, որպեսզի Բրյուսելը, Վաշինգտոնը և Մոսկվան հանդիպեն Թբիլիսիի, Երևանի և Բաքվի հետ` ստեղծելու որևէ ճամբարի մեջ չմտնող Կովկաս, որը չի մասնակցի անվտանգության կազմակերպությունների և հակադիր դաշինքների: Այդօրինակ դրական, ներգրավված և մասնակցային չեզոքությունը հնարավոր է և ձեռնտու բոլորին:

Դա առավելագույնս բխում է մեր խիստ դյուրավառ տարածաշրջանի շահերից: Վրաստան-Ռուսաստան հարթության վրա ԱՄՆ-Ռուսաստան առճակատման հետևանքով կյանքը շատ կբարդանա ոչ միայն մեզ մոտ` Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում և Թուրքիայում:

Գոյապահպան անվտանգության այս հարցադրումների լույսի ներքո պետք է դիտարկել Կովկասի անվտանգության և համագործակցության հարթակ ձևավորելու վերաբերյալ Թուրքիայի վերջին առաջարկը:

1999 թվականին շրջանառության մեջ դրվեց Կովկասի անվտանգության դաշնագրի գաղափարը: Վերջինս բարեհաճ ընդունելության արժանացավ, քանզի մեր տարածաշրջանում ուժի գործադրման մասին հիշողությունները դեռ թարմ էին, իսկ անվտանգության ապահովման միջոցների հրատապությունը` ակնհայտ: Ռուսական շահերի նկատմամբ դիմադրությունը դեռ չէր խորացել, և չկային միջնորդավորված լարվածության դրսևորումներ: Նույնիսկ այդ մեղրամսի պայմաններում գաղափարը կյանքի չկոչվեց:

Այսօր կրկին ուժ է կիրառվել, և թերևս այդ պատճառով է նորից մակերես բարձրացել վերոհիշյալ գաղափարը: Այնուամենայնիվ, Սառը պատերազմի փիլիսոփայությունն այսօր սպառնում է վերադառնալ` բաժանարար գծեր անցկացնելու այս լեռներում և ծայր աստիճան բարդացնելու տարածաշրջանային բոլոր հարաբերությունները կամ, ավելի ստույգ, այն, ինչ մնացել է այդ հարաբերություններից:

Հետևաբար, Թուրքիայի առաջարկն անկասկած հետաքրքիր է, և ոչ ոք չի վիճարկում խնդրի հրատապությունը:

Սակայն, գաղափարը պետք է ճիշտ մշակել և ճիշտ իրագործել: Այստեղ վստահելիության խնդիր կա: Մեր տարածաշրջանում նման փորձ արդեն կա` երբ լավ մտադրություններն անիրագործելի են դարձել հենց այն քաղաքական խնդիրների պատճառով, որոնք լուծելու համար դրանք ձևակերպվել են: Սևծովյան տնտեսական համագործակցության ստեղծման նպատակն էր միավորել նրանց, ովքեր մինչ այդ չէին կարողանում գործակցել ոչ տնտեսական, ոչ այլ բնույթի խնդիրներ լուծելու ուղղությամբ: Սևծովյան տնտեսական համագործակցության արդյունավետությունը սահմանափակ է եղել, քանզի Թուրքիան, ունենալով հեռատեսություն, չի դրսևորել բավարար կամք` տեսլականն իրականության վերածելու համար, չկարողանալով այդ կառույցի միջոցով հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` փոխարենը փակ պահելով վերջինիս հետ իր սահմանը:

Առկա լարվածության պայմաններում այսօրվա առաջարկը պետք է լինի ավելի լուրջ և հավասարակշռված: Որևէ մեկի մասնակցությունը չպետք է բացառվի: Անվտանգության հիմնախնդիրները միահյուսված են և պետք է լուծվեն անվտանգության դաշնագրի միջոցով, որը կներառի անվտանգության համապարփակ, ուժեղ բաղադրիչ:

Նախորդ շաբաթ Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը քննարկեց Թուրքիայի ծրագիրը և հրապարակայնորեն խոսեց Հայաստանի ներառման մասին: Գերազանց զուգադիպություն է այն, որ Թուրքիայի Նախագահ Գյուլը Հայաստանի Հանրապետության Նախագահից հրավեր է ստացել` միասին դիտելու ֆուտբոլի ազգային հավաքականների մասնակցությամբ մոտ օրերս տեղի ունենալիք խաղը: Սա պատեհ առիթ է, որպեսզի երկու հարևանները քննարկեն անվտանգության ընդհանուր մարտահրավերները և ուղի հարթեն խաղաղության տարածաշրջան կերտելու համար:

 

 
Հանրային հարցումներ
Նորվեգիայի և Գերմանիայի կառավարությունների աջակցությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամը մի քանի ամիս առաջ սկսեց հանրային հարցումներ անցկացնել Հայաստանի ամբողջ տարածքով։ Հարցումների արդյունքները պարբերաբար հասանելի են լինելու զանգվածային լրատվամիջոցների համար՝ ակնկալիքով, որ դրանք նաև հանրային քննարկումների տեղիք կտան։

ամբողջությամբ

Մտորելու փաստեր

Բնակչության մասը, որ իր ներկա և ապագա կյանքը համարում է տառապալից - 2011 հարցում

Հայաստան 35%
Ադրբեջան 18%
Վրաստան 28%
Սլովակիա 12%
Ռուսաստան 19%
Կանադա 1%

Կարծիքներ, աղբյուրներ

Ավելացնել կարծիք


Մուտքագրել նիշերը
Փոխել նիշերի նկարը

Հրատարակություններ
Screen_shot_2011-12-31_at_3.22.34_PM
Մեր ծրագրերը
Հարևանները միմյանց մասին` հոդվածներ մամուլից
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Ծրագրի նպատակն է հայ և թուրք հասարակությունների միջև երկխոսության և բանավեճի խթանումը, հարևաննների միջև բազմաթիվ խնդիրների, մտահոգությունների, սահմանափակումների և հնարավորություների շուրջ, հայկական և թուրքական մամուլից այս թեմաներին առնչվող հրապարակումների թարգմանությունների միջոցով:
Կիզակետ

 
Հանրային քննարկում

Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է

«Հակամարտություններ և պատմության
դասագրքեր»

թեմայով քննարկմանը:

Քննարկումը կվարի
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրեն
Սալբի Ղազարյանը

Քննարկումը տեղի կունենա
Մայիսի 22-ին, ժամը 14:00-ին
Երևան հյուրանոցի Ռոսինի սրահում:

Մասնակցությունը միայն նախնական գրանցումով՝
010 500 119:

Civil.am

Հետևեք Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեությանը civil.am կայքում: Գտեք նոր գործընկերներ, տեղեկացեք համագործակցության հնարավորությունների մասին: Աջակցեք ընթացիկ ծրագրերին և քաջալերեք նոր ծրագրերի ստեղծմանը:
 
Podcast
Սիվիլիթասի բլոգ
Կարդացե՛ք․ տեսակետներ, իրադարձություններ, կարծիքներ։ Այսօր` Ես բանակ չգնացի… Ես ապրում եմ…
Սիվիլիթասն ինտերնետում