Բարիդրացիական Իրանի այլընտրանքը
| Վերլուծություն / Կովկաս |
Իրանը ռմբահարելու կամ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին խոսակցությունները դարձյալ ակտիվացել են: Տարիներ շարունակ, Իրանի վերաբերյալ վիճաբանությունները տարուբերվում են երկու վատթար այլընտրանքների միջև: Ոմանք համոզված են, որ միջուկային զենք ունեցող Իրանը տարածաշրջանային հնարավոր զարգացումներից վատթարագույնն է, անգամ ավելի վատը, քան կանխարգելիչ ռմբահարումը: Բայց, ո'չ միջուկային զենքի տիրապետող Իրանը, և ո'չ էլ կանխարգելիչ ռմբահարումը առնվազն այս տարածաշրջանի համար խելամիտ այլընտրանք չեն:
Իրանի ռմբահարման հետևանքները պետք է որ հստակ լինեն` այն է, Հորմուզի նեղուցի փակումը, նավթի գների գերաճը, Իսրայելի դեմ հնարավոր հակահարվածը (անկախ այն բանից թե ով էր հարվածողը), և Իրաքում ու Աֆղանստանում իրադրության էլ ավելի շիկացումը: Իրականում, կանխարգելիչ ցանկացած հարվածները անշրջելի և երկարընթաց վնաս են հասցնելու տարածաշրջնային անվտանգությանը և քաղաքական ու տնտեսական կայունությանը:
Իհարկե, այս ամենի այլընտրանքը պակաս վտանգավոր չէ: Միջուկային զենք ունեցող Իրանը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի անվտանգության միջավայրը և, Իրանի ու Իսրայելի թշնամանքի պայմաններում, միջուկային երկու տերությունների դիմակայությունը իրական սպառնալիք է ստեղծում:
Այս երկընտրանքի լուծման համար պետք է հասկանալ, թե Իրանն իրականում ինչ է ուզում, և ինչպես է հնարավոր նրա ցանկությունները համադրել մյուսների անվտանգության մտահոգությունների հետ:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ասել է, որ Իրանը ցանկանում է ունենալ ուրանի հարստացման տեխնոլոգիաներ` արդյունաբերական նպատակներով: Իրանի այդ իրավունքը ոչ ոք չի վիճարկում: Սակայն աշխարհն առայժմ երկփեղկված է առ այն, թե արդյոք Իրանն անկեղծ է իր հայտարարություններում:
Իսկապես, եթե ինչպես ոմանք համոզված են, Իրանն անկեղծ չէ, ուրեմն արդյունաբերական նպատակներով ուրանի հարստացման տեխնոլոգիաների առաջին փուլին տիրապետելուց հետո այդ երկիրը կարող է հեշտությամբ անցում կատարել դեպի միջուկային զենքի ստեղծումը, ինչի պարագայում միջազգային հանրությունը պարզապես կկանգնի կատարված փաստի առջև` ընդ որում, հաղորդակցության հնարավորության բացակայության պայմաններում, առանց տեղում գործող դիտորդական խմբերի և առանց վերահսկիչների, ովքեր անհրաժեշտության դեպքում ահազանգ կհնչեցնեին:
Ահա թե ինչու աշխարհը չպետք է սևեռվի այդ առաջին փուլի վրա, որն արդեն իսկ կորսված է: Իրանն արդեն ունի ուրանի հարստացման ավելի քան 3.000 կենտրոնախույս սարքավորումներ` ցենտրիֆուգներ, չնայած միջազգային բոլոր պատժամիջոցներին ու արգելանքներին: Փոխարենն աշխարհը պետք է կենտրոնանա երկրորդ փուլի վրա, քանի որ հենց այստեղ է ուրվագծվում միջուկային զենքի ի հայտ գալու սպառնալիքը, և հենց այսպիսի դեպքերի համար են նախատեսված դիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմները:
Իրանում միշտ էլ պնդել են, որ կհարգեն սեփական հանձնառությունները և, սպառազինությունների չտարածմանը ձգտող միջազգային համայնքի ջանքերին համահունչ` բաց կպահեն իրենց դռները դիտորդների առջև: Միաժամանակ, միջազգային հանրությունն էլ պետք է հարգանք դրսևորի Իրանի ներկայիս արդյունաբերական նպատակների նկատմամբ, եթե կամենում է ստանալ այդ երկրի համագործակցությունը:
Առաջին քայլը Իրանի` շրջափակված երկիր լինելու զգացողության փարատումն է: Բարեբախտաբար, ԱՄՆ-ում և այլուր արդեն ձայներ են հնչում Իրանը բարձրագույն մակարդակով ներգրավելու անհրաժեշտության մասին: Սակայն Իրանի հետ արդյունավետ երկխոսություն վարելու համար պետք է հասկանալ այդ երկրի մտածելակերպն ու արժեքները:
Իրանցիներն ունեն ավագության, եթե ոչ գերազանցության մի զգացողություն, որը ծնունդ է առել մինչև մեր օրերը հասած մշակութային հարուստ ու հնամենի ժառանգության օրրանից: Միևնույն ժամանակ, երկարընթաց նվաճումների ու ճնշման ենթարկված լինելու պատմական հանգամանքների բերումով նրանք ունեն խոր արմատներ նետած անապահովության զգացում, ինչն այսօր ամրապնդվում է ամերիկյան զորքերի ներկայությամբ իրենցից արևմուտք` Իրաքում, և իրենցից արևելք` Աֆղանստանում: Ուստի նրանց արդի աշխարհայացքը խարսխվում է այս երկու իրողություններին` նրանք կասկածամիտ են այլոց շարժառիթների նկատմամբ, և հպարտ` խելամի, անզիջում բանակցորդների իրենց ունակություններով, ինչպես նաև իրենց սեփական ռեսուրսներով:
Սիրիայի և Իրանի անցյալ ու ներկա առաջնորդների հետ իմ հանդիպումներում, ինչպես նաև Սադամ Հուսեյնի հետ իմ զրույցի ժամանակ լսել եմ միևնույն բանը` Արևմուտքը ցանկանում է իրենց ծնկի բերել: Իրենց բացատրությունն այն էր, որ Արևմուտքը չի կարողանում հանդուրժել գաղափարախոսությունների վրա հենված պետությունների վարքագիծն ու շարժառիթները: Սիրիան, Իրանը և սադամյան Իրաքը հենց այդպիսի պետություններ էին, որոնք ունեին գերագույն խնդիրներ` իսլամը, արաբական միասնությունը կամ հակասիոնիզմը:
Եվ ուստի իրանցիների համար, ովքեր հավատի ու ազգային հպարտության կրողներ են, անհրաժեշտ ու ընդունելի է այնպիսի արձագանքը, ինչն ուրիշների համար ինքնահավանության և անտրամաբանականության դրսևորում է:
Զանգվածային ոչնչացման զենքերի հետ կապված սադամյան պատմությունը պատմական վառ օրինակն է այն բանի, թե ինչպես ոմանք պատրաստ են գնալ մահվան դուռը` գլուխը բարձր պահած: Սադամը գիտեր, որ ինքը զանգվածային ոչնչացման զենքեր չունի, սակայն այդպես էլ չկամեցավ ստորակայել իր իրավունքները տեսչական առաքելությունների պահանջներին:
Ինչպես Հյուսիսային Կորեայի դեպքում, Իրանի հարևանները ևս կարող էին երևան բերել Իրանի և մնացյալ աշխարհի միջև հարաբերությունների կարգավորման իրական մեխանիզմներ: Այսպես կոչված ՙվեցակողմ բանակցությունների՚ ձևաչափում Հյուսիսային Կորեայի հարևանները շոշափելի խթաններ առաջարկեցին Կիմ Յոնգ-Իլի վարչակարգին` հրաժարվելու համար սեփական միջուկային ծրագրերից: Նման խթաններից առավել նշանակալիցը Հյուսիսային Կորեայի տնտեսական շրջափակման վերացումն էր:
Իրանը նույնպես իրեն շրջափակված է զգում, թեև մեկուսացված չէ: Նրա տնտեսությունը մեծապես կախված է առևտրից, և ոչ միայն նավթի արտահանումից: Այդ երկրի ազգաբնակչության երկու երրորդը 30 տարեկանից երիտասարդ է, և գոյություն ունի բարձր գործազրկություն: Երկիրը կարիք ունի օտարերկրյա ներդրումների իր գազի և նավթի արդյունաբերությունն արդիականացնելու, ճանապարհաշինությունն ու ենթակառուցվացքային այլ ծրագրերը ֆինանսավորելու համար:
Հարևան Թուրքիայի հետ համեմատություններն ուսուցողական են: Մինչև Իսլամական հեղափոխությունը, Իրանը Թուրքիային շրջանցում էր ուղղակի արտաքին ներդրումների ծավալով, մեկ շնչին ընկնող եկամուտների ցուցանիշով և ՀՆԱ-ի աճով: Այժմ արդեն Թուրքիան է առաջ անցել և անգամ չի բացառվում, որ անդամակցի Եվրոպական միությանը:
Տարածաշրջանային կտրվածքում այլ համեմատությունները էլ ավելի ակնառու են դարձնում այդ միտումը: Կատարը գերազանցել է Իրանին իրենց ընդհանուր սահմանների տիրույթում գտնվող գազային պաշարների շահագործմամբ: Փոքրիկ Դուբայը կարողանում է շատ ավելի օտարերկրյա ներդրումներ հրապուրել, և իրանցիներն այնտեղ են մեկնում բանկային գործարքներ ու առևտուր անելու, ինչպես նաև պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու համար:
Իրանի հարևանները պետք է համոզեն այդ երկրի ղեկավարներին, որ Իրանը ևս կարող է մասնակցել տարածաշրջանային զարգացմանը, և անգամ դառնալ տարածաշրջանի առաջատար: Միայն բաց և թափանցիկ Իրանը, լիապես ընդգրկվելով տարածաժրջանային տնտեսական զարգացումներում և ստանձնելով այն դերակատարությունը, որը համամասն է իր չափերին և տնտեսական ներուժին, կկարողանա հաղթահարել շրջափակվածության իր բարդույթը:
Ուստի Արևմուտքի համար կարևոր քայլ կարող է լինել Իրանը որպես գազի այլընտրանքային մատակարար դիտարկելը, և այդ երկիրը Կենտրոնական Ասիայից Եվրոպա գազ արտահանելուն ուղղված` Սպիտակ հոսանք և Նաբուկո խողովակաշարերի քննարկվող ծրագրեում ներգրավելու առաջարկը:
Աշխարհի պատկերացումները Իրանի շարժառիթների ու գործողությունների վերաբերյալ չպետք է սխալ ընկալվեն իրանցիների հպարտության պատճառով: Մենք Իրանի իրական մտադրություններին կարող ենք հասու լինել միայն այն ժամանակ, երբ այդ երկրի նկատմամբ կվարենք ներգրավման, այլ ոչ թե անկյուն քշելու քաղաքականություն:







