Ռուսաստանը փորձում է ներգրավել Ադրբեջանին և կանգնեցնել Նաբուկո գազատարի նախագիծը
| Վերլուծություն / Կովկաս |
Ռուսաստանը պատրաստ է վերջնական հարված հասցնել եվրոպական Նաբուկո գազատարի նախագծին` օգտագործելով իր վերականգնված ազդեցությունը Կովկասում, Վրաստանի հետ հնգօրյա պատերազմից հետո:
Սա Մոսկվայի դիվանագիտական խաղի մի մասն է, որը նպատակ էր հետապնդում Ադրբեջանին իր ազդեցության ոլորտը ներգրավել: Ըստ էության, Նաբուկո նախագծի համար նախատեսված ադրբեջանական գազը գնելու Գազպրոմի առաջարկը այս ռազմավարության կենտրոնական մասն է: Եթե դա հաջողվի, եվրոպացիները ականատես կլինեն, թե ինչպես է Նաբուկոյի գազի հիմնական աղբյուրը դուրս գալիս իրենց վերահսկողությունից: Ավելին, եթե Մոսկվան գնի ամբողջ այն գազը, որ Ադրբեջանը նախատեսում է արտադրել, ինչը հայտարարվել է որպես նպատակ, Բաքուն այլևս վաճառքի հանելու բան չի ունենա ո’չ Թուրքիային կամ Իտալիային, ո’չ էլ Հունաստանի առաջարկած գազատար նախագծերին , որոնք նույնպես նպատակ ունեն բազմազան դարձնելու Եվրոպայի մատակարարման աղբյուրները:
Այսպիսի սցենարը բավականին կբարձրացնի Իրանի հնարավորությունները` որպես Եվրոպայի պոտենցիալ գազի աղբյուր, քանի որ այլ հնարավոր մատակարարների (Եգիպտոս, Իրաք, Թուրքմենստան) ի հայտ գալը մոտ ապագայում իրատեսական չէ, խոչընդոտներով լի, և շատ դեպքերում` անտրամաբանական: Բայց Իրանի միջուկային ծրագրի խնդիրը խոչընդոտում է Եվրոպայի և այս երկրի միջև հարաբերությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, եթե Մոսկվային հաջողվի ներգրավել Բաքվին իր խաղի մեջ, Եվրոպայի հույսերը` նվազեցնելու իր կախվածությունը ռուսական գազից, երկար ժամանակով կփլուզվեն: Եվ սա տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Վենեսուելայի և Իրանի աջակցությամբ, ըստ Իրանի էներգետիկայի նախարարի, ձգտում է վերափոխել Գազ արտահանող երկրների համաժողովը` գազային OPEC-ի,:
Բաքվի և Մոսկվայի միջև կապերի ամրապնդման ամենաարտառոց արդյունքը կարող է լինել այն, որ Հայաստանը կվճարի դրա քաղաքական գինը:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեվը փորձում է զիջումների մղել երկու կողմերին` հատկապես Հայաստանին,Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար:
Վերջինս` հայկական փոքր անկլավ է, որը 1921 թ. Ստալինը հանձնեց Ադրբեջանին և որն իրեն անկախ հռչակեց 1988 թ.-1994 թ. վեցամյա պատերազմին նախորդած ապստամբությունից հետո: Բաքուն պահանջում է “վերադարձնել” Ղարաբաղը` առաջ քաշելով տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ հայերը մերժում են այս հանգուցալուծումը` վկայակոչելով ազգերի ինքնորոշումը: Մեդվեդեվը, որն այցելեց Հայաստան հոկտեմբերի 20-21-ը, հայտարարեց Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գալիք հանդիպման մասին, որը, ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ունի “իրական հնարավորություն” վերջ դնելու այս հակամարտությանը:
“Մնում է երկու- երեք չլուծված խնդիր, որոնք պետք է համաձայնեցվեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետագա հանդիպումների ընթացքում”, ասել է Լավրովը: Առաջին հանդիպումը կայացավ Մոսկվայում, Նոյեմբերի 2-ին, որտեղ ստորագրված երկկողմ հռչակագրի համաձայն, երկու նախագահները պայմանավորվեցին “շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համաձայնեցման ուղղությամբ”
Իրականում, պայմանները, որոնք կտանեն ընդունելի զիջման երկու կողմերին, երաշխավորված չեն: Իհարկե, ռուսները այս ամենից լիովին տեղյակ են: Բայց Վրաստանի պատերազմից հետո, նրանք ցանկանում էին օգտվել տարածաշրջանում Միացյալ Նահանգների ակտիվության նվազեցումից և եվրոպական թույլ արտահայտված ներկայությունից` Կովկասում ավելի ամրապնդվելու նպատակով:
Նրանք ցանկանում էին իրենց խիստ հրապարակային ջանքերը Ղարաբաղյան խնդրի լուծման հասնելու ուղղությամբ ներկայացնել որպես իրենց բարի կամքի ապացույց` հատկապես Բաքվի նկատմամբ, բայց սա նույնպես նշանակում է, որ եթե այս ջանքերը չհաջողվեն, հակամարտությունը չի լուծվի և նույնիսկ կարող է նորից բռնկվել: Ադրբեջանցիները իրենց հերթին մտածում են, թե ինչպես պետք է արձագանքեն: Վրաստանյան պատերազմը մի կողմից, բացահայտեց աջակցության այն սահամները, որ ամերիկացիները կամ եվրոպացիները պատրաստ են տրամադրել, մյուս կողմից, ցույց տվեց, թե ռուսները որքան հեռու են պատրաստ գնալ, երբ հավատացած են, որ իրենց ազգային շահը վտանգված է:
Այս փոքր պատերազմի ընթացքում Ադրբեջանը խնդրեց Ռուսաստանին չվնասել իր ածխաջրածնային ծրագրերը Վրաստանում` Բաքու- Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթատարները, Բաքու- Թբիլիսի- Էրզրում գազատարը, Փոթիի նավահանգիստը և սրանցից ոչ մեկը չվնասվեց, սակայն ռումբերը ընկել էին ոչ շատ հեռու: Սա ադրբեջանցիներին մտածելու տեղիք տվեց: Ինչպես պետական նավթային Սոքար կազմակերպության փոխնախագահն ասաց, ինչու բոլոր հավկիթները դնել նույն զամբյուղի մեջ, հատկապես երբ զամբյուղը այդքան փխրուն է:
Իրենց հերթին, մի շարք եվրոպական երկրներ առաջարկում են Ադրբեջանին այլընտրանքային ուղիներ գտնել արտահանման համար` ապահովելով, որ Նաբուկոն անցնի Հայաստանով: Ավելին, սա կնվազեցնի այդ գազատարի երկարությունը մոտավորապես 350կմ-ով, համեմատած վրացական ճանապարհի հետ, որը շրջանցում է Հայաստանի տարածքը: Սակայն Բաքվի համար սա իրատեսական է միայն ղարաբաղյան հակամարտության լուծման համատեքստում: Քանի որ Մոսկվան ձգտում է ինքը գնել Ադրբեջանի գազը, ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորությունը (որին, ըստ ռուսական դիվանագետների, իրենք ձգտում են) կարող է Կրեմլի շահերին հակասել, առնվազն` այս տեսանկյունից: Բացի այդ, Նաբուկոյի անցկացումը կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախացմանը, որը ներկայումս մեծապես կախված է Ռուսաստանի մատակարումից:
Բաքուն համոզված չէ, թե որ ազդանշանին հետևի: Արդյոք խելամիտ կլինի անցկացնել ապագա Նաբուկո գազատարը Վրաստանով: Իսկ ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Գազպրոմը, որն ուզում է գնել գազը, մերժում ստանա ադրբեջանցիներից: Արդյոք Բաքուն կփորձի շահել Ռուսաստանի լավ վերաբերմունքը, հույս ունենալով որ Մոսկվան աստիճանաբար կհեռանա հայերից: Այդ դեպքում, ինչու շտապել: Ի վերջո, հասնելով օրական մեկ միլիոն բարրելի բարձրունքին Ազերի-Շիրակ-Գյունաշլի նավթի նախագիծը կապահովի, որ Բաքուն ստանա շատ շահավետ եկամուտներ մինչև առնվազն 2015 թ.: Բացի այդ, ռուս-իտալական Հարավային գազատարի նախագիծը, որը համարվում է Նաբուկոյի մցակիցը, հետաձգվել է մի քանի տարով:
Պաշտոնապես` Ադրբեջանը ծրագրում է արտադրել 32 միլիարդ խորանարդ մետր գազ 2014-ին և 40 միլիարդ խորանարդ մետր` 2017-ին: Դրա արտադրությունը հասել է ընդամենը 6.3 միլիարդ խորանարդ մետրի 2007 թ., և սպասվում է արտադրության ընդլայնում` մոտ 11 միլիարդ խորանարդ մետրի 2008 թ.: Շահ Դենիզ հանքատեղին է ներկայումս մատակարարում Բաքու-Թբիլիսի- Էրզրում գազատարը, որը ծառայում է Վրաստանին և Թուրքիային և հենց Շահ Դենիզի աստիճանաբար աճող արտադրությունն է, որը ողջունվում է թե’ Ռուսաստանի և թե’ եվրոպացիների կողմից: Այս հանքատեղին արտադրել էր 3.1 միլիարդ խորանարդ մետր 2007 թ., և սպասվում էր 7.7 միլիարդ խորանարդ մետրի արտադրություն 2008 թ.: Զարգացման երկրորդ փուլը, ակնկալվում է, կընդլայնի արտադրությունը մինչև 10-11 միլիարդ խորանարդ մետր: Բաքուն նաև մեծ հույսեր է կապում Աբշերոնի հանքավայրի հետ և ներկայումս բանակցություններ է վարում դրա զարգացման ուղղությամբ ֆրանսիական Թոթալ ընկերության հետ:







