Հակամարտությունը Վրաստանում և դրա միջազգային հետևանքները
| Վերլուծություն / Կովկաս |
Ռուսաստանի և Վրաստանի միջև Հարավային Օսեթիայի շուրջ բռնկված հակամարտությունից հետո, միջազգային հանրությունը, հատկապես այն կազմակերպությունները, որոնք ակտիվ են Հարավային Կովկասում, սկսեցին հրապարակային հարցեր բարձրացնել, որոնք, հավանաբար, պետք է վաղուց հնչեին: Նոյեմբերի 6-7 Թբիլիսիում կայացած կոնֆերանսին, որը հովանավորվում էր Հենրիխ Բյոլլի ինստիտուտի և Բերթելսման հիմնադրամի կողմից, կոչված էր փնտրելու “Եվրոպական ռազմավարությունը Հարավային Կովկասում”: Կոնֆերանսն անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են պատերազմը և դրա միջազգային հետևանքները, ժողովրդավարական բարեփոխման ապագա մարտահրավերները և միջազգային համագործակցության հնարավորությունները: Պարոն Օսկանյանը խոսեց օգոստոսյան դեպքերի միջազգային հետեւանքների մասին:
Ստորև ներկայացված է Վարդան Օսկանյանի ելույթը կոնֆերանսում:
Եկեք ավելի լայն ենթատեքստ տանք տարածաշրջանում տեղի ունեցածին:
Ճիշտ է սա առաջին հերթին հակամարտություն էր Վրաստանի և Ռուսաստանի միջև: Հետևաբար, անմիջական հետևանքները նախ և առաջ զգաց տեղի բնակչությունը: Մեծապես տուժեց Հարավային Օսեթիայի բնակչությունը, և տուժեց Վրաստանի բնակչությունը` Գորիում և այլուր: Ուղղակի ֆիզիկական հետևանքները, անշուշտ, ծանր էին, և հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև` ավելի քան լարված:
Իմ կարծիքով, չնայած Վրաստանի և Հարավային Օսեթիայի բնակչության վրա անմիջական ազդեցությանը, այս հակամարտությունը անցնում է տարածաշրջանի սահմաններից, որովհետև ռուս-վրացական հակամարտությունը պետք է դիտարկել որպես Արմուտք-Արևելք, Ռուսաստան-ԱՄՆ, տարածաշրջանում գերիշխանության խնդրի` ՆԱՏՕ-ի ընդլայնման լայն ենթատեքստի մի մաս: Սրանք այն խնդիրներն են, որոնք պարզապես չեն կարող անտեսվել:Եթե այն դիտարկվի բացառապես Ռուսաստան-Վրաստան ենթատեքստում, ապա, խնդիրը հասկանալու և լուծման տանելու անհրաժեշտ հեռանկարները կանոնակարգելու ճանապարհին, մենք կսխալվենք: Մենք պետք է փնտրենք ավելի լայն համատեքստ` խնդիրները ճիշտ հասկանալու և արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ռուս-վրացական հակամարտությունը և Հարավային Օսեթիայի խնդիրը կարելի է նույնիսկ դիտարկել որպես տարածաշրջանում տեղի ունեցածի հետևանք և ոչ թե պատճառ: Ուստի համատեքստի ընդլայնումը կարևոր է:
Եթե բացենք փակագծերը, ապա ակնհայտ է դառնում, որ անվտանգությունը համար առաջին խնդիրն է, և մեր հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնանա դրա վրա: Ես կցանկանայի մի քանի զուգահեռներ անցկացնել աշխարհում ֆինանսական ճգնաժամի և ռուս-վրացական հակամարտության միջև: Առաջինը, ԱՄՆ-ի ֆինանասական ճգնաժամն էր, որը սկիզբ դրեց համաշխարհային ճգնաժամին: Սկզբում թվում էր, թե այն փոքր է, տեղային նշանակության, և կապված է միայն անշարժ գույքի հետ, և կանրադառնա միայն ԱՄՆ-ի վրա: Բայց հիմա մենք տեսնում ենք, որ դրա հետևանքները ահռելի են և լայնածավալ: Այժմ ամբողջ աշխարհն է խոցված, և աշխարհի առաջնորդները մտածում են Բրետոնվուդսյան հաստատությունները վերանայելու մասին:
Եկեք զուգահեռներ անցկացնենք մի կողմից ֆինանսական ճգնաժամերի և ֆինանսական հաստատությունների միջև, մյուս կողմից` աշխարհում առկա անվտանգության հետ կապված ճգնաժամերի և անվտանգությամբ զբաղվող հաստատությունների միջև: Միգուցե մեր անվտանգության հաստատությունները այլևս արդյունավետ չեն, ինչպես, օրինակ, արդյունավետ չեն ֆինանսական հաստատությունները:
Ես ողջունում եմ Բերտելսման հիմնադրամի և Հենրիխ Բյոլլ ինստիտուտի Եվրոպական օրակարգում Հարավային Կովկասի վերաբերյալ ռազմավարության այս փաստաթուղթը: Իմ կոչն է`ավելի հեռուն նայել, և ձևավորել գլոբալ օրակարգ, որը կներառի ոչ միայն Եվրոպան, այլ նաև Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ: Միգուցե, ֆինանսական գագաթնաժողովին զուգահեռ, կարիք կա նաև անվտանգության գագաթնաժողով անցկացնելու:
Եթե հետ նայենք վերջին մի քանի հարյուր տարիների պատմությանը, ապա կտեսնենք, որ աշխարհը ենթարկվել է չորս կամ հինգ հիմնական փոփոխությունների. 1640-ականների Վեստֆալյան հաշտությունից միչև 19-րդ դարի Եվրոպայի համերաշխությունը, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները: Յուրաքանչյուր խոշոր հակամարտությունից հետո առաջացել են նոր հաստատություններ` խոշոր հակամարտությունների հետևանք հանդիսացող նոր իրականության խնդիրներին անդրադառնալու համար: Սառը պատերազմի շրջանը և դրա հետևանքները բացառություն են: Այն հաստատությունները, որոնք կոչված էին վերջ դնել Սառը պատերազմին, վերաձևվեցին հետսառըպատերազմյան շրջանի իրականությանը համապատասխանելու համար: Եվ եթե սա ինչ-որ կերպ հնարավոր էր 15 տարի առաջ, ապա այսօր` նոր ուժերի վերադասավորության, Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի երևան գալու պայմաններում, պահանջվում է նոր մոտեցում այս հաստատությունները վերանայելու և վերաձևավորելու համար:
Ռուսաստան-Վրաստան` առաջին հայացքից փոքր հակամարտության հետևանքը այս իրողության հատկանշական մարմնավորումն է, և աշխարհի առաջնորդները պետք է քաղաքական կամք դրսևորեն այս խնդիրը քննարկելու և դրա լուծումները գտնելու համար:
Անհատական մոտեցումները կարող են էլ ավելի բարդացնել այս լարված իրավիճակը: Ոմանք խոսում են Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագիրը ընդլայնելու մասին, Թուրքիան հանդես եկավ անվտանգության պլատֆորմի գաղափարով, Օբամայի նոր վարչակազմն էլ կարող է ունենալ ամերիկյան լուծման իր տարբերակը: Սրանք ինքնին չեն կարող փոխլրացնող լուծումներ լինել, այլապես մեզ կտանեն տարբեր ուղղություններով: Տարբեր աշխարհամասերից ավելի լավ համակարգման հստակ պահանջ կա, և հիմնական խաղացողները պետք է ընդգծեն տարածաշրջանի յուրահատուկ խնդիրները և դրանք լուծելու ուղիներ որոնեն:
Մենք պետք է ընդունենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, համաձայն ենք մենք դրա հետ թե ոչ, ռուս-վրացական հակամարտության հիմնական շարժառիթն էր: Բոլոր կողմերը պետք է վերանայեն այդ քաղաքականությունը: Սա չի նշանակում, որ դիրքորոշումների պարտադիր փոփոխություն պիտի լինի, կամ` զիջում Ռուսաստանի պահանջներին: Ընդամենը գիտակցելով և ընդունելով փաստը, որ այս խնդիրները լուծման կարիք ունեն, մենք զգալի տարբերություն կմտցնենք այս տարածաշրջանի ապագա անվտանգության ճարտարապետության սահմանման, ծրագրման և մշակման մեջ:
Այսպիսով, հիմնական դասը, որ պետք է քաղել այս հակամարտությունից, առանց անմիջական հետևանքների ազդեցությունը նվազեցնելու, առանց տառապանքը և ֆիզիկական վնասները անտեսելու, հարցը անհրաժեշտ է ընդլայնել և քննարկել ավելի լայն ենթատեքստով, պետք է ճիշտ ընդգծել խնդիրները և դրանց լուծմանը հասնելու հստակ մեխանիզմներ ձևավորել:







