Շրջադարձը նավթային շուկայում վնասաբեր է Ադրբեջանի համար
| Վերլուծություն / Կովկաս |
Հիդրոկարբոնատ արտահանող որոշ երկրներ նավթի գների անկումից ավելի շատ են տուժում, քան մյուս երկրները, ելնելով տնտեսական, իսկ երբեմն նաև` քաղաքական պատճառներից: Ադրբեջանը պատկանում է վերջիններիս շարքին: Գների անկումը տեղի ունենում հենց այն ժամանակ, երբ երկրում արդյունահանումը հասնում է իր առավելագույն սահմանին: Եթե գները շարունակեն նվազել, ապա դա կարող է Բաքվին զրկել նավթային ոսկե դարաշրջանն ապրելու իր հնարավորությունից: Ի տարբերություն նավթ արդյունահանող այլ երկրների` Ադրբեջանը իր նավթի առյուծի բաժինը ստանում է հանքատեղերի մեկ խմբից. խոսքն այն հանքատեղերի մասին է, որոնք պատրաստվում են շահագործման և շահագործվում են AIOC (Ադրբեջանի միջազգային շահագործող ընկերություն) կոնսորցիումի կողմից, այսինքն` Ազերիի, Շիրակի և Խոր Գունեշլիի հանքատեղերը (ACG, ԱՇԳ):
Առկա է այն վտանգը, որ AIOC-ի համար առավելագույն արդյունահանման ժամանակահատվածը կարճ կտևի: Արդյունքում` Ազերիի ամբողջ արդյունահանումն է, որ նվազելու է, քանի որ նրա պրոֆիլը չի կարող հարստացվել մյուս հանքատեղերից կատարվող ներդրումներով, ի տարբերություն մեծ քանակությամբ հանքատեղեր ունեցող երկրների: Երկու տասնամյակ շարունակ ավելի քան մեկ միլիարդ դոլար ծախսած տասնյակից ավելի օտարերկրյա նավթային ընկերությունների (այսօրվա դրությամբ`ExxonMobil-ը ամենավերջինն է) կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքում Արդբեջանում նոր նավթային հանքատեղեր են հայտնագործվել` մի կողմ թողնելով Շահ Դենիզի նավթային հանքատեղը` դրանում գազի պարունակության պատճառով: Այսպիսով, նավթի արդյունահանման գագաթնակետն ակնկալվում է 2010թ., իսկ անկումը AGC-ի համար կարող է սկսվել 2013թ. դրությամբ: Շահ Դենիզի շահագործման 2-րդ փուլից ստացվող խտանյութերի նախատեսված ապահովումը կարող է նպաստել, որպեսզի Ազերիի հեղուկ հիդրոկարբոնատի արդյունահանման անկումը երկարաձգվի մինչև ամենաուշը 2014-15 թվականները: Դրանից հետո կարող են երևան գալ երկու հնարավոր պատճառներ` դանդաղեցնելու արտահանման աճի այս անկումը. ACG-ի EOR ծրագիրը և/կամ Ինամի հանքատեղի սպասարկման մեկնարկը, որը ներկայումս գտնվում է հետազոտման փուլում:
Ադրբեջանն այսօրվա դրությամբ նավթից ստացվող իր եկամուտների մեծ մասն ուղղում է օտարերկրյա ֆիրմաների կողմից ACG-ի և Շահ Դենիզի շահագործման նպատակով կատարված ներդրումների մարմանը: ԱՄՀ-ի վիճակագրության համաձայն 2007թ. Ադրբեջանը ներդրել է 5.2 մլրդ. դոլար օտարերկրյա ընկերությունների նավթային ծախսերը փոխհատուցելու նպատակով, և դրա արդյունքում` զուտ արտահանման եկամուտներին բաժին է ընկել 5.3 մլրդ. դոլար: Երկիրը սկսեց փոխհատուցել անցյալի ներդրումները սկսած 2006 թվականից (տես աղյուսակը): Սակայն այսօր կատարվում են նոր ներդրումներ հանքատեղերը շահագործման պատրաստելու գործում. ACG-ի և Շահ Դենիզի համար 2008թ. նախատեսվել էր 2,5 մլրդ. դոլար այն դեպքում, երբ 2007թ. ծախսվել էր 3,2 մլրդ. դոլար: Այսպիսով, կպահանջվի ևս մի քանի տարի այս գումարները մարելուն ուղղված փոխհատուցումների համար: Սրան գումարվում են նաև շահագործման ծախսերը, որոնք 2008թ. գնահատվել են տարեկան մոտ 750 մլն. դոլարի չափով ACG-ի և Շահ Դենիզի համար և, որոնք այդ տարվա ընթացքում 100 տոկոսով փոխհատուցվել են: Ներդրումների առյուծի բաժինը համընկավ գլոբալ նավթային արդյունաբերության գների աճի հետ 2003-2004թթ. այն դեպքում, երբ գներն ընկնում են հենց այն պահին, երբ Բաքուն պատրաստվում է քաղել արդյունահանման ծավալների աճի պտուղները: Կարճ ասած, ցածր գին ունեցող նավթն օգտագործվելու է մեծ ծախսերով վերամշակված նավթի համար փոխհատուցելու նպատակով:
Նավթի գլոբալ պահանջարկի նվազումը մեկ այլ հիասթափության պատճառ է Բաքվի համար: Հարցը նրանում չէ, որ դժվար է վաճառել անմշակ նավթը. Ո'չ, Ազերիի նավթը բարձր որակի է (թերևս, բացի վերջերս ժամանակավոր թթվայնության հետ կապված մի շարք խնդիրների) և ընդհանուր առմամբ վաճառվում է հարմար թանկ գնով` Բրենտի համեմատ: Խնդիրն ավելի շատ կապված է գլոբալ պահանջարկի անկման հետ, որի հետևանքով ամբողջ աշխարհում առաջացել է արդյունահանման հզորության 5-8 մլն. բ/դ-ի հավելուրդ, որը համաձայն Քեմբրիջի Էներգիայի հետազոտման ընկերակցության աճելու է մինչև 2016 թ.: Այսպիսով, եթե 2006թ. և 2007թ. աշխարհը չէր կարող առանց Ազերիի նավթի (ինչպես նաև` առանց նավթ արդյունահանող որևէ երկրի, որ համարժեք էր կամ ավելի մեծ, քան Ադրբեջանը), ապա այսօր այդ անմշակ նավթն այլևս էական չէ նավթի միջազգային շուկայի համար հավասարակշռություն ապահովելու տեսակետից:
Այս զարգացումների քաղաքական հետևանքները բոլորովին նպաստավոր չեն Ադրբեջանի համար: Բաքուն` որպես նավթ արդյունահանող երկիր մեծ հույսեր էր կապում իր առավելությունների հետ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մեծացներ Հայաստանի հետ իր բանակցային ուժը: Սակայն այժմ այս հաղթաթուղթը թուլանում է, քանի որ Ազերիի նավթի արտահանման երկու հիմնական երկրներից` Վրաստանից և Թուրքիայից տագնապահարույց ահազանգեր են ուղարկվում: Օգոստոսին ռուս-վրացական կարճատև պատերազմին հաջորդող Վրաստանի վատթարացող իրավիճակն առավել մեծ անհանգստության պատճառ է դարձել: Բաքուն հրապարակայնորեն հայտարարություն արեց, որով այն իր զղջումն արտահայտեց հիդրոկարբոնատի բոլոր նոր տարանցիկ խողովակաշարերը Վրաստանի տարածքով անցկացնելու՝ այսպես ասած «բոլոր ձվերը նույն զամբյուղում է դնելու» մոտեցման «փխրունության» համար: Սակայն այժմ, երբ այս ամենն արդեն իրողություն է, Ադրբեջանի կառավարությանն այլ ընտրություն չի մնացել: Այն անում է հնարավոր ամեն ինչ Վրաստանին օգնելու համար: 2008թ. դեկտեմբերի սկզբին Բաքուն երաշխավորեց, որ այն կարող է բավարարել այդ երկրի գազի պահանջարկի 85 տոկոսը` պարտավորվելով նրան մատակարարել տարեկան 900 մլն. խոր.մ գազ զեղչված գնով: Բաքուն Վրաստանում ձեռք է բերել Քուլեվիի նավթային տերմինալը, երկրում բացել է սպասարկող կայաններ, դեպի Թուրքիա տանող Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու կառուցման համար 25 տարվա մարման ժամկետով տվել է 300 մլն. դոլարի վարկ 1 տոկոս տոկոսադրույքով: Միևնույն ժամանակ Բաքուն օգնության ձեռք է մեկնում ազերի փոքրամասնությանը, որն իր բավականին հզոր ներկայացուցչությունն ունի Վրաստանի հյուսիս-արևելյան սահմանային շրջանում (որով անցնում է BTC-ի նավթամուղը)` ցուցաբերելով օժանդակություն սոցիալական, բժշկական և դպրոցական կրթության հարցերում:
Ադրբեջանը սկսում է պրոբլեմներ ունենալ նաև տարածաշրջանում իր ամենահզոր դաշնակցի՝ Թուրքիայի հետ: Վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնի դարձավ, որ այս երկրների միջև առկա են էներգետիկ բնագավառի երեք տարաձայնություններ: Առաջին տարաձայնությունը կապված է գազի գնի հետ, որով Թուրքիան սկսած 2007 թվականից գազ էր գնում Ադրբեջանից (Շահ Դենիզի հանքից): Առաջին տարվա համար պայմանավորվածություն էր ձեռք բերվել 120 դոլար/1000-ի համար գնի շուրջ: Այս պայմանավորվածությունը կատարվեց, չնայած միջազգային շուկայում գների կտրուկ աճին: Սակայն, երբ այդ պայմանավորվածության ժամկետը լրացավ 2008թ. հուլիսին, Ադրբեջանը մերժեց Թուրքայի կողմից առաջարկվող գինը` 150 դոլարի չափով, ասելով, որ Անկարան պետք է վճարի դրա կրկնակին: Երկրորդ խոչընդոտող հանգամանքը վերաբերում է Թուրքիայի կողմից Շահ Դենիզի երկրորդ փուլից սպասվող` Եվրոպա արտահանվելիք գազի մի մասի գնմանը: Անկարան դիմել է տարեկան 8 մլրդ. խորանարդ մետր գազ գնելու համար այն դեպքում, երբ Բաքուն առաջարկում է ընդամենը տարեկան 4 մլրդ խորանարդ մետր: Երրորդ անհամաձայնությունը կապված է տարանցման վճարների հետ, որ Թուրքիան գանձում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղով տեղափոխվող ադրբեջանական նավթի համար: Սկզբում այս թանկ կառույցի (4 մլրդ. դոլար) իրականացումը խրախուսելու համար Թուրքիան համաձայնվել էր գանձել ընդամենը 0.35 դոլար /բ: Սակայն անմշակ նավթի գնի թռիչքով պայմանավորված` նրանք գտան, որ այդ գումարի բարձրացումն արդարացված է: Բաքուն դրա հետ համաձայն չէր` պնդելով որ այն Անկարայի հետ ձեռք էր բերել պայմանավորվածություններ երկարաժամկետ կտրվածքով: Թուրքիան բավականին հզոր բանակցային դիրքերում է: Այս երկիրը ծառայում է ոչ միայն որպես տարանցիկ միջանցք ադրբեջանական երկու խողովակաշարերի համար (BTC-ի նավթամուղը և Շահ Դենիզի գազամուղը), այլև ցանկացած պահի իր հայեցողությամբ կարող է բացել Հայաստանի սահմանը, որն այն փակել էր 1993-ին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Բաքվին աջակցելու նպատակով: Ներկայում Ադրբեջանը տագանապով հետևում է, թե ինչպես են հարաբերությունները զարգանում Հայաստանի և Թուրքիայի միջև: Ճիշտ է` 2008թ. սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի պատմական այցը Հայաստանի մայրաքաղաք կոնկրետ ոչնչի չհանգեցրեց, և Անկարան շարունակում է պահպանել շրջափակումը իր սահմանին, սակայն Թուրքիայում ավելի է մեծանում այն մարդկանց բանակը, որոնք խոսում են այն վերաբացելու մասին: Ավելին, Թուրքիայում նախկինում միատարր հանրային կարծիքն այժմ համակված է հակասական կարծիքներով նույնիսկ այնպիսի գերզգայուն խնդրի շուրջ, ինչպիսին հայկական ցեղասպանությունն է: Այսպես, դեկտեմբերի կեսերին 300 թուրք մտավորականների նախաձեռնությամբ կազմվեց մի խնդրագիր, որը վերնագրված էր «Մենք ներողություն ենք հայցում այն մեծ աղետի համար, որ Թուրքիայի հայերն ապրեցին 1915թ.»: Ավելի քան 27 հազար մարդ ստորագրեց այդ խնդրագրի տակ, և այն դարձավ թեժ քննարկման առարկա Թուրքիայում: Այդ երկրում, որտեղ նույնիսկ ցեղասպանության սոսկ հիշատակումը պատժվում է ազատազրկմամբ, ընդամենը մի քանի ամիս առաջ նման նախաձեռնությունը կլիներ անըմբռնելի: 2009թ. հունվարի սկզբերին Թուրքիայի պետական մեղադրողը հետաքննություն սկսեց` պարզելու, թե արդյոք մտավորականների նախաձեռնությունը խախտում է քրեական օրենսգրքի հայտնի 301-րդ հոդվածը, որով պատիժ է նախատեսվում «Թուրքիայի ազգային ինքնությանն ուղղված անարգանքի» հոդվածով: Վարչապետն արտահայտվել է խնդրագրի դեմ, սակայն Թուրքիայի նախագահիը գտնում է, որ դա ապացուցում է, որ Թուրքիայում իրոք գոյություն ունի խոսքի ազատություն: Բաքուն բավականին մեծ անհանգստությամբ հետևում է այս զարգացումներին:







