Այլընտրանքը որպես խոչընդոտ
| Վերլուծություն / Կովկաս |
Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը փորձելու են առաջընթաց արձանագրել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, որի ռազմական շրջանն ավարտվել է 15 տարի առաջ` վերածվելով ինքնակառավարվող երկարատև հրադադարի:
Բոլորն անհամբերությամբ սպասում են այս հակամարտության կարգավորմանը, որովհետև այն ընկալվում է որպես տարածաշրջանային այլ գործընթացների, ներառյալ` հայ-թուրքական հարաբերությունների և նույնիսկ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ:
Չորս հիմնական գործոն են մշտապես ազդել կարգավորման գործընթացի վրա.
ա. գերտերությունների համաշխարհային և տարածաշրջանային շահերը և նրանց ներկայիս փոխհարաբերությունները,
բ. միջազգային հարաբերություններում գերակայող միտումները, ինչպես դրանք արտացոլված են միջազգային կազմակերպությունների (ինչպես օրինակ` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) օրակարգերում և որոշումներում,
գ. քաղաքական և տնտեսական իրավիճակը հակամարտող երկրներում,
դ. հակամարտող կողմերի դիվանագիտական մոտեցումները, համոզմունքերը և կարգավորման գործընթացը ձևափոխելու ունակությունը:
1992 թ. ի վեր` դիվանագիտական գործունեության ամեն հաջորդ փուլում, այս չորս գործոնները մշտապես զգալի դերակատարում են ունեցել, թեև երբեք այսօրվա նման փոփոխական չեն եղել: Ավելին, դրանք երբեք այսօրինակ անկանխատեսելի, հեղհեղուկ վիճակում չեն եղել: Համաշխարհային և տարածաշրջանային բեմահարթակում գերտերությունների միջև փոխհարաբերությունները զգալի փոփոխությունների են ենթարկվել: Ամենանկատելի փոփոխությունը ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի շահագրգռվածությունն է տարածաշրջանում, ինչը թելադրված է թե ներքին ճնշմամբ, թե հենց վարչակազմի նոր մոտեցումներով:
Բայց այլ համաշխարհային զարգացումները նույնպես զգալի դեր ունեն: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը «վերսկսում» են հարաբերությունները, դեռևս զգացվում են ռուս-վրացական պատերազմի հետևանքները, իսկ Եվրոպան առաջ է քաշում Արևելյան հարևանության նոր ծրագիրը նախկին խորհրդային վեց երկրների, ներառյալ` երեք հարավկովկասյան երկրների համար, ի թիվս այլ խնդիրների, նպատակ ունենալով նաև լուծել այն հակամարտությունները, որոնք սպառնում են Եվրոպայի էներգետիկական անվտանգությանը:
Հատկապես Կոսովոյի ինքնորոշման վերաբերյալ շատ հրապարակային տարաձայնություններից հետո միջազգային կազմակերպությունների շրջանում գոյություն ունեն հակադիր մոտեցումներ: Ռուսաստանը, հակադրվելով Կոսովոյի անկախությանը, որը համարում էր միակողմանիորեն պարտադրված, փորձում է հակակշռել այս ընթացքը: Սակայն, ի վերջո, Ռուսաստանն արեց նույնը` ճանաչելով Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը:
Այլ կերպ ասած` մինչ արևմուտքը և Ռուսաստանը ընտրովի աջակցում են անկախությանը, նրանք շարունակում են խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության մասին: Այս հակասական իրավիճակը, որը հիմնական դերակատարների հակադիր մոտեցումների արդյունք է, կողմերից և միջնորդներից կպահանջի նուրբ դիվանագիտական խուսանավում:
Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներքին իրավիճակները այս դիվանագիտական խաչմերուկներում պակաս կարևոր չեն: Չնայած իր նավթային հարստությանը, Ադրբեջանի տնտեսությունը, ինպես և Հայաստանինը, անկում է ապրում: Քաղաքական տեսանկյունից, թեև երկու երկրներում էլ առերևույթ կայուն իրավիճակ է, երկու կառավարությունից ոչ մեկն էլ չի վայելում ժողովրդի մեծ աջակցությունը, թեև դրա պատճառները տարբեր են:
Սա ինքնաբերաբար հանգեցնում է այն հարցին, թե ինչպես կզարգանա այս «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակը: Ո՞րն է վերջնախաղը, կա՞ արդյոք գործուն քաղաքական լուծում:
Լավագույն այլընտրանքը բանակցված համաձայնությանը
Երեք հնարավոր սցենար կա: Առաջինը ստատուս քվոյի շարունակությունն ու պահպանումն է: Երկրորդը` պատերազմի վերսկսումը և նոր իրավիճակի ստեղծումը: Երրորդ տարբերակը բանակցված լուծումն է: Թեև միջազգային հանրությունը, ներառյալ միջնորդներն ու տարբեր դիտորդները, միանգամից կհերքեն առաջին սցենարը, այն համարելով անընդունելի և անկայուն, այդ սցենարը պետք չէ բացառել: Բազմաթիվ պատմական օրինակներ կան, երբ երեկվա անիրատեսական թվացող այլընտրանքը այսօր դարձել է նախընտրելի իրականություն:
Երկրորդ սցենարը` պատերազմը, դժվար է պատկերացնել: Ոչ միայն ակնհայտ թվացող հանգամանքների, այլև այն պատճառով, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, սա կլինի Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու և «վերջնական լուծման» հասնելու երրորդ փորձը: Այդ պատճառով պատերազմը մեծ ռիսկեր է պարունակում Ադրբեջանի համար, ավելի մեծ` քան հայկական կողմի համար:
Եվ վերջապես կա երրորդ սցենարը` բանակցված լուծումը: Սա ակնհայտորեն ամենանախընտրելին է, բայց սա նշանակում է հանգել մի փաստաթղթի, որը ստորագրեն կողմերը: Նման փաստաթուղթը պետք է ներառի փոխզիջումներ:
Այս բանակցությունները շարունակվում են արդեն 15 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում, հինգ լուրջ առաջարկություն է ներկայացվել, որոնցից չորսը մերժվել են, իսկ մեկը դեռ սեղանին է:
Այլ խոսքով՝ չկա հեշտ լուծում, հատկապես երբ կողմերը ունեն այն, ինչը բանակցողներն անվանում են «լավագույն այլընտրանքը բանակցված համաձայնությանը»: Ադրբեջանի համար նման «այլընտրանք» է պատերազմը: Մեզ համար «այլընտրանք» կարող է լինել այսօրվա ստատուս քվոն:
Սա է նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման համատեքստը: Նրանք անկասկած գիտակցում են, որ իրենց վերջին հանդիպումից ի վեր հիմնական փոփոխությունը վերը նշված չորս գործոններում Միացյալ Նահանգների ճնշումն էր` ուղղված Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը: Նախագահ Բարաք Օբաման արեց ամեն ինչ` այս հարաբերությունները խրախուսելու համար: Նա մտածում էր, որ սրանով կփոխհատուցի ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառից խուսափելը: Այդուհանդերձ ապրիլի 24-ը հաջորդ տարի նորից գալու է, հետևաբար ճնշումը չի անհետացել: Հարաբերությունները դեռևս բարելավման կարիք ունեն:
Բացի այդ, պետք է ասել, որ և Հայաստանը, և Թուրքիան փաստացի ցանկանում են նման առաջընթաց` թեև տարբեր պատճառներով: Ադրբեջանը տեսնում է ակնհայտ իրողությունը, բայց շարունակում է համառել: Միայն առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարող է համադրել այս անհամատեղելի պահանջները:
Սա է երկու նախագահների առաջ ծառացած մարտահրավերը: Երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերն ընդունեն միմյանց նվազագույն ակնկալիքները և ոչ նվազագույն պահանջները: Մինչ այդ կողմերից յուրաքանչյուրը պետք է կարողանա երկրի ներսում հասնել սեփական բանակցային դիրքերի վերաբերյալ բավարար կոնսենսուսի: Սա դեռևս տեղի չի ունեցել:
Խաղաղության հեռանկարները նաև կախված կլինեն այն բանից, թե որքանով ճիշտ մենք կկարողանանք արձագանքել միջազգային հարաբերությունների արագընթաց զարգացումներին, կտրուկ փոփոխվող համաշխարհային միտումներին, ամենատարբեր ներքին քաղաքական և տնտեսական իրողություններին:







